HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձմռանը Շրվենանցը դատարկվում է

Կապանի տարածաշրջանի Շրվենանց գյուղը ձմռան ամիսներին դատարկվում է: Շրվենանցցիները ձմռան այս սեզոնին իրենց գյուը խաղողի չորացած հատիկի են նմանեցնում: Գյուղի բնակչության մի մասը մեկնում է Կապան քաղաք, գյուղում մնում են այն բնակիչները, ովքեր կարողանում են քիչ թե շատ հաղթահարել ձմռան հոգսերը, իսկ ահա միայնակ տատիկ-պապիկները ստիպված են լինում ամեն տարի այս ժամանակահատվածը քաղաքում անցկացնել: Շրվենանցն ունի 72 բնակիչ, որոնցից միայն 34-ն են ձմեռը գյուղում անցկացնում եւ այս ժամանակահատվածում բախվում վառելափայտի հայթայթման դժվարություններին: Մի կողմից` գյուղի հարակից անտառից արգելվում է օգտվել, մյուս կողմից էլ` գազի բացակայությունն ու էլեկտրաէներգիայի բարձր գինը շրվենանցցիներին էլ ավելի ծանր դրության մեջ են գցում: Ստիպված են լինում անտառից օգտվել ու բերած վառելափայտի համար բարձր գին վճարել: Ինչպես գյուղաբնակներն են հավաստում, իրենք 8 հազար դրամ են վճարում 1 խմ վառելափայտի համար, իսկ ձմռան ամիսներին վառում են 10-15 խմ` համապատասխանաբար ծախսելով 80-ից մինչեւ 120 հազար դրամ: Բնակիչները խոստովանում են, որ ձմռանը առաջին հոգսը ջեռուցումն է: 88-ամյա Հրաչուհի Գաբրիելյանն ամեն տարի ձմռանը Կապան` որդու տուն է գնում, եղանակները տաքանալուն պես նոր գյուղ է վերադառնում եւ կրկին անցնում գյուղական կյանքին, տնամերձ հողը մշակում: Կապան մտնող գազատարը գյուղի վերեւով է անցնում: «Գազատարն ընդամենը 100-150 մ հեռավորության վրա է, բայց չեն գազաֆիկացնում, պատճառաբանում են, որ սակավաբնակ գյուղ է, բաժանորդները քիչ են ու շահավետ չէ տվյալ կազմակերպության համար: Դե, մարդիկ էլ ստիպված մերձակա անտառներից են օգտվում, անտառապահին էլ ենք ասել` գյուղացին, միեւնույն է, կօգտվի անտառից: Որոշ մարդիկ փայտ են գնում, ոմանք թափուկներից են օգտվում, ջեռուցման այլ տարբերակ չունենք: Շատ վատ է գյուղի վիճակը, դատարկվում է, հիմնականում տարեցներն են մնացել, միայն մի քանի երիտասարդ ընտանիք կա, մնացածը 60 տարեկանից բարձր մարդիկ են: Պետք է ուշադրություն դարձնեն մեր գյուղերին, գյուղն է քաղաքը պահողը, հատուկ ծրագրեր մշակեն ծերացող ու դատարկվող բնակավայրերի համար, այլապես տարիներ անց պատկերը տխուր կլինի»,- ասում է Շրվենանցի գյուղապետ Արմինե Մանուկյանը: Շրվենանցի ապագայի ու զարգացման հեռանկարի համար մեծ սպառանալիք էր նաեւ գյուղի միակ դպրոցի փակումը: Պատմական այս գյուղը հայտնի էր իր դպրոցով, որի հետ էր կապված Շրվենանցի համբավը տարածաշրջանում: Կրթօջախն առաջին ու հնագույն դպրոցն էր ողջ տարածաշրջանում, որտեղ սովորելու էին գալիս տարբեր բնակավայրերից` Գորիսից, Կապանից եւ այլ հեռավոր բնակատեղիներից: 1901 թ.-ից բարերար Գասպար Տեր-Մարգարյանի միջոցներով հիմնված  դպրոցը շրվենանցցիների հպարտությունն էր, մինչեւ 2010 թ. սեպտեմբերը, երբ այն չգործեց: Երբեմնի 400 եւ ավելի աշակերտ ունեցող դպրոցն իր գործունեության վերջին տարում ընդամենը 4 աշակերտ ուներ, որն էլ հնագույն այս դպրոցի գործունեության դադարեցման պատճառը դարձավ: Այժմ դպրոցահասակ երեխաները մեկնում են հարեւան գյուղերի կամ Կապանի դպրոցներում ուսում ստանալու: Անհայտ է դպրոցի շենքի հետագա ճակատագիրը, խարխլված տանիքի պատճառով անձրեւաջրրերը լցվում են դասասենյակները, թրջվում է գույքը: Գյուղապետը մտածում է այն այլ նպատակների ծառայեցնելու մասին` որպես ճամբար կամ ձեռագործության արտադրամաս, որտեղ ձեռագործությամբ աչքի ընկնող գյուղի կանայք կաշխատեն եւ կստեղծեն իրենց աշխատանքները: Ծրագրեր ու գաղափարներ շատ կան գյուղը ոտքի կանգնեցնելու համար, միայն թե միջոցներ ու աջակցողներ չկան: Գյուղի ղեկավարի բոլոր ջանքերը, սակայն, որեւէ արդյունք չեն տվել: Շրվենանցցիները շարունակում են ապրել մի քանի կով պահելով,  տնամերձ հողը մշակելով, մի քանի տնտեսություններ էլ ոչխարաբուծությամբ են զբաղվում: «Հեռավորությունը, անտեղյակությունը շատ է ազդում գյուղի վրա, ծրագրեր այստեղ չեն իրականացնում, ասում են` քիչ մարդ կա եւ այլն, բայց պիտի պայմաններ ստեղծեն, որ գոնե եղածներն էլ չգնան, չդատարկվի, գնացողներն էլ տեսնեն պայմանները լավ են, հետ դառնան: Պետությունը պիտի քայլեր ձեռնարկի գյուղերը փրկելու համար. եթե մինչեւ էսօր գյուղերը ծերանում էին, ապա արդեն կարող ենք փաստել, որ մահանում են»,- ավելացնում է գյուղապետ Արմինե Մանուկյանը: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter