Կեղծել են երևանցիների ստորագրությունները
«Մե’նք ենք այս քաղաքի տերը» ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ից ստացել է Վիշապների պուրակում բարձրահարկի շինարարություն անցկացնելու մասին իբր տեղի ունեցած հանրային լսումների արձանագրությունը: Պատահական ընտրանքով ստուգելով այն` նախաձեռնության կամավորները պարզել են, որ արձանագրությունները լի են կեղծված ստորագրություններով: Ընդ որում, դրանք ներառում են հիմնականում Վիշապների պուրակից հեռու գտնվող Երևանի շրջանների բնակիչներին, որոնց մեծ մասը տեղեկություն չունի Վիշապների պուրակի մասին:
Այս ամենը վկայում է այն մասին, որ ՀՀ բնապահպանության նախարարության մասնակցությամբ ակնհայտ կեղծիք է իրականացվել: Իրականում լսումներ տեղի չեն ունեցել: Եվ այս կեղծված փաստաթուղթը պետք է հիմք ծառայեր դրական եզրակացություն տալու համար: Կից շենքերի բնակիչներին նախապես հայտնել էին, թե լսումները տեղի են ունենալու դեկտեմբերի 18ին: Այդ օրը հավաքված բնակիչները ստորագրահավաքով դեմ արտահայտվեցին որևէ շինարարության իրենց այգում: ՀՀ բնապահպանական գերատեսչության ներկայացուցիչները չներկայացան:
Ըստ ի հայտ եկած 55էջանոց կեղծված փաստաթղթի` «դեկտեմբերի 8ին ինչ-որ հասցեում հանրային լսումներ են տեղի ունեցել, որին մասնակցել են Երևանի բոլոր ծայրամասերի բնակիչները»: Մեր կողմից բնակարաններ այցելությունների ժամանակ հայտնաբերվել են հետևյալ կեղծիքները.
լսումների փոխարեն իրականացվել է ստորագրահավաք ծանոթների շրջանում,
մեծ քանակությամբ ստորագրություններ կեղծվել են, նշված անձինք ընդհանրապես տեղյակ չեն եղել խնդրի մասին,
հարցվածների զգալի մասը սեփական ստորագրությամբ հաստատել է, որ չի մասնակցել լսումներին և իր ստորագրությունը կեղծված է,
ստորագրողների մի մասին ասվել է, որ նախատեսվում է խաղահրապարակ կառուցել,
բազմաթիվ են եղել անչափահաս երեխաների ստորագրությունների փաստերը,
կեղծված ստորագրություններով փաստաթղթում նշված է նաև լսումներին ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցչի մասնակցությունը, իսկ ստորագրողներն ըստ այդմ «չեն առարկում պուրակում բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքների սկսվելուն»:
Ամփոփելով արձանագրենք, որ այս կեղծիքի դեպքում խոսքը վերաբերում է լուրջ իրավախախտման մասին, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում: Բացի այդ, միջադեպը նոր հարցականներ է առաջ բերում Հայաստանում ընդհանրապես շրջակա միջավայրին վերաբերվող հանրային լսումների իրականացման արժանահավատության և դրանցում պետական մարմինների պատասխանատուների ու կառուցապատողների շահերի կասկածելի միահյուսման ու հանցավոր չարաշահման շուրջ:
Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել նոյեմբերին պատասխանատու ղեկավարների այգի կատարած այցելությունից և համապատասխան խոստումներից հետո:
Հիշեցնենք, որ Նոր Նորք թաղամասում Գայի պող. Հ. 19/71 հասցեով գտնվող «Վիշապի կոթողներ» այգում 1800 մակերեսով հողամասում ակնհայտ ապօրինի սեփականաշնորհման և շինարարության փաստաթղթեր են տրվել, ինչի արդյունքում բնակիչները ստիպված եղան սեփական ուժերով տեր կանգնել այգուն և ծառատունկ կազմակերպել: Այստեղ տրակտորի տակ էին հայտնվել 4000-ամյա վիշապաքարեր:
Բացահայտվածը ՀՀ շահագրգիռ քաղաքացիների հետևողական գործելակերպի արդյունքն է և լուռ համաձայնության դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը կարող էր մոտ ապագայում կայացած համարել լսումները և բնակիչների կամքին հակառակ դրական եզրակացություն տալ հանրային այգում բարձրահարկի շինարարությանը: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» խնդրում է ՀՀ Դատախազությանը` վերոնշյալն ընդունել որպես հաղորդում կատարված հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան գործողություններ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
10-ը մարտի 2011թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել