Մտավորականների կոչը` ի պաշտպանություն Տիգրան Փոստանջյանի
Մտավորականները դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին
Մենք` ներքոստորագրյալներս, ճանաչում ենք երևանյան Նոր Արաբկիր համայնքի հիմնադիրներից Փոստանջյան գերդաստանին որպես ազգասեր, մարդասեր և նվիրյալ հայրենասերների:
Օրերս հաղորդագրություն տարածեցին, ըստ որի` Արաբկիր համայնքի շարքային ծառայող, ոչ պաշտոնական դիրք ունեցող Տիգրան Փոստանջյանին ձերբակալել են` իբր 2010 թվականի սեպտեմբերին ոմն քաղաքացուց հարյուր հազար դրամ պահանջելու և ստանալու համար: «Կատարված դեպքից» կես տարի անց գործ է հարուցվում, որը քննում է ՀՀ ԱԱԾ հատուկ քննիչներից կազմված խումբը:
Հիրավի զարմանք է պատում` պետական անվտանգությանը սպառնացող ինչ վտանգ է պարունակում իր մեջ այդ գործը, որ դրանով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որի պատճառով երկու ամսով արգելափակվելու է բարեպաշտ ընտանիքի զավակը և հայրը, ով ունի երկու մանկահասակ երեխա, չաշխատող կին և ծնողներ:
Փոստանջյանների ձեռքերով հիմնած Նոր Արաբկիրի հյուրընկալ տանը և ծառաստան այգում պարբերաբար հյուրընկալվել են մեր ազգի շատ ու շատ մեծեր` Հրաչյա Ներսիսյան, Գոհար Գասպարյան, Վահագն Դավթյան, Գևորգ Դեվրիկյան, Գևորգ Ղարիբջանյան, Սիլվա Կապուտիկյան, Հրանտ Շահինյան, Գառնիկ Ստեփանյան, Խաչատուր Վեմյան և բազում արժանավոր այլ հայորդիք, որոնցից շատերին տեսել, նրանց գիրկը նստել, նրանց զրույցները լսել է փոքրիկ Տիգրանը: Նա մեծացել է որպես հայրենասեր և օրինապաշտ մարդ:
Մենք համոզված ենք, որ որոշ չար ուժեր շահադիտական նպատակներով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որոգայթ ստեղծելով կատարում են անբարո արարք, որով ավելի են սրում երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտը:
Դատապարտում ենք նման գործելաոճը: Համոզված ենք, որ պատկան մարմինները կցուցաբերեն ողջամտություն և անհապաղ ազատ կարձակեն Տիգրան Փոստանջյանին:
Հարգանքներով`
Հրաչյա Մաթևոսյան - Հրաչօ - արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ վարչության անդամ
Ռոբերտ Կարայան - գրող, հրապարակախոս
Տարիել Հակոբյան - քանդակագործ, պրոֆեսոր
Սասուն Գրիգորյան - բանաստեղծ, ռազմական պատմաբան, ՀԳՄ անդամ
Հակոբ Հակոբյան - գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ
Նորայր Մուշեղյան - սպորտի վաստակավոր գործիչ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել