HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրու քաղաքապետի խորհրդականն առաջարկում է ձերբազատվել «եղևնիների մերժված» կերպարից

Գյումրու Անկախության հրապարակում 2007թ.-ի հոկտեմբերին հատված 4 եղեւնիների փոխարեն գնդաձեւ ակացիաների տնկման վերաբերյալ ավագանու որոշումը մինչեւ օրս իրականություն չի դարձել:  Նախորդ խնդիրը դեռ չլուծած` այժմ էլ Գյումրու քաղաքապետարանը լծվել է Վարդանանց հրապարակը 17 եղեւնիներից զրկելու գործին` պատճառաբանությամբ, թե ծերացած ծառերը խաթարում են հրապարակը երիզող շինությունների քաղաքաշինական տեսքը: Հավանաբար որպեսզի ծառերի տեղափոխումը (քանի որ այս անգամ կտրելու խնդիր չի դրված) նույն ռեզոնանսը չառաջացնի, ինչ 3 տարի առաջ, քաղաքապետարանը որոշել էր այդ մասին տեղյակ պահել քաղաքում գործող բնապահպանական կառույցներին` մասնավորապես «Օրհուս» կենտրոնին: Այսօր «Ասպարեզ» ակումբում հանրային քննարկում էր կազմակերպվել Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Թեպետ կենսամիջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին հանրության պատշաճ իրազեկում եւ հանրային քննարկումներ անցկացնելու վերաբերյալ գոյություն ունի Կառավարության թիվ 660 որոշումը` ընդունված 28.10.1998թ-ին, նման միջոցառում Գյումրիում անցկացվում էր առաջին անգամ: «Այնպես անենք, որ ոչ շիշը վառվի, ոչ քյաբաբը,-նկատեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավոր խորհրդական Լեւոն Խաչատրյանը,-մենք դիմել ենք մի կազմակերպության, որ կոչվում է «Լանդշաֆտ դիզայն»: Նրանք եկել ծառերը ուսումնասիրել են, տվել են իրենց կարծիքը, որ ծառերն է հնարավոր տեղափոխել, որը` ոչ: Պարոն Գեւորգի հետ մենք շրջել ենք, բոլոր ծառերը մեկ առ մեկ ուսումնասիրել ենք: Մենք հո չե՞նք ասում` կտրելու ենք, ասում ենք` պիտի տեղափոխենք, մի քանի հատը կթողնենք, որոնք չեն խանգարում հրապարակի ընդհանուր տեսքին եւ չեն ծածկում շինությունները»: Ամեն մի եղեւնին տեղափոխելն արժենալու է 313.714 դրամ: Ներկաների կարծիքով, բազմաթիվ խնդիրների մեջ թաղված քաղաքի համար շռայլություն է բյուջեից 15 հազար դոլարի տրամադրումը ծառերի տեղափոխման նպատակով, այն էլ այն դեպքում, երբ, դենտրոլոգ Ազատ Խաչատրյանի պնդմամբ, տեղափոխված եղեւնիները 2 տարուց նոր վայրում պարզապես կմահանան: «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը քաղաքապետարանի արդեն իսկ իրականացրած աննախադեպ շռայլության մի քանի փաստ եւս հիշատակեց` Վարդանանց հրապարակի քարե գորգը, որը քաղաքի բյուջեից խլել է 180 մլն դրամ եւ Չերազ- Սպանդարյան փողոցներն իրար միացնող 80 մ ճանապարհահատվածի կառուցման համար ծախսված 52 մլն դրամը: Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հիմնավորմամբ, նշված արծաթափայլ եղեւնիները կորցրել են իրենց էսթետիկական տեսքը, փակում են ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները եւ թույլ չեն տալիս ամբողջացնել հրապարակի անսամբլը: «Մենք դրանք փոխարինելու ենք ցածր թփերով ու ծաղիկներով»,-ասաց Հենրիկ Գասպարյանը: Նա զարմացած էր, թե ինչու են ներկաները համառորեն կառչել զուտ ռուսական տափաստաններին բնորոշ այդ ծառերին: Նա մի քանի հայտնի մայրաքաղաքներ թվարկեց, որոնց կենտրոնական հրապարակներում եղեւնիները բացակայում են, սակայն դա ամենեւին էլ չի խաթարում նրանց տեսքը: «Ես որ այդ եղեւնիները տեսնում եմ, մարմինս սկսում է սառչել,-իր տպավորությունները փոխանցեց քաղաքապետի խորհրդական Լեւոն Խաչատրյանը` խորհուրդ տալով ձերբազատվել եղեւնիների` իր կարծիքով «մերժված կերպարից»: Հրապարակի եղեւնիների «բարով-խերով» տեղափոխումից հետո «խաթարման» նույնատիպ պատճառաբանությամբ հերթը հասնելու է Արագած ճեմափողոցի եղեւնիներին: 2010թ.-ին հասարակության ջանքերով հնարավոր եղավ դադարեցնել Արագած ճեմափողոցի կանաչ տարածքում իրականացվող շինարարությունն ու չնայած ՀՀ բոլոր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին հղված բողոքներին, հարցը դեռեւս վերջնական լուծում չի ստացել: Քննարկման ավարտին հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմվեց առաջարկների ցանկ, որտեղ քաղաքապետարանին առաջարկում են հրաժարվել եղեւնիները տեղափոխելու մտքից եւ չվատնել բյուջեից գումարներ դրանք տեղափոխելու կամ հատելու նպատակով, Շահումյան188 շենքի  եւ Վարդանանց հրապարակի միջեւ գտնվող տարածքը կանաչապատման նպատակով հատկացնել Գյումրու բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպություններին, կանխել Արագած ճեմափողոցի եւ նրան հարող տարածքների հետագա կառուցապատումն ու նեղացումը գազոնների եւ կանաչ տարածքների հաշվին, չեղյալ հայտարարել Արագած ճեմափողոցի կենտրոնական հատվածում, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքում առեւտրի եւ սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով քաղաքացի Ա.Անտիկյանին կառուցապատման իրավունքով հողամասի տրամադրման վերաբերյալ քաղաքապետի 2009թ-ի փետրվարի 26-ի թիվ 300-Ա որոշումը, վերացնել ինքնակամ շինարարական աշխատանքների հետեւանքները եւ կանաչապատել տվյալ տարածքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter