HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ շեյխի՝ անհրաժեշտ է ծանոթանալ ՀՀ ներդրումային հնարավորություններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով: 

Վարչապետ Սարգսյանը նշել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության գերակայություններից է. «Տնտեսական համագործակցության առումով մենք ունենք մեծ չիրացված ներուժ: Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ստիպում են ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանում բարեկամ պետությունների հետ համագործակցության և հարաբերությունների զարգացմանը»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ հաստոցաշինության, քիմիայի, տեքստիլ արդյունաբերության, դեղագործության, էներգետիկայի, ենթակառուցվածքների և ֆինանսական ոլորտներում գործակցության ծավալման, ինչպես նաև երկու երկրների միջև գործարար կապերի աշխուժացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ։

Տնտեսական հարաբերությունների զարգացման առումով երկուստեք կարևորվել է հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը։

Շեյխ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում և դրա համար անհրաժեշտություն կա ծանոթանալու մեր երկրի ներդրումային հնարավորություններին:

Հարցի առնչությամբ վարչապետը նշել է, որ համապատասխան հանձնարարականներ կտա` անհրաժեշտ տեղեկատվությունը քուվեյթական կողմին տրամադրելու և այդ հարցերը հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների օրակարգում ընդգրկելու վերաբերյալ: 

Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար և փոխանցել Քուվեյթի Պետության վարչապետի ողջույնները։
ՀՀ վարչապետն իր հերթին ողջույններ է փոխանցել Քուվեյթի իր պաշտոնակցին և վերահաստատել Հայաստան այցի հրավերը։
Նշենք, որ Երևանում այսօր կայացել է Հայ-քուվեյթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի համանախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են տնտեսական, առևտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական և մշակութային ոլորտներում երկկողմ գործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները, կարևորվել է առևտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը: Քննարկումների արդյունքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter