
Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի համայնքապետարանի առաջին հարկի սենյակներից մեկը հարմարեցվել է որպես խաղասենյակ: Այստեղ շաբաթվա բոլոր օրերին հավաքվում են գյուղի տղամարդիկ, հատկապես` ավագ սերնդի, եւ նարդի ու թղթախաղ են խաղում:
Մեր այցելության պահին խաղասենյակում մոտ մեկ տասնյակ մարդ կար: Նրանցից մեկը` Գրիգոր Սվարյանը, շտապեց արդարանալ, որ իրենք «թամբալ» չեն, պարզապես կարիքից ելնելով են իրենց օրը դրսում անցկացնում: «Տնից փախնում ենք, որ գազ չվառենք, տակից չենք կարողանում դուրս գալ, ստեղ գազ կա, լավ էլ տաք է: Կինս էլ հարեւանի տանն է, այդպես յոլա ենք գնում, մինչեւ գարունը բացվի, տեսնենք` ինչ ենք անում»,- ասում է Գ. Սվարյանը:
Գրեթե նույն էին կրկնում սենյակում հավաքված մյուս տղամարդիկ` նշելով, որ եթե տուն գնան, ավելորդ խոսակցություն ու կռիվ է լինելու ընտանիքի անդամների միջեւ, քանի որ բոլորն էլ վարկերի տակ են եւ տան չորս պատերի մեջ մնալով` «խելագարվում» են:
Գրեթե բոլոր ակնաշենցիները վարկային պատմություններ ունեն: Վարկեր են վերցնում հիմնականում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից, «Ֆինքա» եւ «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություններից: Գյուղում վարկերի պատճառով արդեն 4 ընտանիք տունը վաճառել եւ հեռացել է գյուղից:
Գյուղամիջում րոպեների ընթացքում մեր շուրջը հավաքվեցին մոտ երկու տասնյակ ակնաշենցիներ եւ սկսեցին դժգոհել երկրում տիրող անարդարությունից, գյուղացիների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունից, թանկացումներից եւ բարձր տոկոսադրույքով գյուղացիներին տրվող վարկերից:

Գյուղացիների գանգատները լսելով` Ակնաշենի նախկին գյուղապետ
Վրեժ Ենոքյանն ասաց, որ այդ ամենի համար իրեն է մեղավոր զգում: «Մեղավոր եմ զգում, որովհետեւ երբ գյուղապետ էի, իմ նախաձեռնությամբ են վարկերը գյուղ մտել:
Բայց այս պայմաններով վարկ տալը հանցագործություն է: Վարչապետը երբ եկել էր մեր գյուղ, ես էլ հարց տվեցի, որ մարդիկ վարկերի դարդից փախնում են երկրից, ո՞նց կարելի է դրսից 4-6%-ով վարկ բերել ու 24%-ով գյուղացու վզին փաթաթել: Տիգրան Սարգսյանն էլ ասաց` չեն կարողանում, թող չվերցնեն: Ո՞նց չվերցնեն, ախր սա ելք չի: 6%-ոց վարկը որ դրսից բերում են, գոնե 10%-ով տան գյուղացուն»,- ասում է Վ. Ենոքյանը:
Նրան ընդհատեց համագյուղացիներից մեկը` ասելով, որ եթե վարկը 24 տոկոսով լիներ, էլի գոհ կլինեին, բայց վերջնահաշվարկի արդյունքում տոկոսադրույքը տատանվում է 33-34%-ի սահմաններում:
Նախկին գյուղապետն էլ է փաստում, որ գյուղացին «թամբալ» չէ, աշխատասեր է, բայց չեն թողում, որ մարդն աշխատի: «Գյուղացին աշխատում է, բայց վերջում էլի սոված է մնում: Մայիսից մինչեւ օգոստոս մարդիկ լոլիկով, բանջարեղենով ապրում են, երեսներին մի քիչ գույն է գալիս, հետո էլի սոված նստում են` մինչեւ գարունը բացվի»,- ավելացնում է Վ. Ենոքյանը:
Նրա կարծիքով` խնդրի լուծման համար «խելքը գլխին» գյուղնախարար է պետք, ոչ թե այնպիսին, որի ձեռքերն ու ոտքերը «կապված» են: Գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար համազգային մտածելակերպ է պետք, քանի որ, ի վերջո, պետք է մտածեն, որ պետությունն առանց գյուղատնտեսության չի կարող զարգանալ: Վրեժ Ենոքյանը կարծում է, որ վարկը գյուղացուն պիտի տան ոչ թե մեկ տարով, այլ երկարաժամկետ:
«Ենթադրենք` մարդը վարկ է վերցրել խաղողի այգի հիմնելու համար: Խաղողի նոր այգին բերքի է լինում 4-5 տարի հետո, բա այդ վարկը ո՞նց է փակելու: Մարդիկ էլ չեն կարողանում վարկը փակել, գործը մտցնում են դատարան: Կամ պիտի տունը ծախեն, կամ էլ ունեցվածքը տան, որ իրանցից պրծնեն: Ի՞նչ է նշանակում, եթե մարդը չի կարողանում վարկը մարել, դատարանն է որոշում, որ 2%-ի փոխարեն 10% պիտի տա: Բա այդպես պետություն լինու՞մ է: Դատավորին հարցնում եմ` դա ի՞նչ է նշանակում, ասում է` Ազգային ժողովն է որոշել: Բայց Ազգային ժողովում պիտի մարդ լինի նստած, որ որոշեն»,- ավելացնում է Վրեժ Ենոքյանը:
Նա 2 տարի առաջ դատարանի հետ գործ է ունեցել եւ պարզել է, որ «պետական մարմիններն աշխատում են ի վնաս հասարակ քաղաքացու»: Վրեժ Ենոքյանն այժմ էլ վարկեր ունի, սակայն արդեն դժվարություններ չունի վարկի գումարը մարելու հարցում. նրա երկու որդիներն էլ մեկնել են արտագնա աշխատանքի:
«Բայց ինչի՞ պիտի իմ որդիները գնան դրսում աշխատեն: Մեծահարուստները վերջապես պիտի հասկանան, որ առանց միջին խավի, առանց գյուղացու անհնար է երկիր պահել: Լավ ասացվածք կա` կովը միանգամից չեն մորթում ուտում, կովը կթելու համար է»,- ավելացնում է Ակնաշենի նախկին գյուղապետը:
Վրեժ Ենոքյանի վարկային ուղին մոտ 10 տարվա պատմություն ունի, սակայն այդպես էլ չի զգացել այն եկամուտները, որ ակնկալել է ամեն անգամ վարկ վերցնելիս: Նա վարկերը վերցրել է բացառապես գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով: Սկզբում ձկնաբուծությամբ է զբաղվել, բայց, իր ասելով, վնասներ է կրել օլիգարխների պատճառով: «Հայաստանում շատ քչերը կային այդ դաշտում, որ ես սկսեցի ձկնաբուծությամբ զբաղվել: 1991-ից եմ սկսել, իշխան էի պահում: Օլիգարխները կարողացան ձուկը դարձնել կերից էժան, սպանեցին փոքր տնտեսություններին ու միայն իրենք մնացին»,- ասում է Վ. Ենոքյանը: 2 տարի է` այլեւս չի զբաղվում ձկնաբուծությամբ, սակայն դեռ մարում է այդ տնտեսության համար վերցրած վարկի գումարները:
«Գյուղացու հերն անիծել է հենց վարկը: Այսօր վարկերը գյուղացուն կործանում են: Օգուտ կտա այն ժամանակ, երբ վարկը տրվի 5-10 տարի ժամանակով եւ 10-12% տոկոսադրույքով»,- եզրափակեց Վ. Սուքիասյանը:

Շատերը վարկային տարատեսակ պատմություններ ունեին, սակայն չէին ցանկանում մանրամասնել` պատճառաբանելով, թե այլեւս սպասելիքներ չունեն եւ հույս չեն կապում իշխանությունների հետ, որ հրապարակումներից հետո դրական տեղաշարժեր լինեն:
Պետության վարած հարկային ու վարկային քաղաքականությունից դժգոհ է նաեւ Ակնաշենի գյուղապետարանի աշխատակիցներից մեկը: Նա ասաց, որ ոչ մեկից «չի վախենում», բայց չի ցանկանում իր անունը հրապարակել. «Մենք հո արաբ ու թուրք չենք, էս երկրի քաղաքացիներ ենք: Մենակ մի բան ենք ուզում` թող նորմալ մարդկանց թիկունքին կանգնեն, մենք աշխատենք, ստեղծենք, համ մեզ պահենք, համ էլ երկրին հարկ ու տուրք տանք»:
1950-ականներին գյուղի հողերի զգալի մասը ճահիճ է եղել, տարիների ընթացքում չորացրել են, դարձրել մշակելի տարածքներ, սակայն հիմա գյուղացիները հրաժարվում են այդ հողերը մշակելուց: Գյուղի 450 հա հողերի մոտ 50%-ը չի մշակվում: Ըստ համայնքապետարանի աշխատակցի` դա վարկային եւ բանկային քաղաքականության հետեւանք է: «Մինչեւ 35% գյուղացուն վարկ են տալիս, բա 35%-ով գյուղատնտեսական վարկ տալ կարելի՞ է»,- հարցնում է նա:
Ակնաշենում գյուղացիները անասնապահությամբ զբաղվելու համար հիմնականում առվույտ են ցանում: Գյուղապետարանի պաշտոնյան ասաց, որ 1 հա-ի հաշվարկով հողից ստացած եկամտաբերությունը տարեկան 15 հազար դրամ է կազմում, այդ իսկ պատճառով գյուղացիները գերադասում են ընդհանրապես հող չմշակել: «Եթե այդ եկամուտը 9 ամսվա վրա բաժանենք, ո՞ր հիմարը կգնա հողի վրա կաշխատի: Ծախսերի մեջ առյուծի բաժինը ջրի գինն է կազմում` 1 խմ-ը` 11 դրամ»,- ասում է նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել