Արմեն Գեւորգյանը աշխատանքային մեկօրյա այցով հարավային մարզում էր
Այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ով հարավային մարզի այցելությամբ էլ եզրափակեց մարզային հանդիպումները:
Սյունիքի մարզպետարանում կայացած աշխատանքնային հանդիպման ժամանակ փոխմարզպետ Արա Դոլունցը ըստ ոլորտների մանրամասնորեն ներկայացրեց Սյունիքի մարզի 2010-2013թթ.-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2010թ.-ի աշխատանքային պլանի մոնիտորինգի եւ գնահատման տարեկան հաշվետվությունը:
Մասնավորապես 2010թ.-ին տարեկան աշխատանքային պլանով նախատեսված էր 26,125,730.7 հազար դրամի ներդրումներ, իսկ իրականացվել է 29,715,868.8 հազար դրամի աշխատանքներ: Պետական բյուջեի 13 մլրդ 418 մլն 234. հազար դրամ նախատեսված գումարից մարզում կատարվել են 12,977,642.3 հազար դրամի աշխատանքներ, միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից Սյունիքի մարզի համար նախատեսված 9,390,484.5 գումարից իրականացվել են 12,444,041.5 դրամի աշխատանքներ:
Համայնքային բյուջեից եւ մասնավոր ներդրողների հատկացրած միջոցներից մարզում 2010թ.-ին կատարվել են համապատասխանաբար 283, 537 հազար դրամի եւ 4,010,647,5 հազար դրամի աշխատանքներ:
Մարզում նախատեսված 94 միջոցառումից 6-ը նախորդ տարվա ընթացքում չի իրականացվել ֆինանասական սղության պատճառով, որի ընդհանուր գումարը կազմում էր 704 մլն 200 հազ. դրամ:
Հաշվետվության ներկայացման ու քննարկման ժամանակ պարզվեց, որ ներկայացված փաստաթղթում կան մի շարք թերություններ, ինչպես նաեւ տեղ են գտել որոշ բացթողումներ, եւ փաստաթուղթն ունի լրացման եւ թերությունների շտկման կարիք:
Հանդիպման ընթացքում ներկա գտնվող մարզի համայնքի ղեկավարները եւ ՋՕԸ-ների ղեկավարները ներկայացրեցին ընթացիկ հրատապ խնդիրները:
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարին տեղեկացրեց, որ Ագարակում գործող եւ 450 աշակերտի համար նախատեսված միակ միջնակարգ դպրոցը կարիք ունի նոր դասասենյակների, քանի որ այստեղ սովորում են ավելի քան 600 աշակերտ, եւ դասասենյակները գերհամալրված են:
Փոխվարչապետը խոստացավ հետաքրքրվել խնդրով, իսկ ահա Ագարակի քաղաքապետի մյուս խնդրանքը մերժվեց` տեղում ՔԿԱԳ հիմնելու համար:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը քաղաքում մարզադպրոց կառուցելու հարց բարձրացրեց, իսկ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին մտահոգում էր քաղաքի միջով անցնող միջպետական մայրուղու եզրերին տեղակայաված գործող 39 կրպակների հետագա ճակատագիրը: Այդ կրպակների համար, նույնիսկ ժամանակից տեսքի բերելուց հետո, հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրի իրականացման արդյունքում բավականին բարդություններ են առջանալու:
Մյուս կարեւորագույն հարցը վերաբերում էր տեխզննման հետ կապաված գույքահարկի վճարների հավաքագրման գործընթացին. քաղաքապետարանին չի հաջողվում հավաքագրել համապատասխան գույքահարկը:
Փոխվարչապետը նշեց, որ դա համայնքի խնդիրն է, եւ քաղաքային իշխանություններն իրենք պետք է լուծում տան դրան` հարկ եղած դեպքում դատարանի օգնությանը դիմելով:
Հանդիպման վերջում ջրօգտագործող ընկերությունների պատասխանատուները Արմեն Գեւորգյանին ներկայացրեցին իրենց կառույցներում առկա բազմաթիվ խնդիրները, որոնք իրենց հերթին տարվա ընթացքում ոռոգման հետ կապած բավականին լուրջ դժվարություններ են ստեղծում, իսկ դրանց լուծման համար հարկավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, բացի այդ` ավելացել են ոռոգվող նոր հողակտորները:
Հավելենք, որ աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր մարզպետարանի աշխատանքային խորհրդակցությունների փոքր դահլիճում: Նախքան հանդիպումը նստելատեղերի բավարար քանակի հետ կապված խնդիրներ ծագեցին, ընդ որում` լրագրողների համար նախատեսել էին ընդամենը 3 աթոռ, եւ, փորձելով սահամանփակել մասնակիցների թիվը, որոշել էին հանդիպմանը հրավիրել ոչ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին` թերևս չգիտակցելով, որ խոչընդոտում են լրագրողի աշխատանքին: Այնուամենայնիվ, 3-ի փոխարեն ներակայացել էր 5 լրագրող, եւ նրանց համար ստիպված եղան աթոռներ ավելացնել:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել