HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնդրում են երեխաներին տեղավորել նույն մանկատանը

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին Դիմում-ուղերձ Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված ընտանիքին աջակցելու և նրանց երեք երեխաներին Գյումրու տարբեր մանկատներից նույն մանկատուն տեղափոխելու խնդրի մասին Հարգելի պարոն նախարար և պարոն մարզպետ. Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի 3 երեխաները Ձեր միջնորդություններով  և ըստ ծնողների պնդման` իրենց կամքին հակառակ,  տեղափոխվել են Գյումրու տարբեր մանկատներ: Երեխաների հայրը, ամիսներ շարունակ թակելով հեռուստաընկերությունների և իշխանությունների դռները, պահանջում է իր երեխաներին, հայտարարելով, որ ինքն ունի աշխատանք և կարող է նրանց պահել: Այս դեպքը, որի մասին ԶԼՄ-ներով ևս եղել են բազմաթիվ լուսաբանումներ, հարուցել է հասարակության վրդոհվունքը:  Եվ քանի որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներն ու լրագրողները նույն դեպքի մասին տալիս էին իրարամերժ տեղեկատվություն, մենք որոշեցինք ինքներս ուսումնասիրություն կատարել` այցելելով ինչպես տվյալ ընտանիքի բնակավայր, այնպես էլ երեխաներին հյուրընկալած մանկատներ,  տեղում ծանոթանալ այդ ցավալի պատմության մանրամասներին: Մեր` «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կողմից կատարվեցին նաև լուսանկարահանումներ ու տեսաձայնագրություններ (http://shirakcentre.org/index.php/hy/component/videoflow/?task=play&id=47) : Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ներկա իրավիճակում, երբ այդ ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և երեխաների մայրը հրատապ բուժզննման կարիք ունի, գուցե ժամանակավոր, բայց միակ ճիշտ լուծումը երեխաներին մանկատուն տեղափոխելն էր: Սակայն սխալ մոտեցում է ցուցաբերվել, երբ նույն ընտանիքի երեխաները բաժանվել  և տեղավորվել են քաղաքի տարբեր ծայրամասերում գտնվող մանկատներում: Հաստատությունների աշխատակիցների պատմելով` այդ երեխաները համարյա թե չեն խոսում և չեն շփվում, ինչը, կարծում ենք, նաև նրանց մեկմեկուց բաժանելու պատճառով է: Ուստի դիմում ենք Ձեզ և առաջարկում, որ այդ ընտանիքի երեք երեխաներին հնարավորություն տրվի բնակվելու նույն մանկատանը: Ի դեպ, մեր այս կարծիքը կիսում է նաև «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Ս. Սիմոնյանը, ով մեր հանդիպման ժամանակ պատրաստակամություն հայտնեց ցանկացած պահի ընդունելու նաև նույն ընտանիքի մյուս երկու երեխաներին: Երեխաներին միավորելու և նույն մանկատանը տեղափոխելու տեսակետին համաձայն է նաև Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանը: Ավելին, ՀՀ կառավարության 9 նոյեմբերի 2006 թվականի N 1735-Ն   երեխաների խնամքի և պաշտպանություն իրականացնող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաների տեղավորման մասին որոշմամբ  սահմանված կագի 11-րդ կետի համաձայն. « Մանկատանը տեղավորման ենթակա նույն ընտանիքի երեխաները (քույրեր և եղբայրներ) տեղավորվում են միևնույն մանկատանը` բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական ժամանակավոր հատկացուցումներով այդ երեխաների խնամքն ու դաստիարակությունն անհնար է իրականացնել միասին»: Հարգելի պարոն նախարար և պարոն մարզպետ. Խնդրում ենք Ձեզ` շուտափույթ կերպով լուծում տալ այս խնդրին և մինչև այդ ընտանիքի սոցիալական վիճակի մի փոքր բարելավումը կամ գոնե կիսախարխուլ տան նորոգումը, որի մասին կարծում ենք հոգ պետք է տանեն նաև մարզային և տեղական իշխանությունները, երեխաներին հրատապ կերպով տեղափոխել նույն մանկատուն: Անշուշտ, լավագույն տարբերակը «Թռչունյան տունն է», քանի որ գործող կարգի համաձայն  Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկը իրավունք ունի հյուրընկալել միայն դպրոցահասակ երեխաներին: Իսկ սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այս ընտանիքի մորն անհրաժեշտ է ապահովել անվճար բուճզննմամբ, անհրաժեշտության դեպքում` նաև բուժմամբ: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ  Վահան Թումասյան 09.03.2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter