Արտահո՞սք ԿԳՆ-ից. նախարարին հասցեագրված նամակը` տնօրենի մոտ
Վաղը` մարտի 5-ին, կհանգուցալուծվի Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի ոդիսականը: ԿԳՆ կրթության պետական տեսչությունն արդեն մեկ շաբաթ է` ստուգումներ է իրականացնում ավագ դպրոցում: Էջմիածնում արդեն խոսում են, որ ստուգումները ձեւական բնույթ են կրում, եւ աշակերտներին ու ուսուցիչներին հայհոյած տնօրեն Սուսաննա Նազարյանը կշարունակի պաշտոնավարել:
«Նեղ շրջապատում» այդ մասին, ըստ մեր տեղեկությունների, հայտարարել է նաեւ տնօրեն Նազարյանը` ասելով, որ իր «դիրքերն ամուր են»: «Հետքի» աղբյուրի գնահատմամբ` տնօրենն այժմ էլ այլ մեթոդներով է փորձում իրենից դժգոհող ծնողներին ու աշակերտներին լռեցնել:
Ալբերտ Հարությունյանի մայրը` Անահիտ Հարությունյանը, մոտ մեկ շաբաթ առաջ հանդիպել է ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին եւ նրան է հանձնել 39 ստորագրություններով հաստատված բաց նամակ, որտեղ ծնողները, աշակերտներն ու դպրոցի հետ առնչություն ունեցող մարդիկ դժգոհել են Սուսաննա Նազարյանից` պահանջելով նրա պաշտոնանկությունը:
Նախարարին հասցեագրված նամակը, սակայն, անհայտ ճանապարհներով հայտնվել է տնօրենի մոտ, եւ հիմա նա իր մարդկանց միջոցով ստիպում է աշակերտներին, որ տեսչության աշխատակիցներին ասեն, թե իրենք ստորագրելիս նամակի բովանդակությանը չեն ծանոթացել, կամ էլ հայտարարեն, որ իրենց ստորագրել են տվել` խաբելով եւ ստիպելով:
«Հետքին» դիմած աշակերտներից մի քանիսն ասացին, որ իրենց հիշյալ նամակը տնօրենին են տվել անձամբ ԿԳՆ Կրթության պետական տեսչության աշխատակիցները:
«Մեր տեսուչները տնօրենին տեղեկացրել են, որ նման նամակ կա, թույլ են տվել, որ նա ծանոթանա նամակի հետ, քանի որ օրենքով է նախատեսված: Տնօրենը ցանկացել է պատճենահանել նամակը, բայց մեր տեսուչները թույլ չեն տվել, որ տնօրենը կրկնօրինակ վերցնի»,- ասում է կրթության պետական տեսչության տնօրենի պաշտոնակատար Ռաիսա Գալստյանը:
Որտեղի՞ց է տնօրենն իմացել, թե ովքեր են նամակի տակ ստորագրել, եթե տեսուչները նրան նամակի պատճենը չեն տվել: Հարցին ի պատասխան` Ռ. Գալստյանն ասում է. «Միգուցե ենթադրում է, թե ովքեր են ստորագրողները: Կամ էլ հասցրել է մի քանի հոգու անուն տեսնել: Նա չէր կարող բոլոր 39 ստորագրողների մասին էլ իմանալ: Մեր տեսուչները տնօրենին նամակի պատճեն չեն տվել»:
Արդեն 1 շաբաթ է` աշխատանքի օրվա ավարտից հետո, երբ տեսուչները հեռանում են դպրոցից, Սուսաննա Նազարյանը, իր «հավատարիմ» ուսուցիչներով, մինչ ուշ գիշեր մնում է դպրոցում: Էջմիածնեցիներն ասում են, որ տնօրենը պարզապես փորձում է «սրբագրել» առկա թերությունները:
Հիշեցնենք` նույն դպրոցում սովորող Ալբերտ Հարությունյանը ասել էր, որ տնօրենն իրեն հայհոյել եւ վիրավորել է: Դրանից հետո ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 22-ին Սուսաննա Նազարյանի նկատմամբ կիրառեց կարգապահական տույժ` հայտարարելով խիստ նկատողություն: Իսկ դպրոցում նշանակվեց տեսչական ստուգում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել