Ադրբեջանցի բլոգերը ֆիզիկական բռնությունների է ենթարկվել. նա դիմելու է Վրաստանի նախագահին
Հինգշաբթի Գյանջայում (Գանձակ) ձերբակալված ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստ և բլոգեր Բախտիյար Հաջիևը, որին մեղադրում են բանակից խուսափելու մեջ, անժամկետ հացադուլ է հայտարարել` ի նշան բողոքի իր իրավունքները ոտնահարելու համար:
Այս մասին նա հայտնել է իր ընկերներին փոխանցած գրության մեջ: Turan գործակալությունը հայտում է, որ այդ գրության մեջ Հաջիևը տեղեկացրել է, որ իր ձերբակալության օրվանից բազմիցս խախտվել են իր իրավունքները, և ինքը ենթարկվել է ֆիզիկական ճնշման:
«Իմ թևերը ոլորում էին, խփում էին բռունցքներով, վիրավորում էին»,- գրել է Հաջիևը և ասել, որ Գյանջայի ոստիկանության փոխգնդապետ Ս. Վյուսալն է իրեն վիրավորել և ծեծել: «Դատավորը նույնիսկ չլսեվ իմ միջնորդությունները և որոշում կայացրեց երկու ոստիկանների զրպարտչական վկայությունների հիման վրա»:
Ոստիկանության Գյանջայի բաժանմունքում Հաջիևը նույնիսկ կորցրել է գիտակցությունը, ցավեր է ունեցել սրտում, սակայն բժշկական որևէ օգնություն նրան չի ցուցաբերվել:
Ժամանակավոր մեկուսարանում նրան բռունցքով հարվածել է մեկուսարանի պետ Նիզամի Մեհտիևը և, Հաջիևի խոսքով, սպառնացել է բռնաբարել: «Բոլոր սենյակներում, որտեղ ինձ վիրավորել և ծեծի են ենթարկել, կախված էին Հեյդար Ալիևի լուսանկարները: Ես ուզում եմ, որ երիտասարդությունը լսի իմ այս մեսիջը»,- ասել է Հաջիևը:
Նա տեղեկացրել է, որ հացադուլ և ջրադուլ է հայտարարել. «Լավ է մեկ օր ազատության մեջ ապրել, քան 40 տարի ստրուկ լինել»,- գրել է երիտասարդ ակտիվիստը:
Բ. Հաջիևը պահանջում է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի` Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուդովի և անձամբ ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հետ:
Բլոգերը երիտասարդությանը կոչ է անում ստորագրահավաք սկսել և դիմել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն առ այն, որ «ինքն ուզում է ապրել դեմոկրատական երկրում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել