Ինչով է այսօր զբաղվում սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը
Զբաղվում եմ հասարակական գործունեությամբ: «Լոռվա ձոր» հայրենակցական միության կազմում մասնակցում եմ տարբեր միջոցառումների, որոնք նպատակաուղղված են մեր ձորի ու մեր բնաշխարհի խնդիրները բարձրացնելուն:
Ի՞նչ վիճակում է Ձեր նախաձեռնած «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջության զարգացման ծրագիրը: Ձեր պաշտոնաթողությունից հետո ծրագիրը չի՞ տուժի:
Դա իմ պաշտոնի կամ պաշտոնաթողության հետ բնավ կապ չունի, դա ՀՀ Կառավարության որոշումն է, որ նպատակաուղղված է հյուսիսային տարածաշրջանի մի քանի համայնքների զարգացմանը` տուրիստական ենթակառուցվածքների առումով:
Ձեր պաշտոնաթողության հետ կապված մամուլը ամենատարբեր գնահատականներ տվեց: Ի պատասխան այդ հրապարակումների` Դուք առ այսօր Ձեր խոսքը չեք ասել:
Ես շատ պարզ բան եմ ասում. երբ կլինեն ստուգումների եզրակացությունները, այն ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Եվ ասեմ` իմ պաշտոնաթողության հետ կապված մի հանգամանք էլ կա, որպեսզի ստուգումների համար խոչընդոտ չլինի, ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել, ընդ որում` այդ հրաժարականի դիմումը առաջին անգամ չեմ ներկայացրել, եւ տարբեր պատճառներով եմ դա ներկայացրել: Հետագայում եւ ժողովուրդը, եւ, եթե կարիք լինի, իհարկե, իրավապահ մարմինները կդատեն: Ամեն դեպքում պետք է ասեմ, որ ես իմ գործունեության 6 տարիների ընթացքում էնպիսի բան չեմ արել, որի համար անհարմար զգամ կամ ամաչեմ, գլուխս կախեմ: Եվ չեմ կարծում, որ այնպիսի խախտումներ կան, որ ես ունենամ քրեական հեռանկար: Բոլոր դեպքերում ասել եմ, որ ես սպասում եմ ստուգումների եզրակացություններին, որից հետո իմ գնահատականները կհնչեցնեմ:
Ե՞րբ կավարտվեն ստուգումները:
Հաշվի առնելով այն ծավալը, որ կա, հնարավոր է, որ ստուգումները տեւեն մինչեւ մայիս-հունիս ամիսներ: Բայց կարող են նաեւ շուտ ավարտվել:
Այդուհանդերձ, Դուք համոզվա՞ծ եք, որ Ձեր կողմից քրեորեն հետապնդելի արարք չի կատարվել:
Անշուշտ: Ու նաեւ պետք է ասեմ, որ դա մարդիկ կարող են դատել էն կենցաղից, որ ես ունեմ: Գուցե մարդիկ կան, որ գտնում են, որ ես շատ հոռի կենցաղ ունեմ, կամ այնպիսի կենցաղ, որ իրենք կարող են մտածել այդ արարքի մասին: Բայց գոնե մեր տարածաշրջանում այն մարդիկ, ովքեր մեր ընտանիքին ճանաչում են, ովքեր մեզ ճանաչում են, չեմ կարծում, որ այնպիսի կարծիք կունենան: Միշտ էլ լրատվամիջոցների մոտ գայթակղություն կա ավելի կծու, ավելի դառը ներկայացնել, իհարկե, կա այդ ամենը, եւ դրան ես նորմալ եմ վերաբերվում: Ասեմ, որ ովքեր նմանատիպ հոդվածներ են գրել կամ տպագրել, ես որեւիցե խնդիր չեմ ունեցել իրենց հետ կապված, որովհետեւ նրանց մի մասը նաեւ ինձ ճանաչում են եւ իմ կենցաղին էլ են ծանոթ: Իսկ ինչո՞ւ են նման հոդվածներ տպագրում, արդեն լրագրողական հնարքներ են:
Իսկ չե՞ք կարծում, որ ԱԺ Վերահսկիչ պալատն է այդ տեղեկատվությունը փոխանցում մամուլին:
Չէ, նման բան չէի ուզենա ասել, որովհետեւ նման փաստերի չեմ տիրապետում: Գիտեք, պարզապես ոնց որ մեր հասարակության մեջ նկատում եմ, անընդհատ զոհերի պահանջ կա: Այսօր ժողովրդի վիճակը չի բարելավվում, դրա համար պետք է գտնեն ինչ-որ մեղավորներ, ինչ-որ զոհեր են անհրաժեշտ, հնարավոր թիրախներ են փնտրվում, հնարավոր է, որ այդ թիրախներից մեկն էլ ես լինեմ: Դրան նորմալ եմ վերաբերվում:
Լոռեցիները, անկախ Ձեր պաշտոնաթողության հետ կապված խոսակցություններից, Ձեզ համարում են Ձեր ծննդավայրի` Ախթալայի նվիրյալ: 2010 թ. ի՞նչ նախաձեռնություններ եք ունեցել:
Լավագույն աշխատանքն այն է, որ մեր եկեղեցին վերջապես ունեցավ հոգեւոր սպասավոր, եւ եկեղեցին ունեցավ այն հարմարությունները, որ հայաստանյան շատ եկեղեցիներ, դժբախտաբար, չեն ունենում: Մեր նվիրումը դրսեւորվեց նաեւ նրանով, որ Ախթալայի հանրահայտ դառնալու հետ կապված` տարբեր գործեր ենք կատարել: Պետք է ասեմ, որ 2010 թ. մենք հրապարակեցինք հայերեն եւ անգլերեն լեզուներով Ախթալայի մասին պատկերազարդ գրքույկ, տարբեր ֆիլմեր ստեղծեցինք, շատ զբոսաշրջային ընկերությունների հրավիրեցինք մեր քաղաք: Ախթալայի մանկապարտեզի վերանորոգման համար մենք բարերարներից ուղղակի խնդրել ենք, որ ներդրումներ կատարեն: Պետական եւ համայնքային բյուջեից մանկապարտեզի վերանորոգման համար որեւէ ներդրում չի կատարվել: Այլ աշխատանքներ էլ են կատարվել, որոնց դուք մի քանի օր առաջ անդրադարձել եք «Հետքում», դրանք աննպատակահարմար եմ համարում կրկնել:
Ի՞նչ կարող եք անել Ախթալայի համար 2011 թ.:
2011 թ. սեպտեմբերին կանցկացնենք խորովածի փառատոն: Ասեմ ավելին: Մենք նաեւ կմասնակցենք խորովածի փառատոնի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Գերմանիայում, մայիսին: Աշխարհի առաջնությանը կմասնակցի նաեւ ալավերդցի Արմեն Քեֆիլյանը: Երբ 2008 թ. եղբայրս առաջադրվեց Ախթալայի քաղաքապետի թեկնածու, մենք ասում էինք, որ Ախթալան պետք է լինի Լոռու մարզի ամենաօրինակելի համայնքներից մեկը` հարկերի հավաքագրման եւ աշխատանքների իրականացման ծավալով: Հիմա մենք կարող ենք վստահաբար ասել, որ մեր խոստումը կատարել ենք: Անցյալ տարի Ախթալան արժանացավ ՀՀ լավագույն մարզական բակ կոչման` գրավելով 2-րդ տեղը, այսինքն` Ախթալան այսօր մրցակցում է Երեւանի համայնքների հետ: Հարկերի հավաքագրման տեսակետից 100 տոկոսից ավելի է հավաքագրումը, կապիտալ շինարարության աշխատանքները շուրջ 3 անգամ գերազանցել են Ախթալայի բյուջեն: Կարող եմ ասել, որ տեղի արդյունաբերական ձեռնարկատերը` կոնկրետ լեռնահարստացման կոմբինատը, որեւէ էական ներդրում չի ունեցել համայնքի զարգացման գործում:
Ինչպե՞ս եք այսօր գնահատում բարոյահոգեբանական մթնոլորտն Ախթալայում:
Դժբախտաբար, պետք է ասեմ` հակասական, կա երկուստեք իրար հետ մրցակցող գաղափար: Կան մարդիկ, ովքեր, իրենց անձնական շահերից ելնելով, չեն ուզում նկատել մի շարք հանգամանքներ, որոնք, դժբախտաբար, Ախթալայում կային եւ գոյատեւում էին, որոնք վերջերս բացահայտվեցին: Սրան զուգահեռ Ախթալայում կա բավականին առողջ հատիկ, ովքեր միավորված են դպրոցի տնօրենների, ուսուցչական կոլեկտիվների, առողջապահական հիմնարկների կոլեկտիվների շուրջ, շատ մեծ դեր է խաղում նաեւ քահանան: Նրանք էլ ամեն ինչ անում են Ախթալայի` որոշ առումներով կորցրած վարկանիշը վերականգնելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել