
Ինչու են հայերը վերջին շրջանում ձգտում իրենց բիզնեսը տեղափոխել հարեւան Վրաստանի հանրապետություն կամ մասնաճյուղ բացել այնտեղ: «Պայմաններն են նպաստավոր, երկիրն է կայուն, օրենքն է գործում,- ասում է Գյումրիում գործունեություն ծավալող «Համբույր» թխվածքեղենի արտադրամասի փոխտնօրեն Մուշեղ Մինասյանը,- մեզ մոտ տարվող հարկային քաղաքականությունը թույլ չի տալիս փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներին զարգանալ, էլ չեմ խոսում ընդլայնվելու մասին:
Այսօրվա մեր արածը միտողանի գործ է: Իսկ յուրաքանչյուր գործում մարդ պիտի ձգտի զարգանալ, առաջ գնալ, նոր գաղափարներ փորձի կյանքի կոչել: Հայաստանում դա շատ դժվար է, որոշ դեպքերում` անհնար»:
Շուրջ 10 տարի գործող ձեռնարկությունը 2010 թ. վերջերին վաճառելու ցանկությունից Մինասյան եղբայրներն արդեն հրաժարվել են: Իսկ այդ քայլին նրանց մղել էր անելանելի վիճակը, որ ստեղծվել էր դեռ անցյալ տարի` մարտ ամսից: Ճգնաժամային 2008-09 թթ. հաջողությամբ հաղթահարած ձեռնարկության եկամուտները կտրուկ նվազեցին անցյալ գարնանն ու պահպանվեցին մինչեւ դեկտեմբեր:
Հայաստանում հրուշակեղենի շուկան գերհագեցած է: Արտադրում են նաեւ այնպիսի կազմակերպություններ, որոնք զբաղված են բոլորովին այլ գործունեությամբ: Քանակի հաշվին գինը նվազեցնելով` վերջիններս հաճախ, այսպես ասած, «խփում» են այս ոլորտում գործող եւ մասնագիտացած փոքր ձեռնարկություններին:
«Վերցնենք «Շանթին» եւ «Բարի Սամարացուն»,- օրինակներ է բերում Մուշեղ Մինասյանը,- «Շանթի» դեպքում հասկանում եմ, այնքան էլ հեռու չէ մեր ոլորտից: Դե պաղպաղակը սեզոնային գործ է, հետո էլ, ասենք, կողքից սկսում են խմորեղեն արտադրել, բայց այ, երբ մսամթերքի շուկայում հայտնի ձեռնարկությունն է սկսում մտնել մեր ոլորտը, դա արդեն չեմ հասկանում:
Ինչպես գյուղատնտեսության ոլորտում եղավ` քնից զարթնողը կարտոֆիլ դրեց, հիմի էլ ով հասնում է, ձեռքի հետ էլ սկսում է հրուշակեղենով զբաղվել: Նույն «Բարի Սամարացի»-ն էնքան փող ունի, որ կարող է մի 4 հարկանի շենք կահավորել, զինել սարքավորումներով ու զբաղվել արտադրությամբ: Էդտեղ արդեն մեր նման փոքր բիզնեսով զբաղվողների համար դժվար է դիմանալ մրցակցությանը»:
Մուշեղ Մինասյանի համոզմամբ` ճիշտ կլիներ, եթե այդ ձեռնարկությունը մտածեր իր` մսամթերքի ոլորտում զարգանալու, շուկաներն ընդլայնելու ուղղությամբ: Չմոռանան, որ մյուսներն էլ են ուզում հաց ուտել: Եթե կողքինը սոված մնաց կամ լքեց երկիրը, իրենց մսամթերքն էլ գնող չի լինի: Ի վերջո, փոքր բիզնեսով զբաղվողները հիմնականում հացի խնդիր են լուծում: Գյումրիի իրենց ձեռնարկությունը լուծարելու փոխարեն Մինասյանները որոշել են մասնաճյուղ բացել Թբիլիսիում: Հարեւան պետության օրենսդրական դաշտին ծանոթ են, շուկան եւս ուսումնասիրել են, պահանջարկը կբավարարեն, եթե խելացի հաշվարկ անեն:

«Ես մեր օրենքները չեմ փնովում, բավական լիբերալ են, բայց դրանք կիրառող չկա, սա է վատը: Եթե ուզում ես որեւէ գործ սկսել, մեկ էլ հայտնվում է լավատեղյակ մեկն ու զգուշացնում. «Նայիր, այսինչի ոտքը չտրորես»: Հետո` Հայաստանում գաղափարները գողանալու ու կիրառելու տենդենցն էլ կա: Անում են` առանց վատ զգալու: Մի ժամանակ մենք արտադրում էինք հին Գյումրվա բաղադրատոմսով փախլավաներ,- պատմում է «Համբույր»-ի փոխտնօրենը,- տուփերի ձեւից սկսած` մտածված էր: Փախլավա գնողը հնարավորություն ուներ ծանոթանալու նաեւ Գյումրու պատմությանը: Տուփի մի երեսին` ներսի կողմից, մենք տպել էինք տվել: Շատ սիրուն բան էր ստացվել»:
Նոր գաղափարը շուկա էր հանվել մայրաքաղաքում: Կարճ ժամանակ անց հայտնվել էր մի կազմակերպություն, որ նման տարբերակով, բայց պարսկական փախլավաների արտադրությամբ փորձել էր շուկայից դուրս մղել գյումրեցիներին: Հեղինակային իրավունքը պաշտպանելու փորձ Մինասյանները չէին արել: Մուշեղի բացատրելով` դատական քաշքշուկների մեջ ընկնել չեն ցանկացել: Միակ տարբերակը շատ արագ զարգանալն է, որը Հայաստանի նման անհամաչափ զարգացում ունեցող երկրում հնարավոր է միայն մեծ գումարների դեպքում:
«Երբ ամեն ինչ կենտրոնացվում է մեկ տեղում, մեկ քաղաքում, շատ դժվար է պայքարելը կամ մրցակցությանը դիմանալը: Մարզերի համաչափ զարգացում չկա: Տեղում մենք մեր շուկան ունենք, բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ: Աղքատ երկրում դժվար է զարգանալ: Հրուշակեղենն առաջին սպառման ապրանք չի համարվում: Եթե մարդը չի կարողանում էնքան վաստակի, որ ապահովի օրվա հացը, դժվար թե սկսի մտածել երկրորդական բաների մասին»,- համոզված է Մուշեղ Մինասյանը:
Գործարարի կարծիքով` ընդլայնվել, զարգանալ ձգտող ձեռնարկությանն անգամ բանկերը պիտի առանձնահատուկ մոտեցում ցուցաբերեն, այսպես ասած` «պարտնյորի» հոգեբանությամբ մոտենան ներկայացվող ծրագրերին, շնչելու հնարավորություն ընձեռեն:
«Վերցնենք թեկուզ էլի մեր ոլորտը: Ասենք` ես ուզում եմ նոր, հզոր հոսքագիծ բերել իմ արտադրությունը զարգացնելու նպատակով: Դրա համար գումարներ են պետք, եւ ուզես, թե չուզես` պիտի դիմես բանկերին: Հետո, իհարկե, ժամանակ, որ կարողանաս ապրանքդ շուկա հանել, գովազդել, հիմնավորվել: Տարի, տարիուկես կգնա կայունանալու վրա: Փող եւ ժամանակ, բայց ինչպես գիտեք` մեր բանկերը տալիս են միայն առեւտրային վարկեր, հենց հաջորդ ամսվանից սկսում ես մարել, իսկ գործը դեռ չես էլ ձեռնարկել: Պետք է տալ արտադրական վարկեր փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար եւ ցուցաբերել հատուկ մոտեցում. սա է, իմ կարծիքով, խնդրի լուծումը»,- ասում է Մուշեղ Մինասյանը:
Վրաստանի գործընկերների հետ Մուշեղ Մինասյանը պայմանավորվածություն արդեն ունի, գարունը բացվելուն պես կսկսեն գործել: Թբիլիսիում կաշխատի նաեւ Գյումրու արտադրամասի բանիմաց աշխատակցուհիներից մեկը, որպեսզի նորաբաց մասնաճյուղում վրացի աշխատակիցներին սովորեցնի գյումրվա հրուշակեղենի պատրաստման գաղտնիքները, ինքն էլ կսովորի վրացական ուտեստներ պատրաստել:
«Դե, եթե քո երկիրը զարգանալու հնարավորություն չի տալիս, ուրեմն ուզես-չուզես` պիտի տեղափոխվես հարեւան երկիր: Ոչ մեկը լավ օրից չի գնում, բոլորն էլ հացի խնդիր են լուծում»,- եզրափակում է գյումրեցի գործարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել