Կապանցի կրպակատերերը դժգոհ են համայնքային իշխանության որոշումից
Կապանում ապամոնտաժվում են միջպետական ճանապարհահատվածի հարևանությամբ տեղադրված տաղավարները: Կապան քաղաքի միջով անցնող միջպետական մայրուղու հարևանությամբ տեղադրված է 100-ից ավելի մետաղական տաղավար, որոնք վատ են անդրադառնում քաղաքի արտաքին տեսքի վրա և չեն վրիպում մարզ այցելած հյուրերի աչքից:
Նախագահ Սերժ Սարգսյանը Կապան կատարած վերջին այցի ժամանակ նկատողություն էր արել, որ միջպետական ճանապարհի հարևանությամբ տաղավարներ են տեղադրված, և քաղաքապետին հանձնարարել էր լուծել տաղավարների հարցը:
Այժմ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի կարգադրությամբ սկսվել է համայնքի վարչական տարածքում, միջպետական նշանակության ճանապարհի պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում ժամանակավոր տեղադրված տաղավարների ապամոնտաժման և տեղափոխման գործընթաց: Առաջնահերթ տեղափոխվում են չգործող կրպակները, որոնք մարդիկ օգտագործում են որպես պահեստ: Հետո հերթը կհասնի նաև այն կրպակներին, որոնք տարիներ շարունակ հարկեր չեն վճարել:
«Միջպետական մայրուղու հարևանությամբ գտնվող կրպակները հանելուց հետո հերթն արդեն կհասնի քաղաքի մյուս փողոցների կրպակներին: Մենք հանելու ենք մետաղական բոլոր տաղավարները միջպետական ճանապարհի հարևանությամբ: Կա կառավարության 968 որոշում` հյուսիս-հարավ միջպետական ճանապարհի մասին, ըստ որի` պահպանման և օտարման գոտիներում գտնվող անօրինական տաղավարները պետք է հեռացնենք այդ հատվածներից»,- նշում է Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Վիլեն Բադալյանը:
Պատասխանատուները հավաստիացնում են, որ տաղավարներից և ոչ մեկը պետական գրանցում չունի. ժամանակին ընդամենը երկկողմանի համաձայնագիր է կնքվել քաղաքապետարանի և կրպակատերերի միջև, որ հարկային դաշտում աշխատելիս վերջիններս օրինական ձևակերպում ունենան և համապատասխան վճարումներ կատարեն:
Կապանի միջով անցնող միջպետական մայրուղուն հարող տարածքներում տեղակայված, չգործող կրպակներից 13-ն արդեն հանվել է: Քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովն առայժմ հաշվառել է 52 այդպիսի կրպակ, որոնք նախապես ուսումնասիրվել են, կրպակատերերին տրվել են գրավոր հանձնարարագրեր և 10 օր ժամանակ, որ հանեն ու տեղափոխեն իրենց չգործող կրպակները: 52 կրպակատիրոջից միայն 2-ն է ինքնակամ տեղափոխել իր տաղավարը, իսկ մյուս կրպակները տեղափոխում են քաղաքային իշխանությունները:
«Նշված ժամանակում չհանելու դեպքում, բոլոր ծախսերն ընկնելու են կրպակատերերի վրա: Քանի որ այդ ընթացքում նրանք համապատասխան քայլեր չեն ձեռնարկել, մենք տեղափոխում ենք կոմունալ ծառայությանը պատկանող տարածք: Եթե կրպակատերը տաղավարը հետագայում վերադարձնելու ցանկություն ունենա, ապա նախ պետք է դիմում ներկայացնի Կապանի քաղաքապետին, ստանա նրա թույլտվությունը, այնուհետև կոմունալ ծառայության հաշվեհամարին վճարի այնքան գումար, որքան ծախսվել էր մեր կողմից տաղավարը ապամոնտաժելու և տեղափոխելու համար: Դրանից հետո արդեն նա իր միջոցներով կարող է տաղավարը վերադարձնել և տեղադրել միայն իր սեփականություն հանդիսացող տարածքում` այգում և այլն»,- պարզաբանում է Վիլեն Բադալյանը:
Կրպակատերերը դժգոհ են քաղաքային իշխանության գործողություններից: Շատերը հավաստիացնում են, որ իրենք նույնիսկ տեղյակ չէին այս ամենից: Անահիտ Գրիգորյանն ասում է, որ ժամանակին իր տաղավարը գնել է 350 դոլարով: Վերջերս կրպակն օգտագործում է որպես պահեստ, որտեղ ամեն օր դնում է հարևանությամբ գործող իր փոքր խանութում չտեղավորվող իրերը: Տիկին Անահիտը երբեք չի զլացել այդ կրպակի համար վճարումներ անել: Հիմա էլ է պատրաստ գումար վճարել, միայն թե թույլատրեն օգտագործել կրպակը:
«Ես կրպակս տանելու տեղ չունեմ, այգի չունեմ, դաչա չունեմ: Ախր որքանո՞վ է գեղեցիկ, որ ուզում են վերցնեն իմ սեփականությունը, մեջը լիքը իրերով` տանեն ուրիշ տեղ դնեն: Ինձ նախապես ոչ մեկը տեղյակ չի պահել: Եկել են ընդամենը հարցրել, թե աշխատեցնո՞ւմ եք: Ասել եմ` չէ: Գոնե բացատրեին` ինչի համար են հարցնում, պարզաբանեին, ես էլ ասեի` ինչի համար եմ օգտագործում, կամ մի քայլ ձեռնարկեի: Բայց հիմա սենց ոնց կլինի, չգիտեմ` ուր տանեմ, ինչ անեմ մեջին եղած իրերը»,- «Հետքի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը:
Անդրադառնալով քաղաքապետարանի այն հայտարարությանը, որ իրենք ծանուցագիր են փակցրել կրպակների վրա` Անահիտ Գրիգորյանն ասաց, որ ծանուցագիր չի տեսել: «Հիվանդ պառկած էի մի քանի օր, հետո գնացի, էնտեղ թուղթ չեմ տեսել: Կարող է` բնակիչները պոկել էին կարդացել, ես ինչ իմանամ»,- ասում է նա:
Չգործող կրպակների ապամոնտաժումից սկսել են անհանգստանալ նաև գործող տաղավարների տերերը: Նրանք մտահոգված են, որ շուտով գործընթացն իրենց էլ կհասնի: Զինվարդ Գրիգորյանը ծաղիկ է վաճառում իր կրպակում և 3 ընտանիք պահում այդ կրպակով, որը նրանց եկամտի միակ աղբյուրն է: Տիկին Զինվարդը դեմ չէր լինի քաղաքապետի որոշմանը, բայց միայն այն դեպքում, եթե իրենց ապահովեն մեկ այլ աշխատանքով կամ ուրիշ տարածք տրամադրեն աշխատելու համար:
«Ես ալ ըմ հասկանում, որ մեր կրպակները գեշացնում ըն քաղաքի տեսքը, Ղափանում կրպակներն ավելի շատ ըն, քան խանութները: Բայց դե 3 ընտանիքըմ պահում, որ հանին ստեղաս շտեղըմ քինելու աշխատիմ: Դեմ չըմ, հինչ օզումն անին, մինակ մի տեղ տեղավորին մըզ հետո»,- հավելում է կրպակատերը:
Մյուս կրպակատերերը ևս, տիկին Զինվարդի պես, հիմիկվանից անորոշ ու խիստ անհանգիստ իրավիճակում են հայտնվել: Իսկ քաղաքային իշխանությունը որոշել է կրպակների ապամոնտաժման գործընթացի հենց սկզբից չզիջել ոչ ոքի և գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել