HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հողում գցած ամեն հատիկ սերմի հետ մեծ հույսեր են կապում

Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի բնակիչ Աշոտ Տերտերյանի տան մի հատվածը վերածվել է «ջերմոցի»: Որպեսզի տան դիմացի հողամասում պոլիէթիլենից կառուցված ջերմոցում ավելորդ գազ ու էլեկտրաէներգիա չօգտագործի, նա սենյակի մի անկյունում է պղպեղի սերմ ցանել` սածիլ ստանալու համար: Աշոտն ասում է, որ ստիպված է սենյակի հատվածը վերածել ջերմոցի, քանի որ հողում տնկած ամեն մի սերմի հատիկի հետ մեծ հույսեր է կապում. ստացված եկամտով պետք է կարողանա երկու տարբեր բանկերից վերցրած վարկերը փակել: Աշոտ Տերտերյանը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից 15% տոկոսադրույքով 1100 դոլար վարկ է վերցրել, 22% դրույքով 400 հազար դրամ վարկ էլ վերցրել է «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունից: Վարկի դիմաց գրավ է դրել ընտանիքի ունեցած ամբողջ հողը` մոտ 2 հա: Աշոտը ցանկացել է բանկից ավելի շատ գումար վերցնել, որպեսզի կարողանա գյուղտեխնիկա ձեռք բերել եւ այն աշխատացնելով` որոշակի եկամուտ ունենալ, սակայն բանկը մերժել է: Նա պատրաստ է եղել նույնիսկ տունը գրավ դնել, բայց «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը տունը գրավ չի վերցրել: Աշխատակիցներն ասել են, թե այլեւս տները որպես գրավ չեն ընդունում: Աշոտը բարեկամների ու ծանոթների ոսկեղենն է գրավադրել բանկերում, որպեսզի կարողանա մի փոքր ավելի վարկ վերցնել, սակայն դա էլ չի օգնել եւ տեխնիկա ունենալը նրա համար առայժմ մնացել է երազանք: «Էլ ոսկի չմնաց, սաղ բանկերում են: Ուրիշի ոսկիքն էլ ենք դրել, երեկ մարդիկ եկել հետ էին ուզում, մնացել ենք շիվար, չգիտենք` ինչ անենք»,- ավելացնում է Աշոտը: Ստացած վարկի ամբողջ գումարը Աշոտը ներդրել է հողի մշակության մեջ եւ հույս ունի, որ կկարողանա եկամուտ ստանալ, փակել վարկի գումարները եւ պահել ընտանիքը: «Օր է եղել, որ սկի ուտելու բան էլ չենք կարողացել առնել, բայց հողի վրա փող ենք ծախսել, որ արդյունք ստանանք»,- ասում է Աշոտը: Նա տնամերձ հողամասում 500 քմ տարածքի վրա պոլիէթիլենի ծածկով ջերմոցային տնտեսություն է հիմնել, որի վրա 2000 դոլարից ավելի գումար է ներդրել: Աշոտի ասելով` հատկապես սերմերի կորուստը շատ է լինում եւ հենց այդտեղ է, որ զգալի վնասներ է կրում: «Սերմերը շատ թանկ են, բադրջանի, բիբարի մեկ հատիկ սերմն արժե 60-70 դրամ: Մենակ 3000 հատ բադրջանի սերմ ենք առել: Շատ վախտ սերմը չի ծլում կամ ծլելուց հետո չորանում ա, ստիպված նորից ենք առնում: Հենա` բադրջան ենք ցանել, գնա նայի, մարգը դատարկ ա, լրիվ փտել-թափել ա: Տակը դեղը լցրած, վրեն դեղը լցրած, բայց չորացել թափել ա, միջատներն էլ մի կողմից են կրծոտում սածիլները»,- ասում է Աշոտ Տերտերյանը: Պոլիէթիլենով ծածկված ջերմոցները ծանր հոգս են գյուղացիների համար: Ձյան, կարկտի, քամու ժամանակ ամբողջ ընտանիքով դուրս են գալիս բակ, սկսում ամրացման աշխատանքներ կատարել, որպեսզի ջերմոցը չվնասվի: Աշոտը պատմում է, որ միայն պոլիէթիլենի ծածկի համար 112.000 դրամ է ծախսել: Կիլոգրամն արժե 1250 դրամ, իսկ իր 500 քմ ջերմոցի համար օգտագործվել է 90 կգ: Բացի մեծ ջերմոցից, Տերտերյանների ընտանիքը ստեղծել է նաեւ «մինի» ջերմոցներ, որոնք ավելի ցածր են եւ պակաս ծախսատար: Փոքր ջերմոցներում կանաչի են ցանել, պատրաստվում են նաեւ լոլիկ ցանել, որ սածիլները տեղափոխեն հողամաս: Դեռ բերք չստացած` Աշոտն արդեն զգալի գումարներ է ծախսել ու չգիտի` կկարողանա՞ իր ներդրած գումարները հետ բերել, թե՞ ոչ: «Ջերմոցը տաքացնելու համար հոսանքի փող տալիս ենք, գազի փող տալիս ենք, ծածկելու համար շշի, ցելաֆոնի փող տալիս ենք, ջրի, հողի վարձավճարները տալիս ենք, բանկերին փող տալիս ենք, սերմերի փողը տալիս ենք, թե մեզ ի՞նչ ա մնալու` չգիտեմ»,- ասում է Աշոտը: Հունվարին միայն ջերմոցները տաքացնելու համար 1000 կվտ (30.000 դրամ) էլեկտրաէներգիա են օգտագործել: Հոսանքի վարձը փակել են Աշոտի հիվանդ մոր թոշակով: Աշոտի ընտանիքն այժմ չի համարձակվում նույնիսկ տանը գազ վառել, եւ սենյակները տաքացնում են փայտի վառարանով, քանի որ հազիվ կարողանում են ջերմոցի ծախսերը հոգալ: Փայտ ասածն էլ ծառերի ճիպոտներ են, որ Աշոտը կտրել-բերել է դաշտերից: «Եկամուտ չկա, միայն վնաս ա, չենք հասցնում»,- ասում է Աշոտը: Այդքան ծախս անելուց հետո Ա. Տերտերյանն արդեն դժվարանում է ասել` գարնանը իր մնացած հողերը կմշակի՞, թե՞ կթողնի ամայի: Գումար չունեն, իսկ մայիսի վերջից սկսելու են նաեւ բանկերի տոկոսները փակել, ամսական` 40-50  հազար դրամ: Գյուղում մեկ պարկ պարարտանյութը վաճառվում է 10 հազար դրամով: Աշոտը սածիլների համար պարարտանյութը պարտքով է գնել, սակայն հարց է տալիս. «Որտեղի՞ց պիտի տանեմ փակեմ, չեմ իմանում»: «5000 մետր դաշտը վարած թափած ա, երկու տնամերձ էլ ստեղ ա թողած: Պիտի փող լինի, ո՞վ պիտի բերի տա, որ ցանենք,- ասում է նա,- եթե հնարավորություն ունենաս, վարկ չվերցնես, շատ լավ կլինի, ստիպված ես վերցնում: Վարկի տոկոսադրույքը շատ բարձր ա, գյուղի 99 տոկոսը վարկ ա վերցրել, ստիպված են, ի՞նչ անեն»,- ավելացնում է Աշոտը: Լուսագյուղի գյուղապետ Սարիբեկ Կարապետյանը չգիտի, թե գյուղում քանի վարկառու գյուղացի կա: «Շատ են, բայց կոնկրետ թիվ չեմ կարող ասել: Իսկ գյուղ կա՞, որ վարկ վերցրած չլինի»,- հարցնում է Ս. Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter