«Մարդը բարի աչքեր ունի ու շատ հոգնած դեմք»
Արմեն Մարտիրոսյանը` փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի մասին
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ այդ կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն անդրադարձան երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք` երեկ բախում է տեղի ունեցել ոստիկանների, «Ժառանգության» պատգամավորների եւ բացօթյա առևտրի որոշման դեմ բողոքող անձանց միջև: Կարինե Հակոբյանի խոսքերով` երեկ տեղի ունեցածը քաղաքապետարանի մոտ կատարվածի շարունակությունն է. «Ո՞րն է փոփոխությունը: Քաղաքապետն իրեն ընտրած քաղաքացիների հանդեպ ոստիկաններ հանեց: Այսինքն` օրեսնդրորեն ընտրված քաղաքապետը, ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետը ժողովրդի բողոքին պատասխանում է ուժով, բռնությամբ, վախեցնելով: Մեզնից ուզում են խլել մեր բողոքելու իրավունքը»:
Լարիսա Ալավերդյանը ցավով նշեց, որ հայ ոստիկանությունը տեղյակ չէ, որ ժամանակները փոխվել են, և «այլևս սովետական ամբողջատիրական կարգերը չեն, և ոստիկանների վրա այլ պարտավորություններ են դրված»:
«Մեր հաղթանակները դեռ առջևում են»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Անդրադառնալով Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի` երեկ հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. «Վայ ինձ, եթե ես իմանայի, որ բոլորն են այդքան անգրագետ։ Փառք տիրոջը. ես գիտեմ, որ այդպես չէ։ Նման ոստիկանի առկայությամբ վտանգված է հասարակությունը և իշխանությունը»: Իսկ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով Ռոբերտ Մելքոնյանի գործողությունների մասին, նշեց, որ նա ընդամենը հրամաններ է կատարում. «Մարդը բարի աչքեր ունի ու շատ հոգնած դեմք։ Ինքն իր 40 տարվա վաստակը երկու օրվա մեջ գցում է ջուրը։ Ստիպված մարդուն չի կարելի դրդել անօրինական գործողությունների կատարմանը»: Մարտիրոսյանը հիշեցրեց նաև, թե որ տարածքներում է արգելվում հրապարակային միջոցումներ անցկացնել։
«Հրապարակի գորգը ստրատեգիական նշանակության տարա՞ծք է, 10-15 կանանցից ո՞ր մեկն էր կրոնական, ռասիստական կամ բռնի գործողությունների կոչ անում»,– հարցրեց նա` նախազգուշացնելով, որ ինքը միշտ դիմելու է ինքնապաշտպանության: Ասուլիսին ներկա էին նաև բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող երկու կին, ովքեր նշեցին, որ իրենք ՀՀԿ անդամ են և ցույց տվեցին իրենց կուսակցական տոմսերը՝ նշելով, որ այսօր իրենց կողքին կանգնած են ոչ թե ՀՀԿ-ի, այլ «Ժառանգության» պատգամավորները:
«Ժառանգությունը» սպասում է ոստիկանապետի նշանակած ծառայողական քննության արդյունքին` նախազգուշացնելով, որ իրենք գնալու են մինչև վերջ: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դիմելու են դատարան՝ վերականգնելու իրենց խախտված իրավունքները։
Մեկնաբանել