Արմավիրում 280 կմ երկարությամբ դրենաժային համակարգ մաքրման կարիք ունի
Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի գյուղնշանակության հողերը տնամերձի հետ միասին մոտ 510 հա է, մշակովին` 300 հա: Անցյալ տարի մոտ 100 հա հող չի մշակվել: Պատճառները տարբեր են. սոցիալական խնդիրներից սկսած մինչև հողերի աղակալում: Գյուղապետ Գարիկ Հովաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մոտ 70 հա հող արդեն աղակալած է և մշակելու համար ոչ պիտանի:
«Պատճառն այն է, որ դրենաժները ժամանակին չեն աշխատել, հողերն աղակալել են: Նախանցած ու անցած տարիներին էլ ընդհանրապես համայնքի տարածքի դրենաժները չեն մաքրվել»,- ասաց գյուղապետը:
Նման համայնքները մարզում քիչ չեն: Արարատյան դաշտավայրը գնալով վերածվում է անապատի, քանի որ աղակալած հողերը տարեց տարի ավելանում են, մինչդեռ Արմավիրի մարզի 24 համայնքում 2010թ. վերականգնվել է 50.4 կմ երկարությամբ ներտնտեսային ցանց` 1407.32 մլն դրամ արժեքով և 210.78 մլն դրամ համաֆինանսավորման գումարով: Ցանցը վերականգնվել է «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի միջոցներով և համայնքների կողմից 15% համաֆինանսավորմամբ:
Մարզում աշխատանքներն ընթանում են դանդաղ, ինչի հետևանքով էլ համայնքների գյուղնշանակության հողերի զգալի մասը դառնում է մշակության համար ոչ պիտանի: Արմավիրի 3 համայնքում հորատվել է ոռոգման 4 խորքային հոր: Մնացած համայնքներում վերանորոգվել է նախկինում չգործող 19 խորքային հոր:
Ինչպես «Հետքին» տեղեկացրին մարզպետարանից, ընթանում են Թալինի և Արմավիրի մայր ջրանցքների վերանորոգման աշխատանքները: Դրանք սկսվել են դեռևս 2009թ.-ից` Համաշխարհային բանկի աջակցությամբ: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 9.7 մլրդ դրամ:
2010թ. պետբյուջեի միջոցների հաշվին 13 համայնքում մաքրվել է 82.6 կմ երկարությամբ բաց դրենաժային ցանց, որի վրա ծախսվել է շուրջ 106 մլն դրամ: Իսկ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի միջոցով 18 կմ երկարությամբ ցանցի մաքրման աշխատանքներ են իրականացվել մերձարաքսյան ենթագոտու ևս 13 համայնքում:
Դեռևս չի լուծվել Արմավիրի մարզում շուրջ 280 կմ երկարությամբ փակ դրենաժային համակարգի մաքրման և վերանորոգման հիմնախնդիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել