HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպում է սեմինար՝ բուհերում հակակոռուպցիոն ռազմավարությունների թեմայով

Այսօր Երևանում մեկնարկել է բուհերում հակակոռուպցիոն ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի իրականացման մեխանիզմները քննարկելու եռօրյա աշխատաժողով:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված ուսուցման դասընթացին մասնակցում են նախարարության ղեկավար պաշտոնյաների, համալսարանների աշխատակազմի և ուսանողական խորհուրդների 50 ներկայացուցիչներ, որոնք իրենց կարծիքներն են փոխանակում հակակոռուպցիոն ռազմավարությունների մասին:

«Կրթական համակարգում կոռուպցիան բացասական ազդեցություն ունի կրթության որակի վրա` ուսանողներին զրկելով մարդու հիմնարար իրավունքից», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան: «Այս դասընթացը գործնական հետևությունն է Նախարարության կողմից այս տարի ավելի վաղ ձեռնարկված նախաձեռնության, որի համաձայն բուհերը պետք է կազմեին իրենց հակակոռուպցիոն ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը,: Այն կօգնի խոսքերը փոխարինել գործով` հասնելու շոշափելի արդյունքների: Հուսով եմ, որ մյուս նախարարությունները կհետևեն այս լավ օրինակին», - ասաց: 

«Կրթության որակի և չափանիշների բարձրացումը մեզ համար առաջնային խնդիր է, քանի որ կրթությունը մարդկանց տալիս է ավելի լայն հնարավորություններ կյանքում», ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Որքանով ցածր է կրթության մակարդակը, այնքանով բարձր են կոռուպցիոն ռիսկերը: Կամ մենք պետք է սկսենք այսօր կոռուպցիայի դեմ պայքարը, կամ էլ` այն մեզ կկործանի: Այս պատճառներից ելնելով է, որ մենք նախաձեռնել ենք այս գործընթացը և վճռական ենք ստեղծելու անհրաժեշտ մեխանիզմներն ու կարողությունները, որպեսզի համալսարանները արդյունավետ ներդնեն իրենց հակակոռուպցիոն ռազմավարությունները»: 

Սեմինարի ընթացքում Սերբիայից և Մալթայից հրավիրված երկու փորձագետները կներկայացնեն իրենց տեսակետները համալսարաններում մշակված հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ և կկիսեն իրենց փորձը այս ոլորտում: Մասնակիցները նաև կքննարկեն եվրոպական բարձրագույն կրթության ընթացիկ միտումները, հակակոռուպցիոն քարոզչության տեսակները և ուսանողների մասնակցությունը, ինչպես նաև վերահսկման գործիքները, չափանիշները, կանոնակարգերն ու էթիկայի կանոնները:

«Ներկայացված հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերը ցույց են տալիս, որ համալսարանների ղեկավարությունը քաջ գիտակցում է այս խնդիրը և պատրաստակամ է դրան հակազդելու: Այս ուսուցողական սեմինարը հնարավորություն  է այդ բոլոր բարձրագույն կրթության հաստատությունների համար համեմատելու իրենց փորձը և քննարկելու հետագա հակակոռուպցիոն քայլերը, որպեսզի մշակվի համընդհանուր գործողությունների ծրագիր: Այս մոտեցումը կաջակցի Բոլոնիայի գործընթացի չափանիշների կատարմանը, հավասար մոտեցման և բարձրագույն կրթության մասին օրենքի սկզբունքների իրագործմանը»,- հավելեց Սերբիայից ԵԱՀԿ փորձագետ Իգոր Պուցարևիչը:

Այս սեմինարը գրասենյակի ջանքերի մի մասն է, որն ուղղված է խթանելու կոռուպցիայի դեմ պայքարը բարձրագույն կրթական համակարգում: Այն նաև ներառում է հակակոռուպցիոն ուսանողական աշխատանքային խմբի հիմնադրումը 2009թ., որի նպատակն է բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը և կազմակերպել կոռուպցիայի վերաբերյալ քննարկումներ բուհերում: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի շառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter