
Տեղական ոչխարի եւ գառան կաշվից մուշտակ կարելու գաղափարը Բավրայի բնակիչ Կորյուն Սումբուլյանի գլխում պատահաբար չի ծնվել` դիտարկումների ու վերլուծությունների արդյունք է: Տարեկան Հայաստանում 320-ից 400 հազար գլուխ ոչխարի մորթ է կատարվում, ու դրանից միայն 120 հազարն է վերամշակման նպատակով արտահանվում հարեւան Թուրքիա ու Իրան: Միայն խորհրդային տարիներին Շիրակի մարզում տարեկան 200 հազար գլուխ ոչխար է ենթարկվել մորթի: Հանրապետությունում անկախացումից ի վեր արված պարզ դիտարկումները ցույց են տվել` ոչ մի դեցի այդ մորթեղենից տեղում արտադրական նպատակներով չի մշակվել:
«Մոտ 200-250 հազար մորթի մենք թափում ենք,- ասում է Կորյուն Սումբուլյանը,- եթե 250-ը բազմապատկենք 40 դեցիով, կստացվի մի ահռելի թիվ: Մի քանի տարում էս հանրապետությունը կարելի է էդ մորթով ծածկել: Այ էդքան մենք թափում ենք, շներին ենք տալիս, փտեցնում ենք: Իսկ մորթված 1անասունի կաշին պահելու համար ընդամենը 1կգ աղ է պահանջվում եւ որոշակի ջերմային ռեժիմ: Դրա համար էլ, երբ ՄԱԿ-ի Զարգացման հիմնադրամը առաջարկեց փոքր արտադրության ծրագիր ներկայացնել, ես տեղական ոչխարի մորթին վերամշակելու եւ դրանից մուշտակներ կարելու առաջարկն արեցի»:

5 տարում մեկ մլն մորթի թափելու փոխարեն հնարավոր էր 5 տարի առաջ այս գաղափարը ներդնել եւ հիմա ունենալ արդեն զարգացած, կայացած արտադրություն, կամ ընդհակառակը` ձախողվել եւ մտածել այլ ծրագրերի ուղղությամբ: Եթե նվազագույն հաշվարկով մեկ մուշտակի վրա ծախսվում է 500 դեցի, ապա կարելի է հաշվել, թե տարեկան ինչքան մուշտակ է թափվում: Այնինչ կարելի էր ունենալ տեղականը, մրցունակը եւ փորձել չներկրել դրսից կամ ներկրել փոքր քանակությամբ:
«Արագ զարգացման համաշխարհային տեմպերին մենք, ցավոք, փորձում ենք սայլով հասնել: Մարդիկ տիեզերանավից իջնում մեքենա են նստում, մենք մեքենայից իջնելով` հայտնվում ենք սելի մեջ: Էս տարիներին ես մի բան եմ հասկացել` մեր Կառավարությունը չի ուզում, որ երկրում արտադրություն զարգանա,- ասում է բավրացի արտադրողը,- ես կարծում եմ, որ Շիրակի մարզի, աղետի գոտու արտադրողներին, փոքր եւ միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողներին պետք է հարկերից ազատեն, որպեսզի այս տարածաշրջանում խթանեն արտադրությունը:
Մարդիկ վաղվա հույս ունենան, չթողնեն ընտանիքներով գնան մի փոր հացի համար: Պիտի մի պարզ բան հասկանալ` գոմով տուն կկառուցես, բայց տնով գոմ չես կառուցի: Ինչ-որ մի բան պիտի ստեղծես, եկամուտ ստանաս, որ մտածես նաեւ զարգացման հեռանկարների մասին»:
Շիրակի մարզի ծայր հյուսիսում գտնվող Բավրա գյուղում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ նույնպես զբաղվում են: Ուղղակի, ինչպես հանրապետության շատ բնակավայրերում, գյուղատնտեսության մեջ արած ներդրումներն իրենց չեն արդարացնում: Սահմանամերձ այս գյուղից էլ կան ընտանիքներով հեռացողներ: Կորյուն Սումբուլյանի կարծիքով` ցանկացած քանակի աշխատատեղի ստեղծումով կանխում ես այդ երեւույթը կամ նվազեցնում: Մարդիկ վաղվա օրվան սկսում են վստահել: Սակայն ինչպես հաճախ է պատահում, պետությունը օգնելու փոխարեն մի բան էլ խանգարում է: ՄԱԿ-ի աջակցության գումարներից, որոնք արտադրությունը ձեւավորելու համար էին տրվել բավրացիներին, պետությունը 13 տոկոս հարկ է գանձել:
«Էն տպավորությունն է, որ միայն մեր վարչապետն է մտածում արտադրության զարգացման մասին, բայց շատ յուրօրինակ ու ոչ արդյունավետ, այլապես 300 մլն դրամ չէր տա «Թամարա ֆրուտին» ցախավել աճեցնելու համար: Ու դա արվեց նախանցած տարի, երբ լացում էին, թե բյուջեում փող չկա: Տվեց, որ Տավուշի մարզում հաղարջ տնկեն: Բարձր լեռնային կլիմայական պայմաններում աճող, ցրտադիմացկուն բույսը ուզում են աճեցնել էդ տաք կլիմա ունեցող մարզում,- տարակուսում է Կորյուն Սումբուլյանը,-որտե՞ղ է տրամաբանությունը: Մոշը դեռ հասկանալի է, բայց ոչ հաղարջը: Եվ հիմա էլ փոխանակ մեզ պարգեւատրեն, որ հերիք չէ էս բնակլիմայական պայմաններում բնակվում ենք այստեղ, չենք հեռանում, հետն էլ փորձում ենք աշխատատեղ ստեղծել, որ մյուսներն էլ մնան, նեղում են հարկահավաքությամբ: ՄԱԿ-ի տված 6 մլն 400 հազարից 13 տոկոս տվել եմ պետությանը, առանց որեւէ մի բան անելու, առանց մի դեցի ծախելու: Դե մեր պետությունը հարկերով ապրող պետություն է, տնտեսություն չունի, չի էլ ուզում ունենալ»:
Բավրայում գործող «Լեջամե» հիմնադրամի այս ծրագիրը 2009-ից է գործում, սակայն փաստացի արտադրանք ու իրացում դեռ չունի: Մեկ տարի միայն արտադրողները ծախսել են ուսումնասիրությունների, մարդկանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու, գյուղացիներին կենդանու կաշին ճիշտ մշակելու տեխնոլոգիան սովորեցնելու, անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու, մասնագետներ ներգրավելու վրա: Արտադրանք սկսել են տալ 2010 թ. նոյեմբերից, սակայն վաճառք դեռ չունեն: Նախ` իրենց տեղը դեռ չգիտեն, հետո էլ կատարելագործվելու խնդիր կա: Մի քիչ էլ, իհարկե, հայկական մոտեցումն է խանգարում` Բավրան ինչ է, որ բավրացու կարածն ինչ լինի: Սակայն սա չի հուսահատեցնում սկսնակ արտադրողներին: Գործը սկսել են, պիտի անեն, պիտակների վրա էլ անպայման նշելու են. «Արտադրված է Բավրայում»:
«Շատ լավ մասնագետ ունենք, որ զբաղվում է մորթու մշակմամբ ու ներկելով, վանաձորցի է, Էդիկ Եղշատյանն աշխատում է «Մեխշուբում» ու համագործակցում է մեզ հետ: Պրոֆեսիոնալ ձեւարար-կարողների ենք փնտրում, որովհետեւ սովորական դերձակը չի կարող մորթի կարել,- պարզաբանում է Կորյուն Սումբուլյանը,- էլի խնդիրներ կան, ու դրանցից ամենամեծը գումարայինն է»:
ՄԱԿ-ի տրամադրած աջակցության գումարները ծախսվել են սարքավորումների ձեռք բերման վրա, իսկ գործը շարունակել է պետք: Բանկերին գումարի խնդրով արտադրողները չեն դիմի: Բարձր տոկոսադրույքները զարգանալու հույսը հենց սկզբից ի չիք են դարձնում: «Կդիմեմ Կառավարությանը,- ասում է բավրացի արտադրողը,- էն օրը 2 ժամ մեր վարչապետը ելույթ էր ունենում ու ասեց, որ եթե իմանա, որ աշխատատեղ է ստեղծվում, արտադրություն է հիմնվում, իրենք կֆինանսավորեն: Ես էս էլ կփորձեմ, կդիմեմ, եթե իրոք մտածում են, պիտի որ ընդառաջեն: Փաստորեն, ես իմ գործունեությամբ նպաստում եմ, որպեսզի էդքան հումքը պետությունից դուրս չգա, չփչանա, չթափեն: Պիտի որ ճիշտ մոտեցում ցուցաբերեն»:
Հիմա դասընթացներ են ուզում անցկացնել ՄԱԿ-ի կամ Գյումրիի Զբաղվածության կենտրոնի աջակցությամբ: Ուզում են վարպետ դերձակների թիվն ավելացնել: Այն, ինչ փորձնական կարել են, շուկայում մրցունակ ապրանք դժվար թե համարվի, կատարելագործվելու խնդիր կա: Իրենց արտադրանքը հետագայում հնարավոր է հետաքրքրի նաեւ բանակին, հատկապես սպիտակ գույնի մուշտակները: «Գինը թանկ չի լինի»,- խոստանում է արտադրողը: Բայց դրա փոխարեն մարդիկ ձեռք կբերեն տաք, հարմարավետ բրդյա իրեր: ««Գնենք մերը». էս կարգախոսով են, չէ՞, առաջնորդվում հիմա մեր երկրում,- հարցնում է Կորյուն Սումբուլյանն ու շարունակում,- դե, ուրեմն, նպաստենք նախ, որ զարգանա մերը, հետո էլ, իհարկե, կգնենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել