HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարություն են ընդունել

Ռուսաստանի Սոչի քաղաքում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՌԴ նախագահի հրավերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անցկացվող հերթական բանակցությունների ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել անցյալ տարի Աստրախանում ընդունված համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ: Եռակողմ հանդիպումից հետո նախագահների բանակցությունները շարունակվել են նաև աշխատանքային ճաշի ժամանակ: Նախագահներն այնուհետև այցելել են Սոչիի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը: Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների համատեղ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2011թ. մարտի 5-ին հանդիպեցին Սոչիում և հանգամանորեն քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը` նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին. 1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը 2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ: Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձևաչափով` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter