Մադամ Գորքե
Գոլի Թարաղի
Մենք բոլորս` ես, երեխաներս, ժամանակ առ ժամանակ ինձ այցելող ընկերներս ու հարազատներս, շան նման վախենում էինք մեր բնակարանի ներքևի հարկում ապրող հարևանուհուց: Կյանքն օտարության մեջ` Փարիզում, ուղեկցվում էր ծածուկ տագնապով, մեղքի, ինքդ քեզ արդարացնելու զգացումով, որ եկել ես հեռավոր երկրից, մեկ ուրիշի տեղն ես գրավել, հարկադրված զիջումներով
, լուռ բարկությամբ, որն արտահայտելու համարձակություն չունես, ներքին արհամարհանքով, որ կրծում է ներսդ, սպասում հատուցման, հպարտությամբ, որ երկու հազար հինգ հարյուր տարի առաջ է ծնունդ առել, այդ ժամանակներից եկած մի հայացքով, որ թե անվճռական, թե արհամարհանքով է հետևում քաղաքակրթության ու նորարության խնդիրներին և չի ընկրկում, ու հավատով, որ մենք` Կյուրոսի ու Դարեհի թոռները, նույնիսկ պարտության, թշվառութան ու կործանման մեջ էլ կարող ենք բոլորին գերազանցել: Ինչո՞ւ, Աստված գիտե: Եթե նահանջում էլ ենք, մեղքը ձերն է, ձեր` անխորաթափանց, փողասեր, շահագործող արևմուտքցիներինդ: Մեղադրանքներիս մեջ գոնե մի ճշմարտություն կա, և դա մեր դժբախտության պատճառն է` ներքևի հարկի հարևանուհին: Ուրվական դարձած` միշտ ներկա էր մեր շփոթ ու խելացնոր կյանքում: Քայլելու, ծիծաղելու, անգամ խոսելու համարձակություն չունեինք: Երկար ճանապարհի փոշին դեռ մեզ վրա էր, Եվրոպայի վարք ու բարքի ինչու-ն ու ինչպես-ը չէինք հասկանում: Ծառաշատ այգեստանով մեր մեծ տնից, ընտանիքի, ծանոթների ու բարեկամների միջավայրից նետվել էինք աշխարհի մի անկյուն, լուսնոտների նման միմյանց շուրջն էինք պտտվում ու չէինք հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ ապրել` առանց մեկը մյուսին անհանգստություն պատճառելու. դա մեզ համար առավել զարմանալի էր: Կենդանիների վերափոխված երեխաներս սանձարձակ էին դարձել: Մեծս հինգ ու կես տարեկան էր, փոքրս` չորս: Նյարդային էին, իրենց վախը ականջ ծակող ճիչերով, բռունցքներն ու ոտքերը դռներին ու պատերին զարկելով էին արտահայտում: Տղաս աղջկաս էր խփում, ես` տղայիս, հարևանը` դռանը: Երբեմն էլ ավելի կոթով կամ երկար ձողով ներքևից իր սենյակի առաստաղին էր խփում, հետո պատուհանից կանչում` լռեք, կամ հեռախոսն այնքան էր զնգում, որ ես նրա ձայնը ոչ միայն լսափողից, այլև միջանցքի ծայրից էի լսում: Ինձ թվում էր` նրա շարունակական բողոքների արձագանքն աշխարհի չորս կողմից գալիս, գլխիս է լցվում: Սիրտս դող էր ընկնում: …Հարևանուհիս նոր մեթոդ էր մտածել: Պաշտոնական ու հանգամանալից մի նամակ մեզ ուղարկեց, ինչ-որ գործադիր վարչության բողոքագրի նման: Յոթ-ութ կարևոր կետ էր նշել. նախ` սենյակներում անհապաղ հաստ գորգեր փռել, որ քայլելիս ոտնաձայներ չլսվեն, կոշիկ հագնելից` հատկապես բարձրակրունկ, շատ զգույշ լինել, պատշգամբում չնստել, խոհանոցում և բաղնիքում չխոսել, քանի որ ծխատարներ կան, և ձայնը հեշտությամբ տարածվում է, առավոտ շուտ և երեկոյան` ժամը իննից հետո, լոգանք չընդունել, զուգարանի ջուրը չքաշել, պահարանների դռները չփակել, բացառել բարձր ձայնով ծիծաղելը, հազալը, փռշտալը, որովայնի փուք հանելը: Վերջին հրահանգը ընդգծված էր. հնարավորինս քիչ տանը լինել և երիտասարդ կյանքի ժամանակի մեծ մասը դրսում անցկացնել: Բացի հնազանդվելուց` ուրիշ ճար չունեինք: Սենյակների հատակը սպունգի հաստ շերտ ունեցող գորգերով ծածկեցինք: Ոտաբոբիկ էինք քայլում, խոսելու փոխարեն փսփսում էինք: Այցելողները կոշիկները դռան շեմին էին հանում: Մեր վախը նրանց էլ էր համակել: Համաձայնվեցինք զգույշ, լուռ լինել: Աստիճանաբար մոռացանք, որ մենք էլ մարդ ենք, և ամեն ոք իրավունք ունի իր չորս պատի մեջ ազատ լինել: Առանց ընդդիմանալու` կատարում էինք նրա բոլոր հրամանները, սովոր չէինք իրավունքներ պաշտպանել: Ինչ որ ունեինք, մեր պապերի թողած ժառանգության մնացորդներն էին: Մադամ Գորքեն այդ ամենը լավ գիտեր և օր օրի ատամներն էր սրում: Նրա պահանջներից ամենադժվարը ավելի շատ դրսում լինելու, վերջին կարգադրությունը կատարելն էր: Ո՞ւր գնալ: Ընկերներիս մեծ մասն արվեստագետներ, գրողներ ու նկարիչներ էին, կին ու երեխաներ չունեին: Բայց նաև մեզ ընդունելու համար չունեին մեծ տուն, փող ու հնարավորություն: Ամեն մեկն ապրում էր մի փոքրիկ սենյակում` լի գրքով ու թղթով կամ ներկով, վրձնով ու նկարակալներով: Ովքեր էլ ընտանիք ունեին, իրենց երեխաների ձեռքն էին կրակն ընկել, մերոնց համար համբերություն չունեին: Միակ տարբերակն այգի գնալն էր: Տան դիմաց մի անպետք այգի կար: Թաղի պառավների և արաբ աղախինների հավաքատեղին էր: Երեկոյան նրանց էին միանում նաև հարբած մուրացկանները, բաժանում օրվա հավաքած դրամը: Հոգնել էի այդ այգուց: Թվում էր` աշխարհի ցավը շալակս են տվել: Երեխաներիս միակ զվարճությունն այգում ավազով խաղալն էր կամ հին սղարանում սահելը: Լյուքսեմբուրգի այգին գեղեցիկ էր, բայց հեռու: Այնտեղ հասնել, Փարիզի փոփոխական եղանակի պայմաններում, վտանգավոր էր: Մեկ էլ` անձրև էր սկսվում, և մենք, որ անձրևանոց ու գլխարկ կրելու սովորություն չունեինք, ստիպված էինք լինում ժամերով մի խանութում պատսպարվել: Կիրակի օրերը, ի դժբախտություն մեզ, շարունակ անձրև էր տեղում. հարկադրված` տանն էինք մնում: Նեղլիկ նախասրահում էինք հավաքվում, բայց հարևանի բողոքը մեզ այդ ապաստարանից էլ զրկեց: Կյանքիս լավագույն պահերն այն ժամերն էին, երբ երեխաները` քնած, ներքևի բնակարանի լույսերը մարված էին լինում, իսկ ես երեք-չորս նամակ էի ստացած լինում աշխարհի չորս կողմը սփռված հարազատներիցս ու ընկերներիցս: Նամակները գիշերն էի կարդում անկողնուս մեջ` մի գավաթ սուրճով ու սիգարով: Առաջինը Լեյլիից էր: Թեհրանում էր ապրում: Գոհ էր, երջանիկ: Երեխաները դպրոց էին գնում և երկու հազար ընկեր ու բարեկամ ունեին, վազվզում էին այգում, փողոցում, թաղի հրապարակում և ռումբերից ու պատերազմից չէին վախենում: Երկրորդ նամակը Դարեհ «Ա»-ից էր: Այնքան տխուր ու դառն էր, որ լաց եղա: Գործազուրկ էր, ապրուստի միջոց չուներ: Տղան դասալիք էր, ընկերները` փախստական: Ապագան այնքան սև էր ներկայացնում, որ սարսափեցի: Երրորդը պարոն Քաֆիից էր: Նա էլ լավ բաների մասին չէր գրում: Ամենավատ լուրը եղբորորդուն գնդակահարելն էր: Եղբոր կինը տղայի մահից հետո երկու անգամ ինքնասպանության փորձ էր արել: Օր օրի ամեն ինչ թանկանում էր. շուտով բոլորը սովից կմեռնեն: Աֆղանցի սպասավորներն ամեն երեկո հարձակվում են տների վրա, ահել-ջահել չեն հարցնում, գլխատում են բոլորին: Ռուսներն ամերիկացիների հետ համաձայնության էին եկել. Իրանի մասնատումը նրանց ձեռնտու էր: Այգեպան Մաշադ Աքբարի տղաները «Մահմուդիե» կոմիտեի անդամ էին դարձել, ուզում էին իր ունեցվածքը բռնագրավել: Վերջին նամակը մորիցս էր: Մի քանի էջանոց, պարսկական ֆիլմի սցենարի նման, հակասական իրադարձություններով ու դեպքերով լի: Նամակում մարդիկ կամ շատ երջանիկ էին, կամ ահավոր դժբախտ: Հյուրասիրություններ, զբոսանք, զվարճություն. բոլորը միասին էին, ուտում էին, խմում, աղոթում Իսլամական Հանրապետության բարօրության համար: Հետո մտքի ընթացքը կտրուկ փոխվում էր: Մնացած էջերում պատմում էր զրկանքների մասին. լույս չկա, ջուր չկա, միս չի ճարվում, խոլերան տարածվում է` դեղ ու բժիշկ չկա, խաղաղություն, ոստիկան ու կարգը հսկող չկա, թանկությունն ու երաշտը չարիք են դարձել, երկու մետր ձյուն է եկել, շատ ցուրտ է, նավթ չի ճարվում, իսկ ամենավատը մենակ մնալն է ու մենակությանը դիմանալը: Ավարտին կրկին հայհոյանք էր` ուղղված Եվրոպային, Փարիզին: Ապսպրում էր, որ մեր երկրում մեզ համար տուն-տեղ դնենք: Գրում էր` ով հեռացել է, սխալվել է: Ու նորից հյուրասիրություններից, ուտել-խմելուց, զվարճանքներից էր խոսում: Ամենավերջում անսպասելիորեն հայտարարում էր` որոշել եմ ունեցած-չունեցածս վաճառել, մի խուց գնել օտարի հողում, որ կյանքիս վերջին տարիները խաղաղ ապրեմ: Ուշ էր, քունս չէր տանում: Աղջիկս ծաղկախտով էր վարակվել, ջերմության մեջ վառվում էր: Սրտնեղել էի, չգիտեի` ումից օգնություն խնդրել: Փորձեցի գրել, չստացվեց: Մի գիրք վերցրի, կարդում էի, բայց էջը ավարտել էի, հասկացա` ոչ մի բառ չեմ հիշում: Երկու օր էր` միապաղաղ անձրև էր մաղում: Երանի, մեկն այցելության գար: Թեհրանում նույնիսկ ձմռան ցրտին արևոտ եղանակ է: Լեյլին ամեն ուրբաթ առավոտյան ընկերների հետ սար է բարձրանում: Լանջի սրճարանում նախաճաշում են: Եթե լսեր այդ խոսքերը, Դարեհ «Ա»-ն կծիծաղեր: Նա գրում էր` սարերն էլ են սգում, մարդկանց գլխին երկնքից սև ձյուն է թափվում: Երեխաները քնած էին, երկուսն էլ ջերմում էին: Սիրտս մրմռում էր: Երանի, մեկն այցելության գար: Ինքս ինձ ասացի` կվերադառնամ: Իմ քաղաքում հորեղբայր, հորաքույր, մայր ունեմ: Երբ կամենամ, կարող եմ նրանցից օգնություն խնդրել: Ոչ մեկն այնտեղ գլխիս նստած չէ, ոչ էլ ես եմ ուրիշի գլխին նստած: Հարևաններից չեմ վախենում, կարող եմ տանս մեջ գոռալ, ցատկել, ծիծաղել, լացել, պարել: Դարեհը դեմ է վերադառնալուս, ասում է` որտեղի՞ց քո տանը ազատություն, զույգ կազմիր, սեր արա, այստեղ մեռնելն էլ մեր կամքով չէ, ամեն ինչ, սկզբից մինչև վերջ, կանխորոշված է: Ի՞նչ անեմ. գնա՞մ, թե՞ մնամ: Դուռը թակում էին: Ականջ դրեցի: Վեր թռա: Ո՞վ կարող է լինել այս ժամին: Դռան զանգը չէր աշխատում: Սկսեցին բռունցքով դռանը խփել: Սիրտս տրոփեց. հաստատ վատ լուր են հայտնելու: Հաստատ մորս մի բան է պատահել… եղբորս են բռնել… ոստիկան է… փախստական ընկեր է… Գիրքը գցեցի, ոտքս ընկավ էլեկտրալարին: Գիշերանոցիս վրայից մի շապիկ հագա: Երեխաները քնած էին: Ո՞վ կարող էր լինել: Մոտեցա դռանը, պարսկերենով, ֆրանսերենով հարցրի` ով է: Դուռը բացեցի: Ի՞նչ… ներքևի հարկի հարևա՞նը: Նրան չէի սպասում: Գիշերվա այդ ժամին պիտի որ քնած լիներ, գալու պատճառ էլ չուներ: Շվարած կանգնել էի, զգում էի` գունատվում եմ: Սիրտս անկանոն զարկում էր, ձեռ ու ոտս թուլացել էր: Մադամ Գորքեն անվճռական վիճակս որ տեսավ, ձայնը բարձրացրեց: -Էս ի՞նչ եք անում: -Ի՞նչ: Հարցնում էր` ինչ աղմուկ-աղաղակ է, ի՞նչ իրարանցում է գիշերվա այս ժամին: -Ի՞նչ աղմուկ-աղաղակ: Սովորություն էր դարձել նրան զիջելը: Մտածեցի` երեխաներն արթնացել են, ցատկոտում են: Վազեցի նրանց սենյակի կողմը: Ականջ դրեցի: Ծպտուն անգամ չկար: Անհեթեթություններ էր դուրս տվել, առանց պատճառի էր եկել: Այս անգամ իրավունքն իմն էր: Այդ պարզ ճշմարտությունը հասկանալու համար ֆրանսերեն իմանալ, Արևելքի ու Արևմուտքի քաղաքակրթություն ճանաչել պետք չէր: Մեր տանը ձայն չկար. ներքևի հարկի տիկինը սխալվում էր: Այս անգամ այլևս կուլ չգնացի: «Իրավունք ունենալ»-ը գերազանցություն, համարձակություն ու ուժ տվեց ինձ: Գլուխս բարձացրի, ձայնս մի կերպ դուրս եկավ, հարցրի. «Ի՞նչ ձայն»: Մադամը չէր սպասում. քարացավ: Գլուխը երկարացրեց, մի հայացք նետեց տան ներսը: Ավելի բարձր հարցրի. «Ի՞նչ ձայն»: Մադամի կմկմոցն ինձ ավելի համարձակ դարձրեց: Մեջս կուտակված բարկությունը եռաց, ջերմությունը տարածվեց ամբողջ մարմնովս: Շիկացա, գոռացի: Հարևանուհիս շփոթվեց: Ավելի արիացա: Մի քայլ առաջ գնացի, նայեցի Գորքեի դեմքին, առաջին անգամ տեսա նրան այնպիսին, ինչպիսին կար: Նրան այլ կերպ էի պատկերացնում: Ինձ թվում էր` պառավ է, մազոտ, եղջյուրներով ու մորուքով, վարազի ատամներով, դևի է նման: Բայց բնավ այդպիսին չէր: Իմ տարիքին էր, իմ հասակին ու քաշին: Շագանակագույն կարճ մազերով` անլվա, յուղոտ: Նման չէր կոկիկ հագնված ֆրանսուհիներին: Շրթունքների երկու կողմում խորը կնճիռներ կային. դրանից նրա դեմքն ավելի էր խոժոռվում: Հոգնած էր ու նյարդային: Հղի էր: Նման էր մնացած տառապյալ կանանց, որոնք, լույսը չբացված, աշխատանքի են գնում, վերադառնում ուշ երեկոյան` ծեծված, անհույս, ու հեռուստացույցի մոտ ուշաթափ ընկնում: Ձեռք ու ոտքով, ջարդված ֆրանսերենով նրան բացատրեցի, որ երեխաները քնած են, որ ինքս էլ անկողնու մեջ էի: Մեկ էլ գլխի ընկա, որ մայրենի լեզվով եմ խոսում կամ էլ անգլերենով, որին ավելի լավ էի տիրապետում: Ֆրանսիացիները վախենում են անգլերենից, մանկական հպարտությամբ ու համառությամբ չեն ուզում սովորել այդ լեզուն: Բայց դա` միայն առերևույթ. հոգու խորքում նրանք հմայված են Ամերիկայով ու ամերիկացիներով: Բերանս բացվեց: Բլբուլ էի դարձել: Այլևս ոչինչ չէր պահում: Ընկել էի բառերի օվկիանոսի մեջ ու լողում էի` առանց երկար-բարակ մտածելու: Խոսքի ուժն արբեցրել էր: Կարող էի իմ նախընտրած լեզվով հայհոյել նրան և հենց դա էլ անում էի: Չգիտեի` մադամ Գորքեն հասկանո՞ւմ էր` ինչ եմ ասում, թե՞ չէ. ինձ համար միևնույնն էր: Ձայնիս թնդյունը, հայացքիս փայլը, շարժումներումս առկա հարձակողականությունը հարևանուհուն ասում էին` վերադարձիր գերեզմանդ: Եթե մի անգամ էլ համարձակվեր այս կողմերում երևալ, նրանից մնացած ամենամեծ կտորն ականջն էր լինելու: Մի կին, որ այդքան փնթի լինի… անհասկացող էշի պես դժբախտ… Գոռում էի, թափահարում էի ձեռքերս, ոտքս բարձրացրել էի` պատրաստ նրան հարվածելու: Ինչքան ընդարձակվում էի, այնքան մադամ Գորքեն փոքրանում էր: Կարծես մի գառնուկ լիներ, որին պատրաստվում էին մորթել: Փոխակերպմանս ընթացքում ավելի բարձրահասակ դարձա, ատամներս դևի ատամների նման դուրս ցցվեցին, զգացի, որ մորուք ու պոզեր էլ աճեցին ինձ վրա: Զվարճանում էի վիշապի պես. եթե բաց թողնեին, մադամին միանգամից կուլ կտայի: Հա, հա, հա… Մադամ Գորքեն թույլ ճիչ արձակեց, վազեց վերելակի կողմը: Չէի հանդարտվում: Աստված գիտի, ինչեր էի ասում: Ուժս ցուցադրելու մոլուցք էր մեջս մտել: Ուզում էի դռները բախել, բողոքել, կարգադրել, որ չքայլեն, ճանկռոտել հարևանների երեսները: Վերելակի դուռը բացվելուն պես ներքևի հարկի հարևանուհին թռավ նրա մեջ ու չքացավ: Իսկապես չքացավ: Հաջորդ օրը և դրանից հետո նրանից ոչ մի լուր չունեի. կարծես ցնդել էր: Ամիսներ անց շենքի դիմացի մայթին պատահաբար դեմ-դիմաց դուրս եկանք: Երկուսս էլ շրջեցինք երեսներս, անցանք: Միակ հիշողությունը, որ նրանից մնաց, կլոր փորն ու հոգնած աչքերն էին: Կյանքն` առանց մադամ Գորքեի, աստիճանաբար բնականոն հունի մեջ մտավ: Կոշիկներով քայլում էինք տան մեջ, առանց վախենալու խոսում, նույնիսկ լավ եղանակին էինք նստում պատշգամբում: Ծիծաղելուց էլ չէինք վախենում: Երեխաներն ավելի հանգիստ էին. դևի ստվերը էլ չէր հետապնդում: Երբ ցանկանայինք, զբոսանքի էինք գնում. դրսում մնալն այլևս պարտադրված չէր: Ամառվա մի օր` լուսաբացին մոտ, նորածնի միալար լացի ձայն լսվեց: Արթնացա: Լարեցի լսողությունս. լացը ներքևի հարկից էր: Ժպտացի: Մադամ Գորքեն չարչարվում էր. հիմա էլ նրա հերթն էր անքուն մնալու: Տարիներ են անցել, բայց մենք դեռ մտածում ենք վերադառնալու մասին: Երեխաները մեծացել են, ինքնուրույն են դպրոց գնում-գալիս: Նրանց շփոթվածությունն ու անհանգստությունը համարյա վերացել էին: Ներքևի հարկի հարևանուհուց ունեցած վախի մասին էլ չեն հիշում: Աշնան սկիզբն էր և այն տխրահռչակ կիրակիներից մեկը, երբ եղանակը մռայլ էր, անձրևային: Երեխաները տանն էին: Երեկոյան հյուրեր էինք ունենալու: Գնացի թանկավաճառ մի արաբից գնումներ անելու. նրա խանութը հանգստյան օրերին էլ չէր փակվում: Մուրացկանների այգու մոտով էի անցնում: Նկատեցի մադամ Գորքեին: Նստել էր նստարանին, անորոշ հայացքը հառել հեռավոր մի կետի: Մրսում էր: Բաճկոնի օձիքը բարձրացրել էր, կծկված էր: Կիսաբաց մի գիրք էր ծնկերին դրված: Կիսամար սիգար կար մատների արանքում: Մազերը, ինչպես միշտ, յուղոտ ու կեղտոտ էին: Աջ ոտքը երկարացրել էր, մյուս ոտքի սրունքը փաթաթել աջին: Կոշիկը դուրս էր սահել: Երեխան խաղում էր հողով: Գորքեն այնքան թախծոտ էր, որ խղճացի: Ինքս ինձ հարցրի` ինչու է այդ եղանակին նստել դրսում` քարե նստարանին: Միտս ընկավ նրա նամակը: Անշուշտ, մի ուրիշ մադամ Գորքե էլ նրան է կարգադրել, որ երեխային դրսում պահի: Հարմարավետ շենքի ներսում, որի առաջ գեղեցիկ այգի ու եկեղեցի կային, դարան էր մտել տասը գայլ` գառի տեսքով: Նրանք կորցրել էին իրենց անհաջողությունների հաշիվը: Հոգնած, անհույս գայլեր էին` փոքր, ցնորական ցանկություններով, երջանիկ օրվա, ինչ-որ լավ բանի սպասումով: Ինքս ինձ հարցրի. «Այլ կերպ հնարավո՞ր է»: Հնարավո՞ր է… Անձրևի երկու-երեք կաթիլ դեմքիս ընկավ: Քայլերս արագացրի: Հարևանուհին նստած էր նույն նստարանին նույն դիրքով: Մի հարբած մուրացկան էր ծառերի տակ փռված: Գուցե և մեռած էր. ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում: Հիշեցի հյուրերիս մասին: Շտապեցի: Մտքերով էի ընկել ու գնումներ կատարելու, կերակուր պատրաստելու անհրաժեշտության մասին մոռացել էի:
1989թ. հոկտեմբեր, Փարիզ
Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել