HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աղետի դեպքում պետք է առաջնահերթ ահազանգել փրկարարական ծառայություններին, ոչ թե լրատվամիջոցներին

Անցյալ տարի այս ժամանակաշրջանի համեմատ Շիրակի մարզում ձյան ծածկույթը նվազ էր, սակայն ամեն դեպքում արձանագրվեցին հեղեղումների դեպքեր Առափի եւ Գետք գյուղերում: Այս տարվա ձյունառատ փետրվարը եւ մարտ ամսվա երկրորդ կեսին սպասվող եղանակային տաքացումները հնարավոր հեղեղումների վտանգը կրկնակի են դարձնում: Եթե Գյումրիում եւ Արթիկում ձյան ծածկույթն այս պահին 20 սմ է, ապա Ամասիայում այն հասնում է 65 սմ-ի, Աշոցքում` 73 սմ-ի, լեռնային բարձրադիր հատվածներում մեկ մետրից ավելի է: Բարձրացել է նաեւ Ախուրյան գետի մակարդակը: Առափի գյուղի մոտ գետի լայնացած հունն արդեն իսկ ողողել է 30-40 մ հողաշերտը` իր տակ թողնելով գյուղի խմելու ջրի ջրագիծը: Մարզի փրկարարական վարչությունում փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի եւ մի շարք վարչությունների  ու կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությունում քննարկվեց  հնարավոր հեղեղումների վնասները նվազագույնի հասցնելու եւ կանխարգելելու հարցերը: «Ախուրյան-Արաքս ջրառ» ընկերության Շիրակի տեղամասի պատասխանտու Անուշավան Սիմոնյանի ահազանգը վերաբերում էր Թավշուտի ջրամբարին: Եթե օր առաջ այն չմաքրվի, ապա Աշոցքի տարածաշրջանի ձյան ծածկույթը հալչելուն զուգընթաց առաջնահերթ վնասվելու է Սիզավետ համայնքը: «Մարզի համապատասխան ծառայությունները պետք է պատրաստ լինեն, եւ տեխնիկան էլ պահեք պատրաստ: Հսկողություն սահմանեք նաեւ ջրամբարներում»,-հրահանգեց Սեյրան Պետրոսյանը: Փրկարարական վարչության պետ Անդրանիկ Պողոսյանն էլ դժգոհեց անտարբեր համայնքապետերից, ովքեր ժամանակին չեն մաքրում հեղեղատարները աղբից, իսկ աղետի դեպքում էլ, փոխանակ զանգեն համապատասխան մարմիններին, առաջինն ահազանգում են լրատվամիջոցներին ու նստում սպասում, թե հետո ինչ պիտի լինի: «Շոու սարքելու փոխարեն, նախ ահազանգեք մեզ,-նեղսրտեց Անդրանիկ Պողոսյանը,-որ հետո էստեղ էնտեղ չբողոքեք, թե փրկարարներն ուշ են տեղ հասել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter