HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Այրումը ոչ քաղաք է, ոչ` գյուղ

2006 թվականից Այրումը քաղաքի կարգավիճակ ունի: Ընդամենը 2637 բնակիչ ունեցող քաղաքը հայտնի է Հայաստանի մուտք հանդիսացող երկաթուղային կայարանով: Այրումը կայարանին կից բնակելի թաղամաս ունի` 36 ընտանիքով բնակեցված: Յուրաքանչյուր ընտանիք կայարանում աշխատող ունի: Ի տարբերություն այդ թաղամասի, Այրումում գործազրկության խնդիրը շատ սուր է: Երբեմնի արտադրական հսկան` Այրումի պահածոների գործարանը, հիմա չի աշխատում: Այդ գործարանից ոչ հեռու ցեոլոիտի (օգտակար հատկություններով հանքային փոշի) վերամշակման փոքր ձեռնարկություն կա` 20 աշխատողով: Սակայն ներկայումս այս ձեռնարկությունը չի գործոււմ, իրացնում է նախկինում պահեստավորված արտադրանքը: «Մենք ոչ քաղաք ենք, ոչ` գյուղ: Ամեն տուն մի 300 քմ հող ունի: Երիտասարդության մեծամասնությունը քարի վերամշակման արտադրամասերում է աշխատում, մի 15-20 երիտասարդ էլ ամռանը «խոպան»` Ռուսաստան է գնում, աշնանը վերադառնում»,- ասում է 2008 թ. հոկտեմբերից համայնքը ղեկավարող Գիգոլ Եգանյանը: Այրում բանավանը 1937 թ. հիմնվել է Լճկաձոր գյուղի հողերի վրա: Բնակավայրն ընդամենը 29.8 հա հող ունի, որից գյուղատնտեսական նշանակության` 17.4 հա, արտադրական նշանակության տարածքները` 4,5 հա, տնամերձ հողամասերը` 1.5 հա: Այրումի 2011 թ. բյուջեն 34.7 մլն դրամ է, որից 29.5 մլն-ը` պետական լրավճար: Քաղաքի 680 ծխերից 89-ը ընտանեկան նպաստ է ստանում: Համայնքի բյուջեի զգալի մասը ծախսվում է համայնքապետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողներին աշխատավարձ վճարելու համար: Այս տարի նախատեսվում է բյուջեի 3 մլն դրամով համայնքի գլխավոր ճանապարհի փոսային նորոգումներ կատարել: Փոքր քաղաքն ունի մշակույթի պալատ, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, գեղարվեստի խմբակ: «Մանկապարտեզ 60 երեխա է հաճախում, եւս 50 դիմում ունենք, սակայն համապատասխան տարածք չունենք»,- ասում է համայնքապետը: Համայնքապետարանը նախկինում տեղավորված է եղել պահածոների գործարանի նախկին հանրակացարանի առաջին հարկում, խոնավ պայմաններում: Ներկայումս համայնքապետարանը մանկապարտեզի շենքի երկրորդ հարկում է տեղակայված: Այս շենքում է գործում նաեւ 49 սան ունեցող երաժշտական դպրոցը: Մշակույթի կենտրոնի շենքի տանիքը շատ վատ վիճակում էր, անձրեւներից այնտեղ թզենի էր բուսնել: Երկու տարի առաջ, երբ Այրումի բոլոր թզենիները երաշտից թոշնել էին, մշակութային օջախի տանիքի այդ ծառը թարմ տեսք ուներ: Անցյալ տարի գործարար Ռոզա Ծառուկյանի տրամադրած 5 մլն դրամով շենքի տանիքը հիմնանորոգվեց, շենքը փրկվեց փլուզումից, սակայն կառույցի ներսը նորոգման կարիք ունի: Այրումի համար ամենասուր խնդիրները խմելու ջրի որակն ու կոյուղին են: Միջպետական ճանապարհից Այրում թեքվելիս տեսնում ես ճանապարհի եզրի բաց կոյուղին: Քաղաքի կոյուղու ցանցը հին է, մաշված, ժամանակ առ ժամանակ կոյուղու տարբեր հատվածներում վթարներ են առաջանում` գարշահոտ տարածելով: «Անցյալ տարի Ասիական բանկի ֆինանսավորմամբ Այրումում խմելու նոր ջրագիծ անցկացվեց: Սակայն մեզ համար առավել կարեւոր էր կոյուղու ցանցի նորոգումը: Հարկ է կես դար առաջ կառուցված կոյուղագծերը փոխել, հին խողովակների փոխարեն ավելի մեծ տրամաչափով նոր խողովակներ տեղադրել»,- ասում է Այրումի քաղաքապետը: Պակաս մտահոգիչ չէ խմելու ջրի որակը: Այրումն օգտվում է խորքային հորերի ջրից: Հորը բավականաչափ հեռու է Դեբեդից, սակայն այդ ջուրը հագեցած է ծանր մետաղներով, այն տեխնիկական ջուր է հիշեցնում: Մինչեւ 90-ական թվականների կեսերն Այրումն օգտվել է Ստեփանավանի խմելու ջրագծից: Հիմա էլ այդ ջրագիծը կարող է Այրումը սնուցել, ջուրը մինչեւ Շնող է հասնում: Մնում է գործարկել սարքին վիճակում գտնվող Շնող-Այրում մոտ 20 կմ երկարությամբ ջրագիծը: Այս առնչությամբ Այրումի քաղաքապետը նամակ է գրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության հավատարմագրային կառավարումն իրականացնող ֆրանսիական «Սաուր» ընկերության ղեկավար Պատրիկ Լորենին եւ ակնկալում է հարցի դրական լուծում: Այրումցիների համար կենսական խնդիր է նաեւ 1989 թ.-ից կիսակառույց բնակելի շենքի գործարկումը: Արդեն 22 տարի շենքի առաջ հառնող 2 աշտարակ-կռունկներն անգործության են մատնված: Կիսակառույցն էլ տեղումներից քանդվում-մաշվում է: Համայնքապետ Գ. Եգանյանն ասում է, որ շենքի` որպես համայնքային սեփականության վկայական է ձեռք բերել: Համայնքի ղեկավարը նաեւ համաձայնություն է ձեռք բերել սպիտակցի ներդնողների հետ, որպեսզի նրանք ավարտեն 34 բնակարանոց կիսակառույցի շինարարությունը եւ այն, որպես բնակարաններ, վաճառեն այրումցիներին: Իսկ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներն այստեղ քիչ չեն: 13 ընտանիք բնակվում է նախկին արտադրամասի տարածքում, որը վերածվել է հանրակացարանի: Այրումում ներկայումս պետական բյուջեի կամ միջազգային որեւէ կազմակերպության ֆինանսավորմամբ ոչ մի ծրագիր չի իրականացվում: Խիստ կարեւոր է Այրում կայարանի ավտոմոբիլային կամուրջի նորոգումը: Անցյալ տարի ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի ֆինանսավորմամբ կառուցվեց երկաթուղային Այրում կայարանի նոր կոյուղագիծ: Մինչ այդ գարշահոտը խեղդում էր երկաթուղով Հայաստան ելումուտ անողներին: Այրումի համայնքապետի խոսքերով` կայարանը «մեծ աշխարհին» կապող միակ կամուրջը գտնվում է պետության հաշվեկշռում: Դրա պատերը ծռվել են, եւ կամրջի փլուզման իրական սպառնալիք կա: Մինչդեռ այդ կամուրջը ոչ միայն այրումցիներին, այլեւ ողջ Հայաստանին է ծառայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter