Նախագահ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն
Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ
Խորհրդակցությանը մասնակցել են երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների և հանրապետության ղեկավարի հանձնարարականների շրջանակում 2010թ. իրականացված աշխատանքներն ու 2011թ. ծրագրերը:
2010թ. նախանշված միջոցառումները, Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, իրականացվել են լիարժեքորեն և սահմանված ժամկետներում: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև լճի հետ կապված մի շարք հիմնախնդիրների, որոնք այսօր էլ արդիական են:
Ինչպես հայտնում են նախագահի մամլո ծառայությունից, ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նախագահը նշել է, որ թեպետ հանձնաժողովն իր գործունեության գրեթե երկու տարիների ընթացքում զգալի աշխատանք է իրականացրել, եղել են հանձնաժողովի բազմաթիվ նիստեր, կարևորագույն մի շարք հարցերի շուրջ մասնագիտական քննարկումներ, այդ հարցերի հիմնական մասն առաջարկությունների տեսքով ներկայացվել է Կառավարություն, և դրանց հիման վրա ընդունվել են Կառավարության որոշումներ, այդուհանդերձ, խնդիրների լուծման տեմպերը դեռևս բավարար չեն: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կատարված աշխատանքը և որոշակի առաջընթացը, մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաև Սևան այցելող ցանկացած մարդու համար:
Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին և դրա նախագահին, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, բնապահպանության, տրանսպորտի և կապի նախարարներին, Գեղարքունիքի մարզպետին և Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել