
Վճարել են, բայց պարտք են. գյուղացիները պատրաստվում են փակել Էջմիածնի հրապարակը
Այս պահին Արմավիրի մարզի Գայ գյուղի մոտ 100 բնակիչ գյուղից ոտքով շարժվում է դեպի Էջմիածնի հրապարակ: Գյուղացիներն արևի տակ քայլում են արդեն մոտ 40 րոպե և անցել են մոտ 10 կմ: Նրանք ցանկանում են որպես բողոքի նշան փակել Էջմիածնի հրապարակը:
Խնդիրն այն է, որ գյուղում գրեթե բոլորը էլեկտրաէներգիայի պարտք ունեն, մինչդեռ գյուղացիները ցույց են տալիս կտրոններ, որոնք վկայում են, որ իրենք ժամանակին վճարել են սպառած էլէներգիայի համար: Գայի բնակիչների խոսքերով` 2002 թ.-ից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարտքեր է հավելագրել և ասում է, որ գյուղացիներն անպայման պետք է վճարեն դրանք: Ընդհանուր առմամբ, ըստ գյուղացիների, ամբողջ գյուղն ունի մոտ 40 մլն դրամի պարտք:
Դեպի Էջմիածին տանող ճանապարհին գյուղացիներին մոտեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենը, ով գյուղացիներին հորդորեց չգնալ Էջմիածնին` խոստանալով լուծել խնդիրը: Սակայն գյուղացիներին չբավարարեց «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի պատասխանը, և նրանք շարունակեցին երթը, ինչից հետո տնօրենը հեռացավ:
Առավոտյան միջադեպ է գանցվել ոստիկանների և գյուղացիների միջև, երբ վերջինները փորձել են շարժվել դեպի Էջմիածին: Ոստիկանները նույնիսկ հրել են մի քանի գյուղացու` փորձելով նրանց նստեցնել մեքենաներ և տանել բաժին: Սակայն մյուս գյուղացիները ոստիկաններին թույլ չեն տվել դա անել:
Այնուհետև գյուղացիները զանգահարել են Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բաշխյանին: Երբ պատգամավորը և «Հետքի» լրագրողը գյուղում մոտեցել են գյուղացիներին, ոստիկանները հեռացել են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել