HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախարարությունն առայսօր սպասում է դելֆինարիումի փաստաթղթերին

«Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները դատի են տվել բնապահպանության նախարարությանը: Բանն այն է, որ առայսօր նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության չի ենթարկել արդեն իսկ գործող երեւանյան դելֆինարիումի կառուցման գործընթացը: Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին բնապահպանները փորձաքննության վերաբերյալ մի շարք հարցերով դիմել էին նախարարությանը, որն էլ պատասխանել էր, թե «դելֆինարիայի տնօրինությունը չի դիմել եւ կառուցապատման փաստաթղթեր չի ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն ստանալու համար»: Շուտով նման մի պատասխան էլ ԲՆ-ն տվել էր «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հարցմանը: «Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի` նախատեսվող դելֆինարիումի կառուցման գործընթացը ենթակա է բնապահպանական փորձաքննության: Ելնելով նշվածից` ՀՀ բնապահպանության նախարարությունը խնդրո առնչությամբ իր դիրքորոշումը կհայտնի նախատեսվող գործունեությունն, օրենքով սահմանված կարգով, բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո»,- նշվել էր ԲՆ-ի պատասխանում: Հետաքրքիր է, որ նախարարությունը հիշատակել է օրենքը, բայց, չգիտես ինչու, «մոռացել է» նույն օրենքի 12-րդ հոդվածի մասին, որը սահմանում է. «Արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում` առանց դրական փորձաքննական եզրակացության»: Եվ հենց այսպիսի պայմաններում 2010-ի դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ դելֆինարիումի բացումը: Նույն օրն էլ բնապահպանները մեկ այլ նամակ են ուղարկել ԲՆ-ին ու արդեն այս տարվա հունվարին ստացել հերթական ցնցող պատասխանը. «Երեւանի Կոմիտասի անվան այգու դելֆինարիումի կառուցման նախագծային փաստաթղթերն առայսօր չեն ներկայացվել բնապահպանական փորձաքննության: Գործող կառույցի չափերը, ըստ մեր չափագրումների, կազմում են 1256 քառ.մ»: Այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ ԲՆ-ում նստել են թախտին, սպասում են բախտին, փոխանակ դեռեւս շինարարության նախնական փուլում քայլեր ձեռնարկեին, որ կառուցապատողը ներկայացներ համապատասխան փաստաթղթերը: Բնապահպանները հայցադիմումում հատուկ նշել են նաեւ, որ նախկին օրենսդրությամբ բնապահպանական փորձաքննության էին ենթակա «այն գործունեությունները, որոնց ցուցանիշները գերազանցում են հետեւյալ սահմանային չափերը. շենքեր, կառույցներ, համալիրներ եւ այլն` 1000 քառ.մ կառուցապատման մակերեսով» (դեկտեմբերի 23-ին ուժի մեջ է մտել  Կառավարության նոր որոշումը, որով սահմանային չափ է հաստատվել 1500 քառ.մ-ը, սակայն դելֆինարիումի շինարարության ժամանակ գործել է նախկին որոշումը): «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները հայտնում են նաեւ, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ժգ» ենթակետով էլ «շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա է կենդանիների եւ բույսերի նոր տեսակների ներմուծումը»: Վարչական դատարան դիմած ՀԿ-ները նշում են, որ նախարարությունը, բացի նշված օրենքից, խախտել է նաեւ ՀՀ Սահմանադրության ու Օրհուսի կոնվենցիայի հոդվածները: Հայցվորները պահանջում են ԲՆ-ին պարտավորեցնել իրականացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» եւ «ժգ» ենթակետերով սահմանված փորձաքննությունները: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, «SOS dolphins» նախաձեռնող խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը հայտնեց, որ առայժմ որեւէ տեղեկություն չունեն գործը վարույթ ընդունել-չընդունելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter