HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

ԼՂ հարցում նոր օրակարգ է ձեւավորվում

Մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումն անհրաժեշտ էր` առաջին հերթին չեզոքացնելու նախորդ տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում բանակցությունների տապալման հետեւանքները: Հիշեցնենք, որ Աստանայում Ալիեւը հրաժարվեց մասնակցել նախատեսված եռակողմ հանդիպմանը` որպես Բաքվի նկատմամբ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ուղղակի ճնշումների դեմ բողոքի նշան: Այս տեսանկյունից Սոչիի հանդիպման փաստն ինքնին նախադրյալներ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու բանակցային գործընթացը շարունակելու համար: Ադրբեջանը, փաստորեն, վերանայեց բոյկոտի իր մարտավարությունը, ինչը կարող էր պայմանավորված լինել երկու փոխլրացնող հանգամանքով` մի կողմից միջնորդ երկրների ուժեղ ճնշման ազդեցությամբ, մյուս կողմից` ժամանակ շահելու: Սակայն նաեւ Սոչիի հանդիպումը որեւէ երաշխիք չի տալիս, որ Բաքուն կհրաժարվի որդեգրած կոշտ, անզիջում կեցվածքից: Եվ դա լավագույնս արտահայտված է ինչպես բանակցության արդյունքում ստորագրված համատեղ հայտարարության տեքստում, այնպես էլ հանդիպումից հետո պաշտոնական Բաքվից հնչած մեկնաբանություններում: Մասնավորապես` հայտարարության մեջ ամրագրվում է «վիճելի հարցերը խաղաղ միջոցներով» լուծելու ընդամենը «ձգտման» մասին: Մինչդեռ 2008 թ. Մայենդորֆում ստորագրված հռչակագրով նախատեսված էր, որ կողմերը «համաձայնում են» հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանը, որը «պետք է» ուղեկցվի կարգավորման ընթացքի ու բոլոր ասպեկտների «իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային երաշխիքներով»: Այսինքն` եթե 2008-ին խաղաղ կարգավորումը` որպես լուծման ուղի, համաձայնեցված էր, ապա հիմա այն ընդամենը հնարավոր տարբերակներից մեկն է համարվում: Պատահական չէ, որ անդրադառնալով Սոչիի հանդիպմանը` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը նշել է, թե Ադրբեջանն այդ հայտարարությամբ միայն խաղաղ միջոցներով հակամարտությունը կարգավորելու պարտավորություն չի ստանձնել: Այս իրողությունը ցույց է տալիս, որ իրավիճակը որոշակիորեն դուրս է գալիս նաեւ միջնորդների վերահսկողությունից: Նախկինում նրանք կարողանում էին Բաքվին պարտավորեցնել մտածելու միայն քաղաքական լուծման մասին, իսկ հիմա, փաստորեն, այլեւս` ոչ: Այս բացթողումը միջնորդները ձգտում են լրացնել` կանխարգելիչ հավելյալ կռվաններ ստեղծելով: Սակայն մինչեւ հիմա բոլոր նման նախաձեռնությունները տապալվել են դրանց նկատմամբ հենց միջնորդների, միջազգային հանրության եւ հայկական կողմի անհետեւողականության պատճառով: Նախկինում այդպիսի կռվաններից էին դիպուկահարներին շփման գծից հեռացնելը, հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներում փաստահավաք առաքելությունը, ԵԱՀԿ նախագահի վերահսկողությամբ պարբերաբար իրականացվող շփման գծի մոնիթորինգը: Սոչիում գործնականում բոլորովին նոր գործիք ի հայտ բերվեց` «կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն...»: Սա ենթադրում է, որ սահմանային յուրաքանչյուր միջադեպի կապակցությամբ կողմերից որեւէ մեկի կամ միջնորդների նախաձեռնությամբ անցկացվելու է հետաքննություն` իրական պատճառների ու հանգամանքների բացահայտման ուղղությամբ: ԼՂ-ին հարակից տարածքներում երկու անգամ իրականացված դաշտային փաստահավաք անիմաստ առաքելության ձախողված օրինակը, սակայն, թույլ չի տալիս եզրակացնելու, թե այս նոր գործիքը կծառայի սահմանային միջադեպերը սահմանափակելու կամ վերացնելու նպատակին: Սոչիի հանդիպումը, փաստորեն, հակամարտության կարգավորման սկզբունքների, ընթացակարգերի շուրջ չէր: Այն ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում. կանխել, վատագույն դեպքում` հնարավորինս հետաձգել ռազմական մասշտաբային գործողությունների մեկնարկը: Սա նոր օրակարգ է ԼՂ բանակցություններում` սկսած 1994 թ. հրադադարի կնքումից հետո: Այն ձեւավորվեց անցած տարվա հոկտեմբերի 27-ին Աստրախանում երեք նախագահների հանդիպման ժամանակ, ինչը նշանակում է, որ մադրիդյան գործընթացը լրջագույն ճգնաժամ է ապրում ու աստիճանաբար կորցնում արդիականությունը: Եվ Ռուսաստանը, թերեւս հենց այս իրողությունը հաշվի առնելով, փորձում է բանակցությունների բոլորովին նոր ձեւաչափ սահմանել` կողմերի ներգրավմամբ ու իր միանձնյա միջնորդությամբ: Դրա հիմքերը դրվել են դեռ 2008-ին Մայենդորֆում: Սակայն, եթե այն ժամանակ Ռուսաստանն իր միակողմանի միջնորդությունը դիտարկում էր ԵԱՀԿ ՄԽ գործունեության համատեքստում, ապա հիմա հավակնում է իր դերակատարությունը վերածել ՄԽ-ին զուգահեռ, նրանից առանձին առաքելության: Սոչիում հրապարակված հայտարարության մեջ այս հավակնությունն արդեն միս ու արյուն է ստացել: «Նախագահներն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով իրենց պարբերական շփումների կարեւոր նշանակությունը եւ պայմանավորվեցին շարունակել դրանք այդ ձեւաչափով` ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»,- ասվում է հայտարարության մեջ: Մի կողմից` բանակցային այսպիսի ձեւաչափը չի բխում ՄԽ մյուս երկու համանախագահող երկրի` ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերից, որոնց ներգրավվածությունը փաստացի դառնում է ձեւական, ֆոն ապահելու միջոց, եւ Արեւմուտքին` ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու ակնհայտ նախաձեռնություն է: Սակայն մյուս կողմից` այն ինչ-որ տեղ ավելի նախընտրելի լուծում է Արեւմուտքի համար, որովհետեւ, ըստ էության, Ռուսաստանը սկսում է միանձնյա պատասխանատվություն կրել բանակցությունների ճակատագրի եւ, որ նույնն է, դրանց հավանական ձախողման համար: Հակամարտության գոտում պատերազմի վերսկսման պատասխանատվությունը, ըստ այդմ, ընկնելու է հենց Մոսկվայի վրա: Իսկ դա հիանալի առիթ կլինի անցնելու հակահարձակման եւ չեզոքացնելու Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Մոսկվան, թերեւս, հույս ունի, որ միանձնյա միջնորդի դերակատարության ստանձնումը պատերազմի վերսկսման դեպքում իրեն իրավունք կտա արագ խաղաղապահներ տեղակայել շփման գծի երկայնքով ու վերջնականապես վերահսկողության տակ առնել ողջ Հարավային Կովկասը: Որոշ իմաստով դա բխում է նաեւ Իրանի շահերից: Գլոբալ իմաստով այստեղ է ստեղծված իրավիճակի ողջ ինտրիգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter