Պատգամավորները գիտեն, որ 24% տոկոսադրույքով վարկը կործանում է գյուղացուն, բայց...
2010 թ. ընթացքում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» տրամադրել է թվով 108 հազար 289 հատ վարկ, որից 90 հազ. 988-ը` մարզերում: Մարզերում տրված վարկերի 57 տոկոսը (թվով 51.719 վարկեր) զուտ գյուղատնտեսական նպատակներով տրված վարկեր են: Այս տվյալները «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը տեղեկանքով տրամադրել է Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովին:
«Կարեւորում ենք նաեւ գյուղական համայնքներում տրամադրված սպառողական բնույթի վարկերը, որոնց մեծ մասը նույնպես ուղղվում է գյուղատնտեսական խնդիրների լուծմանը: Այսպիսով, մարզերում տրված վարկերի ավելի քան 84 տոկոսը ծառայել է գյուղատնտեսության զարգացմանը»,- նշված է տեղեկանքում:
Ամենից շատ վարկեր վերցրել են Արմավիրի եւ Արարատի մարզերի գյուղացիները, ապա` Արագածոտնի, Կոտայքի եւ Շիրակի:
Բանկը համարում է, որ վարկավորման մեծ ծավալները զգալի խթանող ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսության, մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտի զարգացման վրա:
Նշենք, որ «Հետքը» ամիսներ շարունակ անդրադարձել է գյուղատնտեսական վարկերի խնդրին: Այդ ընթացքում չենք գտել գեթ մեկ գյուղացի, ով գոհ էր թե վարկավորման տոկոսադրույքից, թե վարկի գումարից, թե տրամադրման ժամկետից: Գյուղացիները հատկապես դժգոհում են հենց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից, քանի որ գյուղերում հիմնական վարկավորողն է, տարեկան` 15-24% տոկոսադրույքով:
Ազգային ժողովի պատգամավորներից հետաքրքրվեցինք` արդյոք մինչեւ 24% տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկերն արդարացվա՞ծ են, քանի որ շատ վարկառու գյուղացիներ արդեն հայտնվել են դատարաններում, նրանց մի մասը զրկվել է սեփական տնից, հողամասից եւ այլ գույքից:
Ստյոպա Սաֆարյան, «Ժառանգություն» խմբակցություն
«Հետքի» վարկային հրապարակումներից հետո գյուղատնտեսական վարկերի խնդիրը մի քանի անգամ բարձրացրել եմ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ: Խնդիրը բարձրացրել եմ նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի առջեւ: Մարդիկ վերցրել են վարկեր, տարերային աղետները մի կողմից, հետո էլ բարձր տոկոսադրույքներն ուղղակի անհնար են դարձրել վարկերի մարումը:
Օրինակ եմ բերել Ռուսաստանի փորձը եւ առաջարկել եմ ժամանակավորապես սառեցնել տոկոսադրույքները: Ազգային ժողովը մի քանի անգամ վավերացրել է, եւ բոլորս էլ գիտենք, որ այդ վարկերը ցածր տոկոսադրույքով միջազգային կազմակերպություններից ստացած վարկեր են, բայց չգիտես ինչու` Կենտրոնական բանկի թեթեւ ձեռքով այդ գումարները հայտնվում են առեւտրային բանկերի ձեռքում, վերջիններս էլ գյուղացիներին վարկավորում են աստղաբաշխական տոկոսադրույքներով: Միջազգային կազմակերպություններից Հայաստանի ստացած վարկերը ոչ միայն ցածր տոկոսադրույքով են, այլեւ երկարաժամկետ եւ երբեմն նաեւ` արտոնյալ պայմաններով:
Կառավարությունը պարտավոր է օգնել խնդիրների մեջ հայտնված վարկառու ընտանիքներին: Ցավոք սրտի, Կառավարության պատասխանը բացասական է: Այն ժամանակ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը բացառեց, որ այս հարցում Կառավարությունը զիջումների կգնա:
Բացարձակ արդարացված չէ, որ բանկերը գյուղացիներին վարկ են տալիս տարեկան 24% տոկոսադրույքով: Հանձնաժողովներում, երբ ամեն անգամ քննարկել ենք միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի հարցը, միշտ ասել եմ, որ եթե պետությունը այսպիսի պայմաններով է վարկ ստանում (երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով եւ երկարաժամկետ), ինչու՞ են առեւտրային բանկերն այդպիսի բարձր տոկոսադրույքներով վարկեր տրամադրում գյուղացիներին: Հայաստանը միջազգայիններից վարկեր ստանում է 2-5 տոկոսով, ես չեմ հիշում մի դեպք, որ նույնիսկ այդ վարկի տոկոսադրույքը 10-ի հասնի:
Սկզբնական շրջանում Կառավարությունից փորձում էին հերքել, թե նման բան կա: Անգամ հայտարարում էին, որ գյուղացիներին տրվող վարկի տոկոսադրույքը տարեկան 14-16% է, բայց երբ կոնկրետ փաստեր ներկայացվեցին, ուղղակի խոստովանեցին, որ մասնավոր բանկերի ռիսկը շատ մեծ է եւ դրա համար սահմանում են բարձր տոկոսադրույքներ:
Բոլորս էլ գիտենք, որ բանկերում գրավադրված գույքը գնահատվում է բավականին ցածր գնով, եւ իսկապես բանկերը քաղաքացիներին վարկեր տրամադրելիս պարտադրում են այնպիսի պայմաններ, որ եթե անգամ քաղաքացին վարկը չվերադարձնի, բանկը դրանից վնասներ չի կրում: Ստացվում է այնպես, որ որեւէ մեկը չի տուժում` բացի քաղաքացիներից: Բանկերի համար ստեղծվել են «ջերմոցային» պայմաններ, եւ քաղաքացիների հաշվին այնքան մեծ են ապահովագրել իրենց ռիսկերը, որ գերագույն պաշտպանվածություն են վայելում:
Դեմ չեմ, որ այդպիսի «ջերմոցային» պայմաններ են ստեղծել բանկերի համար, բայց նախ եւ առաջ այդպիսի պայմաններ պիտի ստեղծվեն քաղաքացիների համար:
Կառավարությունը լավ գիտի, որ բանկերը հարստահարում եւ սննկացնում են վարկառու գյուղացիներին: Այս հարցը մենք միշտ օրակարգում ենք պահել, եւ եթե նույնիսկ Կառավարությունում «Հետք» չեն կարդում, ապա մենք պարբերաբար հիշեցնում ենք նրանց:
Հակոբ Հակոբյան, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցություն
Բոլորը առերեւույթ խոսում են, որ դժվար է, տուն ու հող են վաճառում եւ այլն, բայց այդ բոլորը իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ որպես հանձնաժողովի նախագահ փորձեցի թվերով ծանոթանալ խնդրին: 2007-2010 թթ. գյուղատնտեսական նշանակության վարկերի թվերը գումարային առումով աճել են: Վարկ վերցնողների թիվն էլ է աճել: Եթե դուք ասում եք, որ գյուղացիները վաճառում են իրենց տներն ու հողերը, ես ասում եմ, որ դա այդպես չի:
Շուրջ 970 մարդկանց մոտ է դժվարություն ստեղծվել վարկը մարելու համար: Սա կազմում է ընդհանուր վարկառուների 0.3%-ը: Խնդրի շուրջ զանգվածային լրատվամիջոցների եւ քաղաքական հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Վարկերը գտնվում են 15-24%-ի սահմանում` նայած ռիսկայնության: Արդյոք սա բա՞րձր է, այո բարձր է: Մենք պետք է գտնենք ֆինանսական միջոցներ գյուղատնտեսական տնտեսություններին էժան, կարծում եմ` մինչեւ 10%-ով վարկ տրամադրելու համար: Կառավարությունը մշակում է ծրագիր, որով գյուղատնտեսությանը նման վարկեր կտրամադրվեն, որպեսզի արտադրությունը զարգացնեն:
Ինչու՞ այսօր պետական բյուջեից ուղիղ վարկավորման ձեւով վարկ չենք տալիս գյուղատնտեսական տնտեսություններին, որովհետեւ առաջինը պետք է գտնենք վարկը վերադարձնելու մեխանիզմ, նոր միայն վարկավորենք: Մենք հիմա պետական բյուջեից բռնադատվածների հետ կապված վարկեր ենք հատկացրել 1% տոկոսադրույքով եւ 20 տարի մարման ժամկետով, եւ այդ վարկը հետ չի վերադառնում:
Այսինքն` վարկի հետ վերադարձնելը կապված է ոչ թե վարկի տոկոսադրույքի, այլ գումարների նպատակային եւ ճիշտ օգտագործման հետ: Դուք ասում եք, որ 24%-ով վարկերը գյուղացիները չեն կարողանում հետ վերադարձնել, ես էլ ասում եմ, որ 1%-ով տրված վարկն էլ չենք կարողանում հետ բերել: Մարդկանց հոգեբանությունն այն չէ, որ վերցնեն եւ հետ չտան: Դուք էլ ինձ չասեք, որ տոկոսադրույքը նշանակություն ունի մարման համար:
Ինչ վերաբերում է էժան վարկերին, այո` պետությունը վերցնում է էժան վարկեր, բայց պետությունը վարկեր վերցնում է իր նպատակային ծրագրերն իրագործելու համար, օրինակ` ոռոգման համակարգերը վերանորոգելու համար եւ այլն: Պետությունը վարկը փոխանցում է համապատասխան ոլորտի իրավական սուբյեկտներին, եւ նրանք վարկը հետ են վերադարձնում: Գյուղացիներին առայժմ վարկ տրամադրվում է միայն առեւտրային բանկերի միջոցով:
Մենք մինչեւ չսովորենք պետբյուջեից տրամադրված վարկային միջոցները հետ վերադարձնելու գործընթացը, ես կարծում եմ` ճիշտ չի վարկ տրամադրելը: Այո, մենք կարող ենք պետական բյուջեի միջոցների հաշվին վարկավորել գյուղատնտեսությունը, բայց մինչ այդ հետ վերադարձնելու հստակ մեխանիզմներ են անհրաժեշտ: Դուք միանգամից 20 տարեկան չեք ծնվել, ցանկացած պետություն աստիճանաբար է մշակում մեխանիզմները:
Մենք շուկա չունենք, սահման չունենք: Խնդիրը կարգավորելու համար պետք է սահման բացել եւ աշխարհի երկրների հետ ազատ առեւտրային գոտի ունենալ:
Խաչիկ Հարությունյան, Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ խմբակցություն
24%-ով գյուղացիներին տրվող վարկը շատ վատ վիճակի մեջ է նրանց դնում: Այս հարցի շուրջ խոսել եմ Կենտրոնական բանկի նախագահի հետ եւ եկել ենք այն եզրակացության, որ, իսկապես, ոչ միայն 24, այլեւ 10-15%-ից սկսած բարձր վարկը գյուղացիների համար լրացուցիչ բարդություններ է ստեղծում: Մարդն ուղղակի ի վիճակի չէ այլ տեղերից գումարներ հայթայթել, բանկերն էլ բարձր տոկոսադրույքով վարկեր են տալիս, մարդիկ ստիպված ակտիվ վերցնում են: Բայց վարկային նոր ծրագրեր կան, որոնց շնորհիվ առաջիկայում բավականին ցածր տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն գյուղացիներին:
Արդեն պայմանավորվածություններ կան միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Այսօր բանկերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան` եւ հատկացումների, եւ ընթացակարգերի առումով: Այս հարցն առաջիկայում մեր հանձնաժողովում քննարկման առարկա է դառնալու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել