HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Այս տարի էլ գյուղացիները մկների հասցրած վնասները վարկերով կփակեն

Ակնաշենցի Օհան Տերտերյանը աշնանը դաշտից իր աճեցրած սեխն է տուն տարել, որ թոռներն ուտեն: Կտրելու պահին մուկը սեխի միջից դուրս է եկել ու սեղանի վրայով փախել: Օհան պապը սա պատմում է որպես զվարճալի դեպք, բայց ցավով է նշում, որ իրականում գյուղի վիճակը լուրջ է: Նա ասում է, որ մկներն ամբողջությամբ ոչնչացրել են գյուղացիների առվույտը, այգիները եւ բերքը: Ավելին, մկներն այնքան են շատացել, որ դաշտերից տեղափոխվել են նաեւ մարդկանց տները: Արմավիրի մարզի գյուղատնտեսությունն այս տարի էլ մկների պատճառով է վնասներ կրում: Գյուղատնտեսական տարին դեռ չսկսած` գյուղացիները հաշվում են կրած վնասի չափը: Մարզի 90 համայնքներ ենթարկվել են մկների հարձակմանը: Գյուղնախարարությունը որպես պայքարի միջոց մկնդեղ է բաժանել, բայց գյուղացիները դժգոհում են նախարարի ոչ մասնագիտական մոտեցումից եւ Կառավարության անտարբերությունից, ինչի հետեւանքով կրծողները տարածվում են: Մկների գրոհից տուժել են հատկապես Բաղրամյանի եւ Արմավիրի տարածաշրջանի համայնքները: Էջմիածնի հարակից գյուղերը նույնպես վնասներ են կրել: Թեեւ գյուղնախարարությունը մկնդեղ է բաժանել Ակնաշենի բնակիչներին, սակայն կրծողների թիվը չի նվազել: Պատճառը գյուղացիների անտեղյակությունն է. նրանք չգիտեն` ինչպես արդյունավետ պայքարել մկների դեմ: Ակնաշենի նախկին գյուղապետ Վրեժ Ենոքյանն ասաց, որ կրծողների դեմ պետք է պայքարեն մասնագիտացած կազմակերպությունները: Ըստ նրա` գյուղացին պետք է վճարի կազմակերպությանը, որ վերջինս պայքարի մկների դեմ: «Կարո՞ղ է, ասենք, Հոլանդիայում դեղը տանում տալիս են գյուղացիներին: Ամեն հիմնարկություն իր գործը պետք է անի: Այստեղ հացթուխը լվացք է անում, հավաքարարը նախարար է դառնում, բա այդպես էլ պետք է լիներ»,- ավելացնում է Վ. Ենոքյանը: Նախկին գյուղապետը կանխատեսում է, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանում սով է սկսվելու, քանի որ մկները ոչնչացնում են նաեւ հացահատիկի ցանքատարածությունները: Նա այս ամենի մեջ մեղադրում է Կառավարությանը: «Կառավարություն չկա, վարչապետը խելացի է, բայց վախկոտ է: Այսօր գյուղնախարարը խոսում է գյուղատնտեսությունը զարգացնելու մասին, բայց դաշտից եմ գալիս, լրիվ մկան հետքեր են: Բացառվում է, որ գյուղացին որեւէ բան կարողանա անել այս պայմաններում: Բերել 50 գրամ մկան թույն են տվել, այդ թույնը մուկ է սատկացնո՞ւմ»,-հարցնում է Վրեժ Ենոքյանը: «Մկան համար հատուկ մասնագետ է պետք, 85 տարեկան մարդ եմ, չգիտեմ` այդ դեղը ոնց պատրաստեմ, որ մուկն ուտի, սատկի: Հատուկ մասնագետ է պետք, դեղը բաժանեցին` քաշվեցին մի կողմ: Չեն գալիս, չեն պատրաստում, գոնե գան խորհուրդ տան, թե ոնց անենք»,- դժգոհում է ակնաշենցի Օհան Տերտերյանը: Նրա ասելով` Կառավարության բաժանած թունաքիմիկատը չի օգնում, եւ կրծողները թույնն ուտելով` չեն սատկում: Գյուղացիների մի մասն էլ դժգոհում էր, որ թույնը գյուղացիներին բաժանելը ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Գրիգոր Սվարյանն ասում է, որ կյանքը բարդացել է, եւ այդ թույնը կարող է ծառայել նաեւ այլ նպատակների: «Բա որ այդ թույնով հարեւաններն իրար թույնեն, սպանե՞ն: Բա թույնը կտան մարդու ձեռքը ու կքաշվեն մի կո՞ղմ»,- հարցնում է նա: Ակնաշենում մկների ակտիվությունը նկատվել է նախորդ տարի: Շատ գյուղացիներ վախեցել են ու նույնիսկ աշնանացան ցորեն չեն ցանել: «Մեկ հեկտարից 500 կգ ցորեն եմ հավաքել, բայց պիտի ստանայի 4 տոննա: Այդքան ավերեցին մկները»,- ասում է Օ. Տերտերյանը: Նույն վիճակում է նաեւ սահմանամերձ Քարակերտ համայնքը: Գյուղապետ Մհեր Հարթենյանն ասաց, թե մկների դեմ պայքարի միջոցառումները Քարակերտ գյուղում սկսվել են դեկտեմբերից, սակայն ապարդյուն. այստեղ էլ դրանց թիվը մի քանի անգամ ավելացել է: Կառավարությունը 290 հա պտղատու այգիների համար Քարակերտ համայնքին հատկացրել է 38 կգ թունաքիմիկատ: Արդյունք չստանալով` գյուղացիներն իրենց ուժերով են պայքարի միջոցառումներ իրականացրել, հավելյալ թունաքիմիկատ են գնել, սակայն դարձյալ ապարդյուն: Քարակերտում մկները կրծում են նորատունկ ծառերի արմատները, եւ գյուղացիներն արդեն փաստում են, որ վնասված ծառերը գարնանը չորանալու են: Վնասի չափի մասին ինչպես գյուղացիները, այնպես էլ գյուղապետ Մ. Հարթենյանը հստակ ոչինչ չի կարող ասել. «Գարնանը, երբ ծառերը բողբոջեն, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե մկներն ինչ վնաս են հասցրել գյուղին»: Մկների նման գրոհը, գյուղապետի կարծիքով, պայմանավորված է չորությամբ, քանի որ ոռոգման ջուրը թանկ է, գյուղացիները աշնանը լավ չեն ջրել իրենց հողերը, դա էլ նպաստել է մկների բազմացմանը: Քարակերտում եւս այս տարի ցորեն քիչ են ցանել` ընդամենը 10 հա, ինչը նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ պակաս է: Թեեւ քիչ, բայց հացահատիկից բերք ստանալու գյուղացիների հույսը մարել է, քանի որ մկները ոչնչացրել են այդ 10 հա ցորենի ցանքատարածությունները: Մեծ են վնասները նաեւ Բաղրամյան, Հացիկ, Անջյան, Լուկաշեն, Այգեվան գյուղերում: Նշված համայնքների բնակիչների մոտ 70 տոկոսը վարկ ունի եւ չգիտի, թե ինչպես է կատարելու բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները, քանի որ միակ եկամուտը հողից ստացած բերքն է: Հուսադրելու փոխարեն Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը մեղադրում է գյուղացիներին` ասելով, որ վերջիններս չպետք է նստեն ու սպասեն, թե պետությունը կրծողների դեմ պայքարի ինչ միջոցառումներ է իրականացնելու: Ա. Այվազյանն ասում է, որ մեկ հեկտարի հաշվարկով մկների դեմ պայքարն արժե 1500-2000 դրամ, եւ գյուղացիներն իրենք էլ պետք է թունաքիմիկատներ գնեն ու ինքնուրույն պայքարեն: «Արդեն դիմել ենք գյուղնախարարությանը, որպեսզի գարնանը եւս համապատասխան թունաքիմիկատներ հատկացնեն: Մկների նման բազմացումը աննախադեպ էր, քանի որ մինչ այդ նման բան չէր եղել»,- նշում է վարչության պետը: Արթուր Այվազյանի ասելով` շատ հնարավոր է, որ մկները եկած լինեն Թուրքիայից: Նրա տեղեկություններով` սահմանակից Թուրքիայի տարածքում եւս կրծողները շատացել են: Վարչության պետը չի կիսում գյուղացիների այն կարծիքը, թե իրենց խորհրդատվություն չեն տալիս. «Այդ ո՞վ զանգեց մեզ, հետաքրքրվեց, որ մենք էլ տեղեկատվություն չտվեցինք: Բոլոր գյուղապետերի հետ բացատրական աշխատանքներ ենք տարել»,- ավելացրեց Ա. Այվազյանը: Կրած վնասի փոխհատուցման հույս գյուղացիները չունեն: Միակ «ելքը» դարձյալ բանկերի օգնությանը դիմելն է, թեեւ գիտեն, որ հայտնվելու են հերթական վարկային «կարուսելի» մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter