Ջերմուկի քաղաքապետը «հայտնում է»
Այս օրերին Հայաստանի մամուլի առանձին միջոցներով («Այսօր», «Հետք», «Հայկական ժամանակ»), ինչպես նաև Ազգային գրադարանի հաղորդագրությամբ տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Ջերմուկ քաղաքի ղեկավարությունը դադարեցրել է աջափնյակի գրադարանի գործունեությունը և, «ըստ շրջանառվող լուրերի, տարածքը տրամադրվեց ինչ-որ բանկի»: Հարկ չհամարելով մեկնաբանել տարբեր վերնագրերի ներքո տառացիորեն նույն տեքստի ողջ բառակույտը` թեմայով հետաքրքրված անձանց համար հայտնում եմ հետևյալը.
1. Ջերմուկի քաղաքային համայնքում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 1-ը գործել է երեք գրադարան. աջափնայկում, Ձախափնյակում և Կեչուտ գյուղում: Թե Աջափնյակի և թե Ձախափնյակի գրադարանները գործում են բնակելի շենքերի առաջին հարկերի հարմարեցված տարածքներում, դրանք խոնավ են, իսկ աջափնյակինը` նաև արևազուրկ: Դրանց շենքային պայմանները թույլ չեն տալիս իրականացնել ընթերցողների գրադարանային սպասարկումը:
Այդ գրադարանները կարգի բերելու համար պահանջվող գումարների տրամադրումը անհեռանկար է, քանի որ վերին հարկերի բնակարաններից պարբերաբար թափվող ջրերը զգալի վնաս են հասցրել և հետագայում ևս կհասցնեն գրադարանի սպասարկման մակերեսներին և գրքերին: Հենց աջափնյակի գրադարանի ներկա վիճակը նշված պատճառով դարձել է աղետալի և ասվածի վկայությունն է:
Համայնքի մշակութային հարստությունը կազմող գրադարանային ֆոնդը վերջնական ոչնչացումից փրկելու և ի նպաստ բնակչության օգտագործելու մտահոգությամբ ծրագրվել է հատկացնել նոր շենքային պայմաններ վերին հարկերի օգտագործողներից ազատ ու անվտանգ: Այդպիսի շենքային պայմանները Ձախափնյակում են. նախկին մանկապարտեզի չօգտագործվող հատվածը վերակառուցելու և որպես գրադարան օգտագործելու նպատակով բյուջեից հատկացվել է 28 միլ դրամ:
Ներկայումս վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներն են կատարվում և մինչև տարեվերջ ավարտված կլինեն շինարարական աշխատանքները:
Գրադարանը կապահովվի բավարար ջեռուցման համակարգով, ինտերնետ կապով, կկահավորվի ժամանակակից կահույքով, համակարգչային տեխնիկայով, կներդրվեն գրադարանային ծրագրեր, կիրականացվի կադրերի վերապատրաստում:
2. Ջերմուկի բնակչության հիմնական մասը կենտրոնացված է Ձախափնյակում: Տարեցտարի աջափնյակի բնակարանները վաճառվում են դրսեկ անձանց, վաճառողները տեղափոխվում և բնակություն են հաստատում Ձախափնյակում:
Դրսեկ անձինք լավագույն դեպքում Ջերմուկ են այցելում միայն ամռան ամիսներին և գրեթե գրադարան չեն այցելում: Այնպես որ, ոչ միայն շենքային անհամապատասխան պայմանները, այլ նաև ընթերցողների թվի աստիճանական նվազումը անհեռանկար են դարձնում աջափնյակում գրադարան ունենալը:
Նոր ստեղծվող գրադարանը կիրականացնի համայնքի տարեցների ու տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց անվճար տնային սպասարկում:
3. Ջերմուկի աջափնյակ և ձախափնյակ մասերը գտնվում են մոտ տարածքներում, ներքաղաքային տրանսպորտային կապը ակտիվ է ու անխափան, Ջերմուկը մեկ համայնք է և ավելի լավ է ունենալ մեկ գերազանց պայմաններով, իր բովանդակությանն ու առաքելությանը համապատասխանող, Ջերմուկ այցելող զբոսաշրջիկներին ցուցադրման արժանի գրադարան, քան 50-60-ական թվականներին մի կերպ հարմարեցված երկու գրադարաններ` վերին հարկերի բնակիչների քմահաճույքի ներքո:
4. Ազատվող տարածքի հետագա օգտագործման նպատակահարմար տարբերակների մասին որոշում կընդունվի միայն այն ժամանակ, երբ ավարտված կլինի աջափնյակի գրադարանի միավորումը Ձախափնյակում ստեղծվող գրադարանին:
Այս պահին վերը նշված շրջանառվող լուրերը, իբր ինչ-որ բանկին վաճառելու մասին, հիմնազուրկ են և պարապ ուղեղի արգասիք:
Ջերմուկ հանայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել