Հայաստանում կանայք օրենքով պաշտպանված են, բայց շարունակ բռնության են ենթարկվում
Այս տարի կանանց իրավունքների համար պայքարի օրը Եվրոպայում նշվում է 100-րդ անգամ: Եվրոպայում տոնը առաջին անգամ նշվել է 1911-ի մարտի 19-ին, իսկ 3 տարի անց որոշվել է այն նշել մարտի 8-ին: 1977-ին Միացյալ ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հայտարարեց կանանց միջազգային օր:
Այսօր հայ կանայք տոնը սկսելու են երթով: Մոտ մեկ ժամից «Կանանց ռեսուրսային կենտրոնը» երթ է անցկացնելու Հյուսիսային պողոտայից մինչեւ Հանրապետության հրապարակ: Կամավորների կողմից նախաձեռնված քայլարշավի նպատակն է կոտրել հասարակության մեջ «ֆեմինիզմի» մասին սխալ պատկերացումները:
«Կանանց ռեսուրս կենտրոնի» ծրագրերի օգնական Տաթեւիկ Աղաբեկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կանայք սկսել են Հայաստանում կարեւորել իրենց: 2009 թ. համեմատ 2010-ին կենտրոնում ստացած կանանց զանգերի թիվը մի քանի անգամ ավելացել է: «Դա նշանակում է, որ կանայք իրենց կարեւորում են, ավելի լավ են վերաբերվում: Մտածում են, որ ավելի արժանի են լավ կյանքի, եւ փորձում են քայլեր ձեռնարկել իրենց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց Տաթեւիկ Աղաբեկյանը` հավելելով, որ վիճակն ավելի տխուր է հատկապես մարզերում, բայց Երեւանի համեմատ տարբերությունն այնքան էլ մեծ չէ:
Եթե 2009 թ. ամեն ամիս ստանում էին մոտ 5 զանգ, ապա 2010 թ.` 28-30 զանգ: Ստացված զանգերից 6-7-ը վերաբերում են սեռական բռնության դեպքերին: Տաթեւիկ Աղաբեկյանն ասում է, որ զանգահարողների թվի ավելացումը պայմանավորված չէ բռնության դեպքերի ավելացմամբ: Ըստ նրա` պարզապես կանայք ավելի տեղեկացված են եւ կենտրոնին դիմում են հիմնականում այն ժամանակ, երբ բռնությունը հասնում է արդեն ֆիզիկականին:
Օրենքի տեսանյունից կինը Հայաստանում պաշտպանված է, սակայն բռնության ենթարկված կինը սովորաբար չի վստահում պետական մարմիններին:
«Մինչեւ հիմա շատ ուժեղ ճնշում կա ամուսնալուծված կանանց նկատմամբ, եթե նույնիսկ նրանք բռնության պատճառով են ամուսնալուծվել: Կնոջն են մեղադրում, որ նա ընտանիք է քանդում: Մենք դեպքերի ենք հանդիպել, երբ ոստիկանության աշխատակիցը մեղադրել է կնոջը ընտանիքը քանդելու մեջ` առանց ճանաչելու նրա ընտանիքը»,- ավելացնում է ծրագրերի օգնականը:
Տ. Աղաբեկյանը նշում է, որ պայքարի արդյունքում կինը մեծ արդյունքների կհասնի, եթե պատկան մարմիններին դիմելու կես ճանապարհից չհրաժարվի: «Հաճախ կինը, երբ բռնության է ենթարկվում, ոչ մեկի չի պատմում այդ մասին, եթե դիմում են մեզ, մենք իրենց հետ գնում ենք ոստիկանություն: Հետո ոստիկանությունում սկսում են հարցեր տալ, մեղադրանքներ հնչեցնել: Այդ ժամանակ մենք կնոջ կողքին ենք լինում, որ իրենք էլ իրենց չմեղադրեն եւ չհուսալքվեն: Մի դեպք ենք ունեցել, երբ բռնաբարված կնոջը մի 10 անգամ կանչեցին ոստիկանություն` բացատրություն տալու: Նա, ամեն անգամ բացատրություն տալով իր հետ կատարված բռնությունների մասին եւ վերհիշելով դա, պարզապես չդիմացավ եւ հոգնեց: Ամեն անգամ տարբեր մարդկանց ներկայությամբ նա պատմում էր իր հետ կատարված բռնաբարության մասին: Երբ ասացինք, որ մի քիչ քչացնեն այդ կանչերը, հարցաքննությունները, ոստիկանությունից ասացին, որ կարգն է այդպիսին»,-պատմում է Տաթեւիկ Աղաբեկյանը:
Այնպես չէ, որ կանայք միշտ ոստիկանության կողմից անտարբերության են արժանանում եւ անտեսվում են: Շատ դեպքեր հենց ոստիկանների կողմից են բացահայտվել, սակայն այստեղ բացասական երեւույթներն ավելի գերակշռող են: Տ. Աղաբեկյանը հիշեց մի դեպք, երբ 2009 թ. Երեւանի ոստիկանության բաժիններից մեկի աշխատակցի պատճառով բռնության ենթարկված կինը հետ է վերցրել իր դիմումը եւ դադարեցրել իր իրավունքների պաշտպանության հետագա պայքարը:
Մարզերից նույնպես շատ զանգեր են ստացվում: Հաճախ մասնագետները տեսնում են, որ այնտեղ պայքարն անարդյունավետ է, խնդրում են կանանց, որ գան Երեւան եւ դիմեն այստեղի ոստիկանություն, քանի որ մարզում, ճանաչելով տվյալ բռնությունը գործադրողին, ոստիկանությունը խանգարում է կնոջը, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկի: «Մարզային ոստիկանության աշխատակիցները գրեթե ճանաչում են բոլորին, սկսում են խոչընդոտել: Նույնիսկ կարող է կնոջից հայտարարություն վերցնեն, բայց ընթացք չտան: Կոնկրետ 2010 թ. Կոտայքի մարզում բռնության ենթարկված մի կին մի քանի անգամ գնացել է ոստիկանություն, հայտարարություն է տվել, բայց ոստիկանությունը ոչ մի կերպ չի արձագանքել»,- նշում է կենտրոնի ծրագրերի օգնականը:
Տ. Աղաբեկյանը կարծում է, որ կանանց բռնությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ լինեն: Օրինակ, եթե կինը գնում է ոստիկանություն հայտարարություն տալու, նրան ընդունում է օրվա հերթապահ քննիչը, որը ամենայն հավանականությամբ տղամարդ է, ինչը որոշակի բարդություն է ներկայացնում: «Չկա մեխանիզմ, որ ասենք բռնաբարված կնոջ հետ զրուցի կին ոստիկանը: Չկա կանանց հարցերով զբաղվող առանձին բաժին, ինչը դժվարություն է առաջացնում»,- ավելացրեց Տ. Աղաբեկյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել