
«ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շտապ մեկնել է Մոսկվա: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել չհաջողվեց, բայց քաղաքապետարանի «ՀԺ»-ի աղբյուրները նշում են, որ մոսկովյան այս այցը կապ չունի Երևանի խնդիրների հետ: Նա Մոսկվա է մեկնել գազի գնի շուրջ ծագած նոր խնդիրները հարթելու նպատակով:
«Գազպրոմի» ղեկավարությունը նախորդ օրը տեղեկացրել էր, թե ի հաճուկս Հայաստանում գազի սակագնի անփոփոխ մնալու հայտարարությունների` ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել: Սա լուրջ անհանգստություն է պատճառում հենց Երևանի քաղաքապետին` «Հայռուսգազարդի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին:
Խնդիրն այն է, որ եթե «Գազպրոմը», այնուամենայնիվ, որոշի բարձրացնել գազի գինը ՀՀ սահմանին, ապա սպառողներին մատակարարվող գազի սակագինը անփոփոխ թողնելու համար պետք է նվազի ներհայաստանյան սպասարկման գինը: Եվ այդ ժամանակ կպարզվի, որ 180 դոլարանոց գազը ՀՀ բնակչությանը 380 դոլարով վաճառելով` Կարապետյանի ղեկավարած «Հայռուսգազարդը» չհիմնավորված գերշահույթներ է ստացել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել