HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» լրագրողը պահանջում է, որ Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրի

Մարտի 1-ին «Հետք» շաբաթաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանը, ընդդեմ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, հայցադիմում է ներկայացրել Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել, փոխհատուցել 1 մլն դրամի չափով, վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը: Հիշեցնենք` «Հետքի» լրագրողը, հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, փետրվարի 2-ին զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին: Սակայն պատգամավորը, լրագրողին անվանելով «տգետ», հեռախոսն անջատել էր: Ի պատասխան Գրիշա Բալասանյանի երկրորդ զանգի, որով վերջինս ցանկացել էր ճշտել իրեն վիրավորելու պատճառը` պատգամավոր Հայրապետյանը, երբ տեղեկացել էր, որ հեռախոսազրույցը ձայնագրվում է, սկսել էր սեռական բնույթի հայհոյանքներ տալ, հետո ավելացրել էր` «լավ արեցի» ու կրկին շարունակել հայհոյել: «Հետքը» դիմել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` միջնորդելով քրեական պատասխանատվության ենթարկել հանրապետական պատգամավորին: Սակայն Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վ. Մկրտչյանը նյութերի նախապատրաստմամբ պարզել է, որ Ռուբեն Հայրապետյանի արարքը «քրեական օրենքով արգելված» չէ: Ուստի, քննիչը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել: Բայց ուշագրավն այն է, որ իր որոշումը հիմնավորելիս քննիչ Մկրտչյանը հղում է արել նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանի բացատրությանը, ըստ որի` «ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ինչպես իր միջոցով, այնպես էլ մամուլի ասուլիսների, հարցազրույցների ժամանակ մշտապես պատասխանել է լրագրողների բանավոր հարցերին` տալով նրանց հետաքրքրող տեղեկություն, երբեւէ չի խոչընդոտել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը»: Ինքը` Ռուբեն Հայրապետյանը, չժխտելով կատարվածը` բացատրություն է տվել, որ այդ օրը եղել է անտրամադիր եւ ունեցել առողջական խնդիրներ, լրագրողի երկրորդ զանգից ուղղակի վրդովվել է ու նրա հասցեին ասել անպատիվ խոսքեր: Լրագրողի պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին հայցապահանջի համար, իբրեւ իրավական հիմքեր, մեջբերվել են ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ ստանձնած միջազգային պայմանագրերի պահանջները, նմանօրինակ գործերի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հիմնավորումները եւ նախադեպային որոշումները: «Դատարանն իր բազում վճիռներով սահմանել է, որ անձնական կյանք հասկացությունը ներառում է անձի ֆիզիկական եւ հոգեբանական անձեռնմխելիությունը: Պետությունները պարտավոր են պաշտպանել անձի ֆիզիկական եւ բարոյական անձեռնմխելիությունն այլ անձանցից,- նշված է հայցադիմումում:- Կասկած չի հարուցում, որ անձի ֆիզիկական անձեռնմխելիության խախտումների գործերով ձեւավորված` ՄԻԵԴ-ի այս դիրքորոշումը վերաբերելի է նաեւ անձի բարոյական անձեռնմխելիության խախտումների դեպքերին: Կասկած չի հարուցում նաեւ այն, որ հայցվորի պատվի եւ արժանապատվության դեմ պատասխանողի կատարած անպարկեշտ ոտնձգությունը հայցվորի բարոյական անձեռնմխելիության, ինչպես նաեւ նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի կոպիտ խախտում է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter