
Դիլիջան քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորությամբ գործում է հանքային ջրերի «Դիլիջան» գործարանը: Թբիլիսիում հրատարակվող «Բուժական Կովկաս» ամսագրի 1915 թ. դեկտեմբերի համարում Դիլիջանի հանքային ջրերի մասին երկու ծավալուն հոդված կա: Ամսագիրը տեղեկացրել է, որ Բլդան ձորի հանքային ջուրն օգտագործվել է Դիլիջանի զինվորական հիվանդանոցում:
Հանքային ջուրը Բլդանից հիվանդանոց է բերվել տակառներով: Հիվանդանոցի բժիշկը ջուրը հիվանդների համար որպես բուժամիջոց դուրս գրելով` այն անվանել է «Դիլիջանկի»:
Ինչպես տեղեկացնում է Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» թերթը, ճահճային վիճակում գտնվող հանքաղբյուրի օգտագործման համար առաջին անգամ նախագիծ է կազմվել եւ գումարներ են տրամադրվել 1925-1926 թթ.:
1947 թ. ամռանը Բլդան գետի փոքրիկ հովտում, մայրուղուց 2 կմ հեռավորությամբ, սկսվել է հանքային ջրի գործարան տանող ճանապարհի կառուցումը: Երկու տարի անց գործարանը տվել է առաջին արտադրանքը` տարեկան 2.5-3 մլն շիշ «Դիլիջան» հանքային ջուր:
Հետագայում ձեռնարկությունը տարեկան արտադրում էր մոտ 20 մլն շիշ, որը սպառվում էր ոչ միայն Հայաստանում, այլեւ Խորհրդային Միության մյուս հանրապետություններում:
2006-2009 թթ. գործարանը չէր աշխատում, վերակառուցման փուլում էր: 2006-ին «Դիլիջան» հանքային ջրերի գործարանի սեփականատերերի թվում հայտնվեց հայտնի գործարար, «Հրազդան» մարզադաշտի եւ «Դար 21» հեռուստաընկերության սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի որդին` Արամը:
«Դիլիջան» ՍՊԸ գործադիր տնօրեն Աշոտ Չիլինգարյանից տեղեկացանք, որ ներկայումս գործարանի սեփականատերերը երեքն են` գործարանի նախկին տնօրեն Ժորա Սագարյանը, վերջինիս` Երեւանում բնակվող, ամուսնացած դուստրը` Լիանան, եւ Արամ Աղաբաբյանը:
Նրանցից ոչ մեկը չի տնօրինում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Աշոտ Չիլինգարյանի հետ շրջեցինք վերակառուցված, արդիականացված գործարանում: Նա ներկայացրեց կատարված ներդրումները` արտադրական հին մասնաշենքը վերակառուցվել է, էլեկտրականության, ջրի կոմունիկացիաներ են անցկացվել, կառուցվել են նոր մասնաշենքեր, հանքաղբյուրի ակունքի նոր շենք:

Չեխիայից բերվել է նոր հոսքագիծ, որի սարքավորումները գերմանական, ֆրանսիական եւ իտալական արտադրության են:
«Դիլիջան» ՍՊԸ-ն օգտագործում է ակունքում վայրկյանում 5.4 լ թողունակությամբ աղբյուրի ջուր եւ վայրկյանում 0.8 լ թողունակությամբ հանքային ջուր: Հանքային ջուրը մղվում է 50մ խորությունից` պոմպերի միջոցով: Գործադիր տնօրենը հայտնեց, որ նոր հոսքագիծն արտադրում է աղբյուրի եւ հանքային ջուր` ապակե եւ պլաստմասե տարաներով:
Այն մեկ ժամում թողարկում է 0.5 լ տարողությամբ, ապակե տարաներով 8 հազար շիշ, պլաստմասե տարաներով, նույն տարողությամբ 5400 շիշ: Ներկայումս գործարանն աշխատում է մեկ հերթափոխով: Այստեղ աշխատում է 63 մարդ, միջին աշխատավարձն էլ բարձր չէ` 70-80 հազար դրամ:
Ընկերության արտադրանքը հայաստանյան չափանիշներով էժան չէ: Ապակե շշով 0.5 լ հանքային ջրի գործարանի բացթողման գինը 160, իսկ պլատմասսե շշով նույն քանակության բացթողման գինը 140 դրամ է, պլաստմասե շշով 1 լ հանքային ջրի բացթողման գինը 180, նույն շշով աղբյուրի ջրինը` 160 դրամ է: Հարցնում եմ` թանկ չէ՞:
Աշոտ Չիլինգարյանը պատասխանում է. «Գինն առաջանում է ինքնարժեքից, այստեղ մեծ շահույթ չկա»:
Նշենք, որ մեկ տարի առաջ, Ամանորի շեմին այս գործարանի 0.5 լ շշերով արտադրանքը խանութներ էր առաքվում տնական օղու գնով` 500 դրամով: Գինն իրեն չարդարացրեց, եւ ընկերությունը ստիպված եղավ հարմարվել հայկական շուկային, էժանացնել:
Մինչեւ 2006 թվականը` գործարանի վերակառուցումը, «Դիլիջան» հանքային ջուրը սպառվում էր Տավուշի մարզի բոլոր տարածաշրջաններում: Հիմա գործարանի արտադրանքը մարզում վաճառվում է միայն Դիլիջանում: Այդ կապակցությամբ գործադիր տնօրենն ասաց, որ 2010 թ. հուլիսի վերջին մի խմբաքանակ Բերդ քաղաք են ուղարկել, հետո այդ տարածաշրջանում իրենց արտադրանքի պահանջը չի եղել:
Աշոտ Չիլինգարյանը տեղեկացրեց, որ նախատեսում են առաջիկայում Իջեւան առաքում կազմակերպել: Ներկայումս «Դիլիջանն» իրացվում է Երեւանի խանութներում եւ սննդի կետերում:
Անցյալ տարվանից առաքող տարբեր կազմակերպությունների միջոցով, խոշոր բեռնատարներով գործարանի արտադրանքն առաքվում է Ռուսաստանի տարբեր քաղաքներ` Մոսկվա, Սոչի, Կրասնոդար: Հիմա ընկերությունը նախնական համաձայնության պայմանագիր է կնքել Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Հորդանան մեծ քանակությամբ արտադրանք առաքելու մասին: Գործադիր տնօրենի վկայությամբ` նախնական համաձայնությամբ ամսական այդ երկրներ պիտի առաքվի 12 մլն շիշ ջուր:
Գործարանի թողարկած հանքային ջրի պիտակը տեղեկացնում է, որ այն հանքային բուժիչ, սեղանի ջուր է, գազավորված: Նաեւ գրված է, որ մեկ բաժակ «Դիլիջան» հանքային ջուրը կվերացնի ստամոքսի այրոցը:
Չի նշված, թե ուրիշ ինչ հիվանդություններ է բուժում այդ ջուրը: Հարցրինք, թե ինչպես կարող է ջուրը եւ ամենօրյա օգտագործման` «սեղանի» լինել, եւ բուժիչ, բուժման դեպքում պետք է նշված լինի հիվանդությունների ցանկը եւ ջրի օգտագործման «դեղատոմսը»:
Գործադիր տնօրենն ասաց, որ իրենք գործում են Հայաստանում ընդունված չափանիշներին համապատասխան, նաեւ ավելացրեց, որ հիմա Հայաստանում եւ Ռուսաստանում հանքային ջրերի տարբեր ստանդարտներ են գործում: Գործարանի գլխավոր ճարտարագետ Վաղինակ Աղամյանն էլ հավաստիացրեց, որ իրենց արտադրանքն ինչքան էլ խմեն, առողջությանը ոչ մի վնաս չի լինի:
Դիլիջանում գործում է հանքային ջրի եւս մի գործարան` «Դիլիջան Ֆրոլովա»: Երկու գործարանների օգտագործած ջրի ակունքները տարբեր են, տարբեր են նաեւ դրանց արտադրանքի բաղադրությունը եւ համը:
Աշոտ Չիլինգարյանի խոսքերով` երկու գործարանների արտադրանքի վրա էլ խոշոր տառերով Դիլիջան է գրված, ինչը շատ դեպքերում սպառողներին շփոթության մեջ է գցում:
Ընկերության տնօրենին հարցրինք բիզնեսի սոցիալական պատասխանատվության մասին` արդյոք իրենց ընկերությունը երբեւէ բարեգործություն կատարե՞լ է: Նա էլ պատասխանեց, որ խոշոր ներդրումներ են կատարվել, գործարանի արդիականացումը դեռ շարունակվում է, այդ պատճառով ինքն անընդհատ բաժնետերերից վարկային միջոցներ է պահանջում, որ իրենք օգուտով չեն աշխատում, եւ առայժմ վաղ է շահույթի մասին խոսելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել