
Կաթողիկոսի ապագա երևանյան նստավայրը. ինչ է հայտնաբերվել շինհրապարակում
Արդեն մեկ ամիս է, ինչ մեկնարկել են Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները Սայաթ Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում, որտեղ կառուցված է Կաթողիկե եկեղեցին: Ընդամենը 2 տարի անց այստեղ վեր կխոյանա մի ամբողջ եկեղեցական համալիր, որտեղ գտնվելու է նաև կաթողիկոսի երևանյան նստավայրը:
Այս նստավայրի կառուցման վերաբերյալ եկեղեցականների, քաղաքագետների և պարզապես շարքային երևանցիների շրջանում ծավալվել են թեժ քննարկումներ: Շատերը մտավախություն էին հայտնում, որ նոր եկեղեցական համալիրի կառուցումը կսպառնա Սուրբ Կաթողիկե եկեղեցուն:
Տենդերի հաղթող և գլխավոր կապալառու «Չիլինգարյան դիզայն քնսթրաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Գարիկ Չիլինգարյանը նշում է. «Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները ամբողջապես համաձայնեցված են Քաղաքաշինության պետական տեսչության և Հուշարձանների պահպանության կոմիտեի հետ: Հաշվի են առնված եկեղեցիների տարածքներին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, ներառյալ այն փաստը, որ եկեղեցին կառուցվել է նախկին սրբավայրի հիմքի վրա»:
Ըստ ընկերության տարածած մամուլի հաղորդագրության` այս նախաձեռնության հիմնական նպատակն է վերստեղծել Կաթողիկե եկեղեցու միասնական եկեղեցական համալիրը, պահպանել այս հին կոթողի ոճը և ոգին, բարեկարգել տարածքը և վերականգնել այս սրբավայրի` դարերից եկած համբավը` որպես մայրաքաղաքի հոգևոր-մշակութային կենտրոն:
«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերությունը խոստանում է լուսաբանել շինարարության բոլոր փուլերը և տեղեկատվություն տրամադրել շինարարության գործընթացին վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ:
Իր հերթին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ նախարարության գիտամեթոդական խորհրդի 2010 թ. նոյեմբերի 24-ի նիստում քննարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում Սուրբ Աննա եկեղեցու և Երևանի կաթողիկոսական նստավայրի ճարտարապետահատակագծային առաջադրանքով մշակված համալիրի նախագիծը:
Քննարկման ընթացքում գիտամեթոդական խորհրդի անդամներն արել են դիտողություններ և առաջարկություններ, որոնք հիմնականում վերաբերել են Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու և նախատեսվող համալիրի տարածական և տեսողական ընկալման ներդաշնակության, ինչպես նաև տարածքի ուսումնասիրման (պեղման) խնդիրներին:
Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետների մասնակցությամբ իրականացվել է նաև Սբ. Աստվածածին եկեղեցու (13-րդ դ.) հյուսիս-արևելյան և հյուսիսային մասերում կառուցվելիք կաթողիկոսական նստավայրի և Սբ. Աննա եկեղեցու շինարարությանը նախընթաց հողային աշխատանքների հնագիտական հսկողություն` հողային աշխատանքներ, որոնց ժամանակ ս.թ. ապրիլի 7-ին հայտնաբերվել են հուշարձանապատկան մի քանի քար և մոտ 1,5 մետր խորությամբ գտնվող երեք ոչ մեծ կարասի մնացորդներ:
Ապրիլի 10-ին ինստիտուտի մասնագետները կատարել են պեղման աշխատանքներ, ուսումնասիրել հողաշերտից հանված կարասների մնացորդները և առանձնացրել դրանք` հետագա պահպանության նպատակով:
Խեցեղեն անոթները համապատասխան մշակումից ու մասնակի վերականգնումից հետո կհանձնվեն Երևան քաղաքի պատմության թանգարանին` որպես մայրաքաղաքի միջնադարյան (16-17 դդ.) պատմության ու նյութական մշակույթի առհավատչյաներ:
Ըստ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի եզրակացության` նշյալ տարածքում մշակութային այլ շերտ չի հայտնաբերվել:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել