
«Որպեսզի մենք վայելենք մեր քաղաքացիների վստահությունը, ընդամենը պետք է, որպեսզի մեր նախարարներն անկաշկանդ, համարձակ ձեւով ներկայացնեն այն ծրագրերը, որոնք կառավարությունն իրականացնում է»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«ՉԻ» - Այ քեզ ուրախություն: Բանից պարզվում է` կառավարությունն ինչ-որ ծրագրեր է իրականացնում, պարզապես նախարարները մոռանում են այդ ծրագրերը ներկայացնել քաղաքացիներին: Քաղաքացիներն էլ այնքան բութ ու անհասկացող են, որ կառավարության մասին պատկերացում են կազմում միայն իրենց աչքով տեսածի հիման վրա:
Այ, եթե նախարարները «անկաշկանդ, համարձակ ձեւով» մարդկանց բացատրեն, որ Հայաստանում ամեն ինչ թանկանում է, որպեսզի մարդկանց կենսամակարդակը բարձրանա, գարնանացանից առաջ դաշտերն օրհնում են, որպեսզի ինովացիոն տեխնոլոգիաները զարգանան, փողոցային առեւտուրն արգելվում է, որպեսզի գործազուրկ առեւտրականները գնան Գյումրի եւ «Բոինգ» արտադրեն, ամեն ինչ տեղը կընկնի:
Հուսով ենք` նախարարները կհետեւեն վարչապետի խորհրդին եւ կներկայացնեն իրենց ծրագրերը: Վերջին հաշվով, ինչո՞ւ պետք է մարդիկ միայն վարչապետին հայհոյեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել