HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «2011թ. զբոսաշրջության աճը շարունակվելու է»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել www.armhotels.am առաջին ազգային առցանց ամրագրման համակարգի շնորհանդեսին: 2009թ. սեպտեմբերին այս համակարգի ստեղծման բիզնես ծրագիրը` ներկայացված «Ռումեա» ընկերության կողմից, հավանության էր արժանացել վարչապետի գլխավորությամբ ստեղծված տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի աջակցման օպերատիվ շտաբի կողմից: Այդ նպատակով ընկերությանը տրամադրվել էին 25 մլն ՀՀ դրամին համարժեք վարկային միջոցներ: Վարչապետ Սարգսյանը նշել է. «Այս հաջող ձեռնարկի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացումը խթանելն է, ինչը կառավարության գերակայություններից մեկն է: Այն ավելացնում է մեր երկրի` ծառայությունների արտահանման ներուժը և կարողությունները: Կառավարության ջանքերը զբոսաշրջության զարգացման գործում տալիս են իրենց դրական պտուղները: Դրա մասին են վկայում ցուցանիշները. 2009թ.` ճգնաժամային տարվա ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ տնտեսական անկում, զբոսաշրջության ոլորտում գրանցեցինք շուրջ 4 տոկոսանոց աճ, և դա այն պարագայում, երբ 2009թ. համաշխարհային զբոսաշրջության ցուցանիշները նվազեցին: 2010թ. աճն ավելի շոշափելի էր` շուրջ 17 տոկոս: Մենք լիահույս ենք, որ 2011թ. զբոսաշրջության աճը շարունակվելու է: Այն պետք է դառնա բազմաբովանդակ, և դրա կարողությունները Հայաստանում կան` կրոնական, առողջապահական, սպորտային, հանգստի զբոսաշրջություն: Ներդրումները, որ այսօր կատարվում են տուրիզմի զարգացման ոլորտում, այդ բազմաբովանդակությունն ապահովելու են: www.armhotels.am առցանց ամրագրման համակարգը լավագույն ներդրումներից մեկն է զբոսաշրջության զարգացման բնագավառում: Այս ժամանակակից ծրագիրը բազմաթիվ պատուհաններ է բացում աշխարհի տարբեր երկրներում Հայաստանը ներկայացնելու համար և հնարավորություն ստեղծում օնլայն ռեժիմով օգտվել ծառայություններից: Այն քննարկվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբում, արժանացել հավանության, և պետությունը երաշխիք է տրամադրել «Արմսվիսբանկին», որպեսզի նաև արձանագրի պետության վստահությունը և պետության կողմից տուրիզմի զարգացման կարևորումը»: Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, վարչապետն անձամբ փորձարկել է www.armhotels.am առաջին առցանց ամրագրման համակարգի գործառնության մեխանիզմը: www.armhotels.am համակարգում, որի ծրագիրը մշակվել է «Թի Բի ԷՍ» ՓԲԸ-ի կողմից, ներառված են շուրջ 106 հյուրանոցներ: Տարածաշրջանում և ԱՊՀ-ի տարածքում եզակի այս համակարգի նպատակն է ընդլայնել և ավելացնել առաջարկվող ծառայությունների իրացման ծավալներն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային զբոսաշրջային շուկաներում: Իր տեսակի մեջ առաջինը լինելով հայկական զբոսաշրջային շուկայում` այն հնարավորություն կընձեռի զբոսաշրջային տարատեսակ ծառայությունները հասանելի դարձնել բոլոր զբոսաշրջիկներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter