
Սահմանամերձ քաղաքում բնակվող ներքին տեղահանվածները բողոքում են իշխանությունների անուշադրությունից: Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածում գտնվող Ճամբարակ քաղաքը հայտնի է իր կղմինդրե կարմիր տանիքներով: 150-200 տարի առաջ փայտից ու կավից կառուցված այս տներում ապրել են Ռուսաստանից Հայաստան աքսորված մոլոկանները` աղանդավոր լինելու պատճառով:
Այսօր մոլոկանների կիսախարխուլ ու քանդված տներում ապրում են Ղարաբաղյան հակամարտության տարիներին` 1992 թվականից Ադրբեջանի վարչական տարածքում գտնվող հայկական Արծվաշեն գյուղից ներքին տեղահանվածները:
Հայաստանի արեւելյան սահմանից 18, իսկ Ճամբարակից` 25 կմ հեռավորության վրա գտնվող Արծվաշենը Հայաստանի միակ գյուղն էր, որ գտնվում էր Ադրբեջանի վարչական տարածքում` Գետաբեկի շրջանում:
1989 թվականին բռնկված Ղարաբաղյան հակամարտության պայմաններում սկսվեցին Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերը, որոնք ձգվել են երեք տարի` մինչեւ 1992-ի օգոստոսի 8-ը, երբ արծվաշենցիներին ընդամենը մեկ ժամ են տվել գյուղից դուրս գալու համար:
Արդեն 20 տարի է` ներքին տեղահանվածները ապրում են Ճամբարակում: Քաղաքի 7300 բնակիչներից 2000-ը արծվաշենցիներ են, սակայն, քանի որ փախստականի կարգավիճակ չունեն, չեն օգտվում նրանց համար սահմանված արտոնություններից:
Շուրջ երկու տասնամյակ է անցել Ղարաբաղյան հակամարտությունից, եւ Ճամբարակում ապրող արծվաշենցիներն այլեւս կորցրել են հայրենի գյուղ վերադառնալու հույսը. ներկայում գյուղը կրում է Բասկանդ ադրբեջանական անունը: Արծվաշենցիները մեղադրում են կառավարությանն իրենց անուշադրության մատնելու եւ պատշաճ բնակարանային պայմաններով իրենց ապահովելու վերաբերյալ խոստումը չկատարելու մեջ:
55-ամյա Բենիամին Կիրակոսյանն իր տունը գնել է մոլոկան Աֆոնյա Իվան Իվանովիչից: Փողոցը, որտեղ ապրում է Բենիամինի 5 հոգանոց ընտանիքը, վաղուց վերանվանվել է Գարեգին Նժդեհ, սակայն նրա տան պատին դեռևս պահպանվում է խորհրդային ցուցանակը`Լենինի պողոտա:
Բենիամինը ցույց է տալիս իր տան փայտե հատակի վրա բացված մեծ-մեծ անցքերը եւ ասում, որ զգուշանում են մեջը ընկնելուց: Հիմա նա փորձում է վերանորոգել տան սենյակներից գոնե մեկը.
«Ուզում եմ, որ էս պատերն էլ չտեսնենք, մի ամիս ա բզզում եմ: Փող էլ չկա, ինչ որ ձեռքս ընկնում է հավայի մավայի մատերիալով անում եմ, որ մի քիչ ույուտ լինի, որ մի կերպ յոլա գնանք»:
«Բախտս բերել ա, որ իմ տան կեսը փայտից ա կառուցված, թե չէ մյուսները հիմնականում սպիտակ կավից են, իսկ նման տներում անտանելի ցուրտ է լինում», - ասում է զինվորական թոշակառու Բենիամինը:
Բենիամինի համագյուղացիները բողոքում են, որ կառավարությունը հրաժարվում է օգնություն տրամադրել իրենց` նոր բնակարաններ գնելու կամ իրենց տները վերանորոգելու համար:
Ճամբարակում ապրող արծվաշենցիները կարծում են, որ ներքին տեղահանվածների կարգավիճակը ոչնչով չպետք է տարբերվեր փախստականների կարգավիճակից, որովհետեւ իրենց կրած նյութական վնասները հավասարաչափ են:
Ի տարբերություն փախստականների` նրանց կոչում են ներքին տեղահանվածներ, որովհետեւ հայկական հողից տեղափոխվել են մեկ այլ հայկական հող:
1993-1998 թվականներին արծվաշենցիներին օգնելու համար Հայաստանի կառավարությունը 447 ընտանիքների արտոնյալ երկարաժամկետ վարկեր է տրամադրել բնակելի տների գնման կամ վերանորոգման համար: 447 ընտանիքներից 381-ը ձեռք են բերել մոլոկանների`1900-1910 թվականներին կառուցված խարխլված եւ վերանորոգման կարիք ունեցող փայտաշեն ու կավաշեն տները:
«Մոլոկանների մաշված 480 տները, որտեղ ապրում են այս մարդիկ, գնահատվել են վթարային: Մեր առաջնային խնդիրը բնակիչներին օթեւանով ապահովելն է», - նշում է Ճամբարակի քաղաքապետ, արծվաշենցի Յուրա Ավալյանը:
2010-ի նոյեմբերին կառավարությունը, վերջապես, հավանության է արժանացրել «Ռազմական գործողությունների հետեւանքով 1992-ի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգը»:
1992 թվականից Ճամբարակում գործող «Արծվաշեն» համայնքը փորձում է լուծել արծվաշենցիների հոգսերը` հատկապես բնակարանային:
Համայնքի նախագահ Մամիկոն Խեչոյանը նշում է, որ ծրագրի արժեքը կազմում է 6-10 մլրդ դրամ (մոտ 17-28 մլն դոլար), ընդ որում, յուրաքանչյուր ընտանիքին կհատկացվի 15-17 մլն դրամ (մոտ 42-47 000 դոլար):
Ծրագիրը կլուծի 633 ընտանիքների տների հարցը, իսկ 300 հաջողակ ընտանիք մարտին կստանա առաջին գումարը:
Ծրագրի կատարման վերջնաժամկետը մոտենում է, սակայն իշխանությունները պնդում են, որ ներքին տեղահանվածների ընտանիքներին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը դեռեւս անորոշ է:
«Ներկայում հայեցակարգը վերանայման փուլում է գտնվում: Անհրաժեշտ է տեսնել այս ընտանիքների կողմից զբաղեցվող տները եւ որոշել այդ շինությունների ավերվածության աստիճանը: Վթարային ճանաչված տների փոխարեն նոր բնակարաններ կկառուցվեն», - ասում է քաղաքաշինության նախարարության մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը:
Սակայն արծվաշենցիներին այս նորությունը այնքան էլ չի ոգեւորում:
«Քանի տարի է` էդ բանը լսում ենք, ասում են` մարտին, հետո` չէ, մայիսին, հետո էլ` հաջորդ տարվա ապրիլին, ու այսպես տարիները անցնում են», - ասում է Ճամբարակի բնակիչ Ժորա Մուժիկյանը:
Բացի բնակարանային խնդիրներից, արծվաշենցիների ու ճամբարակցիների մյուս խնդիրները միանման են:
Ճամբարակի քաղաքապետ Ավալյանն ասում է, որ հիմնական խնդիրը մարդկանց աշխատանքով ապահովելն է: Քաղաքում մարդիկ զբաղվում են հիմնականում անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ:
«Գյուղատնտեսությունն իրեն չի արդարացնում, հողերն անջրդի են: Գործարարները ներդրումներ չեն անում` տարածաշրջանը համարելով ռիսկային: Սահմանային գոտի ենք կոչվում, առանց որոշակի արտոնությունների: Մինչեւ պետությունը մեզ աջակից չլինի, որոշակի խնդիրներ չլուծի, տեղական իշխանության մակարդակով մենք ոչինչ անել չենք կարող», - ասում է քաղաքապետը:
Գայանե Մկրտչյան, Կովկաս
12-ը փետրվարի, 2011թ.
Գայանե Մկրտչյանը «ArmeniaNow» ինտերնետային պարբերականի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել