Ֆինանսների նախարարությունը սկսել է անտոկոս վարկեր տրամադրել
ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ սկսել է ՀՀ քաղաքացիներին տրամադրել բյուջետային անտոկոս վարկեր` ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումներին աջակցելու նպատակով: Այսօր` մարտի 3-ին, վարկային պայմանագիր կնքելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն է դիմել մոտ 47 քաղաքացի, որից 21 քաղաքացիների հետ կնքվել են պայմանագրեր:
Նախարարություն դիմած մոտ 20 քաղաքացիներ էլ իրենց մեքենաները պետք է հանեն Վրաստանում հաշվառումից և ներմուծեն Հայաստան` ազատ շրջանառության ռեժիմով, իսկ 6 քաղաքացիներ չէին ներկայացրել մաքսային տեղեկանքը: Քաղաքացիներին վարկերը տրամադրվում են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: Ընդհանուր առմամբ վարկային պայմանագրի կնքման առավելագույն տևողությունը 30 րոպե է:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում վարկեր կարող են ստանալ 2005 թվականից վաղ թողարկման տարեթվով, 5 մլն ՀՀ դրամից ցածր մաքսային արժեքով մինչև 10 տեղանոց մարդատար տրանսպորտային միջոց(ներ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած ֆիզիկական անձինք:
Նշենք նաև, որ Երևան քաղաքի բնակիչները վարկային պայմանագիր կնքելու նպատակով մինչև 2011 թվականի մարտի 25-ը ներառյալ պետք է դիմեն ՀՀ ֆինանսների նախարարություն, իսկ մարզի բնակիչները` համապատասխան մարզպետարան: Քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագրի, սոցիալական քարտի (սոցիալական քարտ չունենալու դեպքում` տեղեկանք այդ մասին) պատճենը և
ա) 2011 թվականի հունվարի 26-ից հետո տրանսպորտային միջոցի վերաարտահանման մաքսային հայտարարագրի և իր անվամբ ՀՀ տարածք ներմուծելու փոխադրման ամփոփագրի պատճենները,
բ) տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկանք, տրված մարզի բնակչին` մարզպետարանի, իսկ Երևան քաղաքի բնակչին` Մաքսատան կողմից:
Մաքսային արժեքի շեմին ներմուծվելիք կամ ներմուծված տրանսպորտային միջոցի բավարարումը պարզելու նպատակով` մարզի բնակիչը տրանսպորտային միջոցի բնութագրող և նույնականացման տվալները ներկայացնում է իր բնակության վայրի մարզպետարան, Երևան քաղաքի բնակիչը` մաքսատուն:
Մարզպետարանն անձից ստացած տվյալները ներկայացում է վերադաս մաքսային մարմին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում մարզպետարանին է ներկայացնում տվյալ տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի հիման վրա մարզպետարանը ներմուծողին գրավոր հայտնում է նախնական մաքսային արժեքը:
Երևան քաղաքի բնակիչ ներմուծողին Մաքսատունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք ներկայացված տրանսպորտային միջոցի նախնական մաքսային արժեքի մասին: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել