HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բում Բում»-ը չի հաղթել. Եվրատեսիլի երկրպագուները պահանջում են նոր մրցույթ անցկացնել

Սոցիալական ցանցերում թեժ քննարկում է ընթանում «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթում հայաստանյան երգի ընտրության արդյունքների շուրջ: Վիրտուալ քննադատները հանդես են գալիս «Այո» երգի պաշտպանությամբ` նշելով, որ երգի ընտրության հարցում բացակայում է թե' ազնվությունը, թե' տրամաբանությունը, քանի որ հայկական բոլոր ինտերնետ-պորտալներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև արտասահմանյան կայքերում կայացած քվեարկությունների արդյունքում առաջատար է եղել «Այո» երգը: Հիշեցնենք, որ մարտի 5-ին կայացել էր «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի հայաստանյան երգի ընտրությունը: Հայաստանի հանրային հեռուստընկերության եթերում հեռուստադիտողների SMS քվեարկությամբ ընտրվել էր «Բում Բում» (Boom Boom) երգը, որին հավանություն էր տվել նաև պորֆեսիոնալ ժյուրին: Երգի հեղինակը Apricota խումբն է. երաժշտության հեղինակներն են Հայկ Հարությունյանը և Հայկ Հովհաննիսյանը, իսկ խոսքերի հեղինակը` Սոսի Խանիկյանը: Մրցույթին մասնակցում էին նաև ԴերՀովայի «Այո» (Yes), Վահրամ Պետրոսյանի և Մարիամ Շահինյանի «Ողջույն» (Hi), Գերմանացի հեղինակ Մարտին Կեսիցիի «Good Bye» երգերը: « «Բում Բում» ստեղծագործությունը ռուսաստանյան երգչուհի Ժասմինի «Հնդկական դիսկո» երգից է վերցված: «Այո» երգի հասցեին ուղարկված SMS-ները չեն հասել համապատասխան հասցեին: Այդպիսով, «Բում Բում» երգի ընտրությունը հակասում է մեծամասնության ընտրությանը` այդ թվում Սփյուռքի բնակիչների, որոնք իրենց ձայնը տվել են Հայաստանի օգտին: Ըստ այդմ`   խնդրում ենք չեղյալ համարել մարտի 5-ի քվեարկությունը, ընտրել «Այո» երգը, որը կկատարի Էմմին «Եվրատեսիլ-2011» մրցույթում, բոլոր գործողությունները կատարել մինչև մարտի 10-ը»,- «Հետքին» ուղարկած նամակում նշում են Եվրատեսիլ մրցույթի հայաստանյան երկրպագուները, ովքեր նույն նամակն ուղարկել են նաև Հանրային հեռուստատեսությանը: Այդ քննարկումներին և նամակնեին ծանոթ է անձամբ երգչուհին` Էմմին, ով այսօր դիմել է բոլոր սրտացավ մարդկանց` շնորհակալություն հայտնելով նամակների, հեռախոսազանգերի, սոցիալական տարբեր ցանցերում մարդկանց ակտիվության համար: «Ցավում եմ, որ «Եվրատեսիլ-2011» երգի մրցույթի հայաստանյան ընտրությունը շատերիդ մոտ առաջացրեց երկակի զգացումներ: Մի կողմից դուք փորձում եք ինձ սատարել որպես երգչուհի, մյուս կողմից փնովում այն երգը, որն ընտրել են Ձեզ պես կարծիքի իրավունք ունեցող բազմաթիվ հեռուստադիտողներ: Ես չէի ցանկանա, որպեսզի մենք` հայերս, ճաշակի կռիվ տանք այս պահին: Ես ինքս բազմաթիվ անգամ շնորհակալություն եմ հայտնել բոլոր օտարերկրյա եւ հայ երգահաններին ամիսներ շարունակ ինձ երգեր ուղարկելու համար: Միշտ ցանկացել եմ ունենալ հնարավորություն բոլորն անխտիր կատարել Ձեզ համար ուղիղ եթերում, որպեսզի դուք պատկերացում կազմեք բոլոր ստեղծագործությունների մասին, սակայն դա հնարավոր չէր Հանրային հեռուստատեսությունում գործող երգի ընտրության կանոնների համաձայն: Լինելով այդ կանոնների առաջին հետեւորդը` ներկայացրել եմ չորս հայտնի երգերը մարտի 5-ի հեռուստատեսային ընտրության ժամանակ: Անչափ շնորհակալ եմ բոլոր հեղինակներին եւ երգերի վրա աշխատած մարդկանց այնաշխատանքի համար, որը կատարել են: Եթե մի երգի համար քվեարկությունն եղել է ավելի ակտիվ, քան մյուսների համար, հավատացեք` իմ մեղավորությունը չէ: Ես պարտավոր եմ որպես երգչուհի ենթարկվել ընտրության կանոններին եւ ընդունել այդ կանոններով նախատեսված 50/50 տարբերակը: Տվյալ պարագայում դուք եք եղել ակտիվ կամ պասիվ, եւ դուք եք որոշել այն երգը, որը պետք է ներկայացնեմ Գերմանիայում: Այս ամենի կոնտեքստում ուզում եմ ընդգծել, որ չեմ ցանկանում ձեր անձնավորված ոչ մի վիրավորանքի պատասխանել, առավել եւս մեկնաբանություններ լսել լուսահոգի հայրիկիս կարծիքի, կամ մայրիկիս առողջության վերաբերյալ: Ես ձեզ շատ սիրում եմ ու գնահատում եմ, սակայն չեմ ընդունում անձնական ու ընտանեկան իրավիճակիս մասին եւ ոչ մի մեկնաբանություն, հրամայական արտահայտություններ, սադրանքի փորձեր: Դրա բարոյական իրավունքը ոչ ոք չունի: Ուստի, խնդրում եմ ինձ զերծ պահել այն մաղձից, որն անդադար ինձ ուղարկումեք: Հավատացեք` դա ինձ միայն տխրեցնում է, ուժերս էլ աննպատակ սպառում: Ելույթին պատրաստվելու փոխարեն ստիպված եմ դիմադրել հոգեբանական անարդարացի ճնշմանը: Վստահ եմ, որ կհասկանաք` ինչ նկատի ունեմ»,- գրել է Էմմին Facebook սոցիալական ցանցի իր էջում: Լուս.` www.eurovision.com -ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter