HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մեր դռներեն մարդ սոված չի էրթա, էն սուրբը վկա»

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղը հայտնի է իր սրբատեղիներով, բայց ամենանշանավորը Գրիգոր Լուսավորչի ճգնատեղին է, տեղացիների բարբառով` Զաղեն:

Սերնդեսերունդ փոխանցված ավանդապատումն ասում է, որ Խոր Վիրապից ազատվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը, խոստման համաձայն, բուժել է արքայից արքային եւ հեռացել ճգնելու տարբեր վայրերում՝ մի որոշ ժամանակ որպես ճգնատեղի ընտրելով նաեւ այս քարանձավը:

Սրբավայրի այդ օրվա առաջին այցելուն էի: Քարանձավի պահապան պապիկին սովորական տեղում չգտնելով՝ քայլերս ուղղեցի հարեւան տան բակ, որտեղ մեծահասակ մի կին թոռան հագուստներն էր լվանում կլոր տաշտի մեջ:  Խնդրեցի բացել սրբավայրի դուռը. «Բաց է»,- նկատեց կինը, որ մոտենում էր ինձ՝ ընթացքում ձեռքերը վրան չորացնելով:

«Ուզում եմ մոմ գնել,- հայտնեցի ու շտապեցի հարցնել,- բա էստեղի պահակ պապիկն ու՞ր է»: Կնոջ աչքերի մեջ տխրություն նկատեցի: Երկու տարի առաջ Ռաֆիկ պապին հեռացել էր կյանքից` կնոջն ու որդուն փոխանցելով Զաղեի պահպանությունը:

Սառնաղբյուրը որպես բնակատեղի հիշատակվում է դեռեւս 4-րդ դարից: Գյուղի տարածքում գոյություն ունեցող ամենահին եկեղեցին թվագրվում է 5-րդ դար: 1800-ականներին, երբ Ղարսից, Մուշից ու Վանից գաղթածները հիմնում են Սյոգութլի գյուղը, Անտոնյանների մշեցի նախնիներն էլ, տուն կառուցելով սրբատեղի-քարանձավի հարեւանությամբ, պապից որդի, որդուց թոռ փոխանցվող պատգամին հավատարիմ՝ իրենց վրա են վերցնում սրբավայրի պահպանությունն ու խնամքը: Մինչեւ խորհրդային տարիները քարանձավը բաց է եղել, հետագայում՝ 1954 թ., շարվել է արտաքին պատն ու դուռ է դրվել: Դա էլ արվել է՝ ոչ թե հաշվի առնելով վայրի սրբատեղի լինելը, այլ այն, որ քարանձավի ձախ հատվածում գյուղի խմելու ջուրն է ամբարվում:

«Անաստվածության տարիներին մարդիկ շատ էին գալիս, հիմա՝ ինչ տարբեր աղանդներ են ի հայտ եկել, սրբատեղի այցելողները մի տեսակ քչացել են»,- սրտնեղում է Ֆենյա տատը: Գալիս են քարանձավի սառնորակ ջրով բուժվելու հրաշքին հավատացողները, գալիս են կանայք, ովքեր շատ են ուզում երեխա ունենալ, գյուղ մտած ցանկացած զբոսաշրջիկ անպայման այցելում է Զաղե:

«Մեր էս քարանձավի ջուրը բուժիչ է, մաշկային հիվանդները սաղ գիկան, մի իրեք անգամ կլողնան էս ջրով, լրիվ կանցնի, չբերներն էլ գուկան, կխնդրին Աստծուն, օր իրանց էրեխա տա,- տիկին Ֆենյան ծիծաղում է,- մեկ էլ տեսար կանցնի ժամանակ, բալուլները գրկները ջահել խարսեր գուկան, մոմ կվառեն, շնորհակալ կեղնին, օր իրանց աղոթքը տեղ է հասել, էրեխա է պարգեւել ու ուրախ-ուրախ կերթան: Շատ է էղել էդպես բաներ»:

Չգիտես՝ Զաղեի թողած զորությու՞նն է, թե՞ սերնդեսերունդ փոխանցվող պահպանության խորհուրդը, Ֆենյա տատի 5-ամյա թոռան` Վահեի գոտկատեղին խաչի նշան է հայտնվել: «Աստվածատուր է թոռս»,- պարծենում է Ֆենյա տատը:

«Իսկ գուցե դա նշան է, որ հաջորդիվ Վահեն է ծառայելու սրբավայրի պահպանությանը»,- հարցս ուղղում եմ Վահեի հորը:

«Դե մենք լրիվս էլ կնայենք: Կմաքրենք, տեր կեղնինք, կաշխատինք, օր դուռը միշտ բաց էղնի, օր էկողն հանկարծ ետ չդառնա, որովհետեւ շատերը հենց նպատակով գուկան»,- բացատրում է Գարեգինը:

Այդ պահին արտասահմանյան մակնիշի մի մեքենա է կանգնում քարանձավի մոտ, միջից հինգ հոգի են իջնում եւ ուղեւորվում սրբատեղի: Տեղացի հայեր են, Ուֆայից եկած իրենց հյուրերին որոշել են անպատճառ բերել Սառնաղբյուր:

«Անպայման ուզեցի, որ քարանձավի բուժիչ ջրով լվացվեն, խմեն ջրից: Հետներս էլ անպայման վերցնելու ենք: Այս գյուղում ժամանակին՝ 1970-ականներին, ղեկավարել եմ ջրամբարի կառուցման աշխատանքները: Բավական ժամանակ չէի եղել: Հիմա էլ, առիթից օգտվելով, եկանք տեսնելու, թե ինչ վիճակում է ջրամբարը եւ ուզեցի իմ հյուրերին ցույց տալ այս հերոսական գյուղն իրա տեսարժան վայրերով»,- ասում է ծնունդով գյումրեցի, երեւանաբնակ Սամվել Բաբայանը:

Զաղեի այցելուները մոմ են վառում, լվացվում սառնորակ ջրով եւ պաշար վերցնելով` դուրս գալիս: Ուֆացի տիկնոջը հարցնում եմ ստացած տպավորությունների մասին:

«Ես տպավորված եմ: Հայաստանը գեղեցիկ եւ հերոսական երկիր է: Եվ մարդիկ աննկարագրելի հյուրասեր են,- ասում է Զեմֆիրա Վիկտաշովան,- ես շատ շնորհակալ եմ իմ ընկերոջը` Վահրամ Կարպիչին, որ ինձ ծանոթացրեց այս հրաշալի մարդկանց հետ: Ես 4-րդ անգամ եմ այցելում Հայաստան ու ամեն անգամ մի նորություն եմ բացահայտում ինձ համար: Այս անգամ ինձ հետ կտանեմ քարանձավային  սրբավայրից ստացած տպավորություններս, նրա էներգետիկան ու սառնորակ ջրի համը, շնորհակալություն ձեզ ձեր հայրենիքի համար»:

Սառնաղբյուրցիների մասին ասում են, որ երկարակյաց են եւ հիմնականում առողջ` շնորհիվ իրենց հող ու ջրի, նաեւ հյուրասեր են, թեպետ անցյալ դարում տարածաշրջանի խոսակցական բնորոշումներում հայտնի են եղել որպես «ղոնախ թալնող սյոգութլեցիներ»: «Ամա՜ն, չարախոսություն է, միք հավատա,- վստահեցնում է Ֆենյա տատը,- թող սաղն էլ գան, իրանց աչքով տեսնին համոզվին, թե չէ վախտին ինչ են ըսել, ինչ չեն ըսել, հմի ո՞վ կըրնա հաստատե: Ճիշտ է, մերոնք քիչմ կող ունին, մշեցու կող օր կըսեն, բայց ղոնախ պատվող են, մեր դռներեն մարդ սոված չի էրթա, էն սուրբը վկա»: 

Մեկնաբանություններ (1)

Artur
Fenya jan tox astvats pahapan lini qo u im lav barekam Rafiki zavaknerin, etqan lav u astvatsahacho gorts anelu hamar.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter