HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Բժշկուհին նախկինում էլ է մեղադրվել կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ

Ինչպես տեղեկացրել ենք, Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան Գայանե Գասպարյանը և «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բժիշկ-նյարդաբան, նույն ընկերության կոնսուլտատիվ հանձնաժողովի նախագահ Ֆիլոմենա Մոսոյանը 2011 թվականի փետրվարի 22-ին ձերբակալվել են կաշառք վերցնելու փաստով: Հարուցվել է քրեական գործ: Փետրվարի 25-ին դատարանը վճռել է բժշկուհիների նկատմամբ խափանման միջոց կիրառել 1-ամսյա կալանքը: Պաշտպանների` կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը դատարանը մերժել է: Պաշտպաններն էլ դատարանի վճիռը բողոքարկել են վերադաս ատյանում և սպասում են պատասխանի: Նրանց կարծիքով` կալանավորման որոշումը անհիմն է, դատարանը «արդեն շաբլոն դարձած» հիմք է բերել. բժշկուհիները կալանավորվել են, որպեսզի չխոչընդոտեն մինչդատավարական վարույթին կամ չդիմեն փախուստի: Գայանե Գասպարյանի պաշտպան Կարեն Թումանյանի կարծիքով` իր պաշտպանյալին կալանքի տակ պահելը ոչ միայն զուրկ է իրավական հիմքից, այլև ոչ բարոյական է այն դեպքում, երբ մարզում բավարար քանակի և որակի բժիշկներ չկան: Փաստաբանը վկայակոչում է քաղաքում շրջանառվող լուրերն այն մասին, որ Գայանե Գասպարյանին կալանավորելուց հետո հիվանդները չգիտեն ում դիմել, մնացել են առանց բուժման: Այնինչ, ըստ մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանի, բնակչության շրջանում նման խոսակցություններ տարածողները շահագրգիռ, հատկապես առողջապահական ոլորտի անձինք են: Ինչպես դատախազն է ասում, Գայանե Գասպարյանից բացի մարզում ուրիշ նյարդաբաններ էլ կան: Իսկ եթե բժշկուհու կալանավորումից հետո քաղաքացիների բժշկական սպասարկման հետ կապված խնդիրներ են առաջացել, դրանով պետք է առողջապահության նախարարությունը զբաղվի: «Պետք չէ ճնշում գործադրել,-ասում է դատախազը,-ընդունենք` Գայանե Գասպարյանը 1 ամսով արձակուրդ է գնացել կամ բացակայում է հանրապետությունից: Ի՞նչ է կատարվում այդ դեպքում. բոլոր նյարդային հիվանդները վատանո՞ւմ են»: Իսկ բնակչության շրջանում նման մթնոլորտի ձևավորումը դատախազը դիտում է որպես ակնհայտ ճնշում նախաքննության նկատմամբ: Ավելին, հավատացնում է, որ տեղեկություններ է ստանում այն մասին, որ դեպքի բացահայտումն ու բժշկուհիների կալանավորումը թոշակավորման ենթակա անձանց շրջանում դրական արձագանք է ստանում: Իսկ պաշտպանների պնդմանը, թե բժշկուհիները ապօրինի են կալանավորված, դատախազը պատասխանում է. «Լոռու մարզում ոչ մի անձ ապօրինի, անհիմն կերպով չի զրկվում ազատությունից: Նույնը վերաբերում է նաև բժշկուհիներին»: Ինչպես փաստաբաններն են փոխանցում, բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանը համագործակցում է նախաքննական մարմնի հետ, ցուցմունքներ է տալիս, բայց չի ընդունում իր մեղքը: Իսկ մյուս բժշկուհին` Գայանե Գասպարյանը, ցուցմունք չի տալիս. օգտվում է լռելու իր սահմանադրական իրավունքից: Ըստ Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանի` բժշկուհիները կաշառք ստանալու պահին են ձերբակալվել: Նրա խոսքով` իրավապահների կողմից իրականացված օպերատիվ միջոցառումներն էլ եղել են դատարանի որոշմամբ: «Քաղաքացին դիմեց, ընթացք ստացավ»,-ասում է դատախազը: Հիշեցնենք, որ կաշառքի վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Արմինե Ասոյանը: Վերջինս իրավապահներին հայտնել է, որ բժշկուհի Ֆիլոմենա Մոսոյանը կեղծ բժշկական փաստաթղթով թոշակավորելու համար իրենից 20 հազար դրամ է պահանջում, Գայանե Գասպարյանի համար էլ` 35 հազար դրամ: Ըստ մեղադրանքի` Արմինե Ասոյանը նշված չափի գումարներով ներկայացել է բժշկուհիներին և ստացել 2-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիայով և մի շարք այլ հիվանդություններով տառապելու մասին կեղծ էպիկրիզ: Բժշկուհի Գայանե Գասպարյանը բժշկական փաստաթուղթ կեղծելու փորձ ունի: Նախկինում կեղծ էպիկրիզ է տրամադրել զինակոչիկի, ինչի համար նա դատապատրվել է, բայց հետո նրա նկատմամբ համաներում է կիրառվել: Ինչ վերաբերում է ջրաշենցի Արմինե Ասոյանին, Ջրաշենի գյուղապետ Վահան Ուռուսյանը նրան բնութագրում է որպես արատավոր վարքի տեր կնոջ: Վերջինս պատմում է, որ Արմինեն շենավանցի է, իրենց գյուղ հարս է եկել: 3 երեխա ունի, բայց նրանց հետ չի ապրում: Ամուսինը վերցրել է երեխաներին ու հեռացել: Գյուղապետի խոսքով` տուն-տեղ էլ չունի: «Ավտոների մեջ ա ապրում» օրական մի պարսիկի մեքենայի մեջ նստած ա»,-ասում է գյուղապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter