HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մինչեւ դպրոցի կառուցումը աշակերտներին ցրտից կփրկի ոչխարի մորթին

Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի դպրոցում սովորող աշակերտներից ոմանք ոչխարի մորթուց կտորներ են տանում իրենց հետ, դնում նստարաններին, որպեսզի այդ կերպ դիմակայեն ցրտին: Դպրոցի աշակերտներից մեկը պատմեց, որ դասասենյակները տաքացնում են սոլյարկայով, բայց քանի որ պատուհանները հերմետիկ չեն փակվում, իսկ ապակիները կոտրված են, ստիպված են դասերն անցկացնել ցուրտ սենյակներում: Այս պայմաններում սովորում է 230 աշակերտ: Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի կենտրոնում է գտնվում միջնակարգ դպրոցը: Սովորաբար շենքերի արտաքին տեսքից, ճարտարապետական լուծումներից կարելի է կռահել, թե ինչի համար է այն ծառայեցվում: Լուսագյուղի դպրոցի դեպքում այդպես չէր: Երկհարկանի կիսախարխուլ շենքը ոչ մի աղերս չունի դպրոցի հետ: Շենքի պատուհանները կոտրված են, քարերը` շինությունից դուրս եկած, իսկ առաջին հարկի պատերի կեսը տարածքի ջրափոսերից ամբողջությամբ խոնավացել է: Այս տեսարանը դժվար թե ինչ-որ մեկին հուշեր, որ շենքում երեխաներ են կրթվում: Լուսագյուղի համայնքապետ Սարիբեկ Կարապետյանն ասաց, որ «կոմունիստների ժամանակից ի վեր» դպրոցը չի վերանորոգվել: Դպրոցն իր հաշվին կոսմետիկ նորոգումներ արել է, բայց պետական որեւէ ծրագրով կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: «Դպրոցի շենքը երկու փուլով է կառուցվել: 70-ականներին առաջին հարկն է կառուցվել, հետո` մոտ 10 տարի անց, ավելացրել են երկրորդ հարկը: Ես 46 տարեկան եմ, առաջին անգամ այդ դպրոցն եմ գնացել»,- հիշեց գյուղապետը: Ս. Կարապետյանի ասելով` դպրոցը վերանորոգման որեւէ ծրագրում ընդգրկված չէ, բայց խոստացել են, որ մինչեւ 2013 թ. գյուղի համար նոր դպրոց կկառուցեն: Գյուղապետը մանրամասներին չէր տիրապետում: «Դպրոցի խնդիրը ներկայացվել է մարզպետարանին, մարզպետն ինքն անձամբ այցելել եւ տեսել է դպրոցը: Մասնագետներ է ուղարկել, քննարկել են դպրոցի հարցը: Մասնագետներն ասել են, որ այն վերանորոգման ենթակա չէ, քանի որ շենքը վթարային է, նոր դպրոց պետք է կառուցվի: Եթե այս ճգնաժամը չլիներ, դպրոցն արդեն կառուցված պետք է լիներ, բայց հիմա խոստացել են, որ մինչեւ 2013 թ. կկառուցվի»,- ասում է Լուսագյուղի գյուղապետը: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը «Հետքին» փոխանցեց, որ մարզում վերանորոգման խիստ կարիք ունի 40-ից ավելի դպրոց: Այս տարի նախատեսվել է վերանորոգել ընդամենը 12 դպրոց: «Միջնաժամկետ ծրագրերով նախատեսվում է առաջիկա 3 տարիների ընթացքում վերանորոգել մարզի բոլոր դպրոցները: Վերանորոգման ընթացքը կախված է հանրապետության վիճակից: Արդյոք այդքան ֆինանսական միջոցներ կլինե՞ն, որ ծրագրերն ավարտին հասցվեն, որովհետեւ խոսքը մեծ գումարների մասին է»,- ասաց Գ. Սայադյանը: Վարչության պետը թերահավատ էր, քանի որ խոսքն «անհավանական» գումարների մասին է: «Մարզում ահավոր վատ վիճակում գտնվող դպրոցներ ունենք, որոնց վրա զգալի գումարներ պիտի ներդրվեն: Մեկ դպրոցի համար` 100-700 մլն դրամ: Արդյոք այսօր հնարավո՞ր է նման գումարների ներդրումը, որպեսզի 3 տարվա ընթացքում դուրս գանք այս վիճակից, դժվարանում եմ ասել»,- ավելացրեց Գ. Սայադյանը: Նա հաստատեց, որ Լուսագյուղում նոր դպրոց է կառուցվելու. «Նախատեսվում է, որ 2012 թ. սեպտեմբերին նոր դպրոցը շահագործման կհանձնենք»: Մշակույթի տու՞ն, թե՞ ակումբ. երկուսն էլ կապ չունեն մշակույթի հետ Դպրոցի հարեւանությամբ գտնվում է մեկհարկանի մի անշուք շինություն: Փոխված էր այդ շենքի միայն դրսի դուռը: Սկզբում մտածեցի, թե գյուղացիներից մեկի տունն է, սակայն աշակերտներից մեկն ասաց, որ իրենց գյուղի մշակույթի տունն է: Գյուղապետին դուր չէին գալիս գյուղի խնդիրների մասին մեր հարցերը, ուստի մեծ դժվարությամբ էր պատասխանում: Սարիբեկ Կարապետյանը միայն ասաց, որ գյուղի «մշակութային օջախը» ակումբ են կոչում եւ նոր-նոր են սկսել վերանորոգման աշխատանքները: Համայնքապետի ասելով` Լուսագյուղում երգի, պարի կամ այլ խմբակներ չկան, ակումբում տեղակայված է միայն գյուղի գրադարանը: «Այլ հարցերի համար ժամանակ չունեմ»,- ասաց գյուղապետ Կարապետյանը եւ հրաժարվեց զրույցը շարունակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter