HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյանն անտարբեր է մարտի 8-ի նկատմամբ

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այն եզակի կանանցից մեկն է, որ մարտի 8-ին եւ ընդհանրապես Հայաստանում ոչ պաշտոնապես նշվող կանանց միամսյակի նկատմամբ անտարբեր է եւ նույնիսկ որեւէ նվեր չի ակնկալում այդ օրը ստանալ: Այն, որ դա բացառիկ երեւույթ է, խոստովանում է հենց Նաիրա Զոհրաբյանը: «Ես այն բացառիկ կանանցից մեկն եմ, որ մարտի 8-ն ինձ համար բացարձակ նշանակություն չունի: Կնոջը պետք է գնահատել ոչ միայն մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը ընկած միամսյակում, այլեւ կինը պետք է գնահատված լինի տարվա բոլոր օրերին: Բացարձակ անտարբեր եմ մարտի 8-ի տոնի նկատմամբ եւ, եթե անկեղծ լինեմ, ոչինչ չեմ ակնկալում նվեր ստանալ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը: Պատգամավորը դեմ է նաեւ «պոզիտիվ դիսկրիմինացիայի» սկզբունքին, որ, ասենք, քվոտաներ են սահմանում կանանց համար, տարանջատում են մարդու իրավունքն ու կնոջ իրավունքը եւ այլն: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` այդ ամբողջը պետք է դիտարկել մեկ ընդհանուրի մեջ եւ պետք չէ տարանջատել կնոջ իրավունքները: «Այո, այսօր մարդու իրավունքների հետ կապված խնդիր ունենք Հայաստանում, եւ դա չի վերաբերում բացառապես կանանց իրավունքներին: Իսկ եթե կոնկրետ կանանց առումով է շեշտադրում արվում, ապա այսօր մարդու իրավունքների պաշտպանության առումով նույնքան խնդիր ունեն տղամարդիկ, որքան կանայք»,- նշում է կին պատգամավորը: Նրա կարծիքով` այսօր հայ կինը ունի հասարակական, քաղաքական կյանքում իր տեղը ճշգրտելու խնդիր եւ այստեղ խնդիրը ոչ թե տղամարդկանց, հանրային վերաբերմունքի մեջ է, այլ հենց կանանց մեջ է: «Պատահական չէ, որ այսօր Հայաստանի ընտրողների 52 տոկոսը կանայք են, եւ բոլոր սոցիոլոգիական հարցումները մեկ բան են վկայում` հենց կանայք են դեմ, որ կանանց իրավունքները հասարակակական, քաղաքական կյանքում ընդլայնվեն: Հարցմանը, թե կուզենայի՞ք ունենալ կին վարչապետ, կին նախագահ, Հայաստանի կանանց 90 տոկոսը պատասխանել է ոչ, իսկ տղամարդկանց 70 տոկոսը պատասխանել է այո: Տաբուն կնոջ մեջ է, եւ ամենեւին էլ մենթալիտետը չէ պատճառը: Շատ դեպքերում հենց կանայք են անհանդուրժող միմյանց նկատմամբ, հենց այդ խնդիրը պետք է հաղթահարենք»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը: Լինելով ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ շփվել է բազաթիվ երկրների կանանց հետ եւ կարող է ասել, որ հայ կինը իր ինտելեկտով, իր խելացիությամբ եւ արտաքին տեսքով շատ ավելի բարձր է, քան եվրոպացի կինը: «Այսօր հայ կինը չի կարողանում իրեն ռեալիզացնել, կա չգնահատվածության սինդրոմը: Հենց որ յուրաքանչյուր կին կարողանա ինքն իրեն ճիշտ գնահատել, ապա վստահ եղեք սեփական ինքնարժեքը գիտակցող մարդու կողքի անձնավորությունն էլ կկարողանա նրան ճիշտ գնահատել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter