ՀԷԿ-ը փակել է գետի հունը
«Իմ հայրենի գյուղը գտնվում է Դեբեդ գետի ավազանում, որտեղ ստեղծված աղետալի վիճակն ինձ ստիպեց գրել այս նամակը` հուսալով, որ ձեր թերթը կբարձրաձայնի խնդրի մասին: Բանն այն է, որ Քարկոփ գյուղի հարևանությամբ գտնվում է մի հիդրոէլեկտրակայան, որը նախկինում հայտնի էր «Այրում ՀԷԿ» անունում: Վերջերս ՀԷԿ-ի տնօրինությունը հիմնանորոգեց նախորդ դարի 30-ականներին կառուցված ՀԷԿ-ը սնուցող ջրանցքը:
Վերանորոգված ջրանցքը պատուհաս դարձավ տեղացիների գլխին: ՀԷԿ-ի տնօրինությունն արդեն երկար ժամանակ անօրինական կերպով գետի հունը փակելու և ողջ ջուրը ջրանցքով դեպի ՀԷԿ մղելու որոշում է կայացրել:
Արդյունքում, Դեբեդ գետի հունի վրա շուրջ 5 կմ հատված ամբողջությամբ ջրազրկվել է: Տեսարանը ցավալի է: Երևում է գետի հետքը միայն` դուրս ցցված քարերով ու մեռնող ձկներով և կենդանական աշխարհի այլ տեսակներով:
Խնդրի խորությունը կայանում է նաև նրանում, որ Քարկոփ գյուղում արդեն շուրջ 20 տարի բացակայում է խմելու և կենցաղային ջուրը, և մարդկանց համար Դեբեդը կենսական նշանակություն ունի: Ջրհորներում ջրի մակադրակն էականորեն նվազել է: Որոշ բնակիչների համար ձկնորսությունը ապրելու միակ միջոցն էր»,- «Հետքին» նամակով դիմել է Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչ Հովսեփ Ղումաշյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել