HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ես փոփոխության պիտի հասնեմ ու ոչ միայն ինձ համար»

Արտակ Բեգլարյանը 6 տարեկան էր, երբ Ստեփանակերտում` իրենց շենքի բակում խաղալիս իր երեք ընկերները ական գտան ու որոշեցին բացել, որ տեսնեն, թե ինչ կա դրա մեջ: Արտակը մոտ էր կանգնած եւ պայթյունից կորցրեց տեսողությունը: Երեխաներից երկուսը կորցրին ոտքը, մեկը թեթեւ բեկորային վնասվածք ստացավ: Նույն տարում` 1995 թ ., Արտակը Երեւան եկավ, ընդունվեց եւ ավարտեց տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան N14 հատուկ դպրոցը:

Արտակը մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող է, սովորում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կոնֆլիկտաբանության բաժնում: Նա ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Համալսարանում սովորելու ընթացքում Արտակն ինքն է ստեղծում իրեն անհրաժեշտ պայմանները եւ հավելյալ օգնություն չի խնդրում բուհից: Նա գրավոր քննությունները բանավոր է հանձնում: Դեռ ոչ մի դասախոս չի պահանջել, որ նա քննությունը գրի բրայլյան համակարգով ու հետո կարդա, կամ ներկայացնի համակարգչային շարվածքով: Արտակն ուսման ընթացքում պահանջվող ամբողջ գրականությունը սովորում է էլեկտրոնային տարբերակով` համակարգչային հատուկ ծրագրով, որը բարձրաձայն ընթերցում է տեքստերը:

«Եթե թեկուզ վարչական առումով համալսարանը ինչ-որ լուրջ պայմաններ չի ստեղծում հենց հատուկ ինձ համար, ես էլի չեմ մտածում, որ այդպիսի լուրջ խնդիր կա: Թեեւ հռչակագրային Սահմանադրությունն էլ է ասում, որ պետք է ստեղծվեն պայմանները, բայց հաստատ մենք էն ֆինանսական միջոցները չունենք, որ լուրջ ճոխություն արվի մեկ կամ երկու չտեսնողի համար»,- ասում է 22-ամյա Արտակը: Նա բացարձակ գերազանց է սովորում:

Արտակ Բեգլարյանի անունը լրատվամիջոցներում արծարծվեց վերջերս, երբ նա դիմել էր Արտգործնախարարության դիվանագիտական դպրոց, սակայն ԱԳՆ-ն չէր ընդունել երիտասարդի դիմումը` պատճառաբանելով, թե նա կույր է:

«Իմ պայքարը հիմնականում այն էր, որ ինձ թույլ տրվեր քննվել, որ ինձ ստուգեին: Իրենք հնարավորություն չեն տվել քննությանը մասնակցելու: Եթե ինձ քննությունից կտրեին, ես բողոքելու տեղ չէի ունենա»,- ասում է Արտակը: ԱԳՆ-ն հիմնավորում է, որ Կառավարության հաստատած «Ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկով» ենթադրվում է նաեւ կուրություն, թեեւ բառացիորեն ցանկում դա գրված չէ: Իսկ Արտակը եւ նրա ընկերները համոզված են, որ դիմումը չընդունելը օրենքի խախտում է, քանի որ ցանկում չկա որեւէ հիվանդություն, որն Արտակը ունենա: Իսկ կուրությունն առաջացել է ոչ եղջերաթաղանթի, ցանցաթաղանթի վարակիչ հիվանդություններից, որոնք ընդգրկված են ցանկում:

Առաջիկա օրերին Արտակը հայց է ուղարկելու վարչական դատարան, որով վիճարկելու է ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցի կառավարման խորհրդի` իր դիմումը մերժելու որոշումը: «Ես փոփոխության պիտի հասնեմ ու ոչ միայն ինձ համար, այդ փոփոխությունը նաեւ ինչ-որ հստակ սոցիալական խմբի համար է: Օրինակ` հաշմանդամի համար կարող է նախադեպ լինել իմ պայքարը: Մյուս կողմից էլ իմ պայքարը կարող է ինչ-որ չափով ստերեոտիպեր կոտրել, որ չտեսնողը որոշակի բաներ կարող է անել»,- ասում է Արտակը:

Նա ակտիվ կյանքով է ապրում: Շատ է մասնակցել տարբեր դասընթացների: Վերջերս է վերադարձել Հունաստանից, որտեղ մենեջմենթ էր սովորում: Նաեւ ավարտել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը, այդ դպրոցի անդամ է, հաճախ մասնակցում է քննարկումների: Արտակը արշավներ կազմակերպող «Ճանաչենք Հայաստանը» ակումբի նախաձեռնողներից է: 2009-ին ստեղծված ակումբը տարեկան մոտ 20 արշավ է կազմակերպում: Արտակը մասնակցում է արշավներին, այդ թվում նաեւ` լեռնագնացությանը: «Ես Գեղարդի լեռն էլ եմ բարձրացել, ամենաբարձր կատարը բարձրացել եմ»,- ասում է նա: Իսկ երբ Հունաստանում էր, Հայաստանում անցկացվելիք արշավները համակարգում էր ինտերնետի միջոցով: «Ճանաչենք Հայաստանը» ակումբը Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարների երկու ցուցահանդես է կազմակերպել:

Արտակը Արցախում հիմնել է «Կամք» ՀԿ-ն, որը նախատեսում է ոչ ֆորմալ կրթական միջոցառումներ կազմակերպել քաղաքացիական հասարակության, Արցախի, Ջավախքի, Ցեղասպանության հիմնախնդիրների վերաբերյալ: Ստեփանակերտի երիտասարդության շրջանում նման կրթության բացը կա. երիտասարդները պասիվ են, անիրազեկ, ինտերնետը չեն գործածում որպես լրատվամիջոց, տեղեկատվության հիմնական աղբյուրը Հանրային հեռուստատեսությունն է:

«Պարտադիր չի, որ քաղաքական զարգացումներով բոլորը հետաքրքրվեն, բայց ինչ-որ կոնկրետ երիտասարդական շրջանակներ պետք է իմանան: Ուղղակի քանի որ հիմա էստեղ եմ, էնտեղ գործունեություն ծավալելը մի քիչ դժվար է, բայց արդեն ունեմ մի քանի պլաններ, որ առաջիկայում պիտի իրագործեմ»,- ասում է Արտակը: Նրա ավագ եղբայրները Ստեփանակերտում են ապրում` իրենց ընտանիքներով: Չնայած 6 տարեկանից Երեւանում է սովորում, բայց արձակուրդները Արտակը միշտ Արցախում է անցկացնում: «Էստեղ ես միայն սովորելու նպատակով եմ եկել»,- ասում է նա: Արտակի խոսքերով` երբ ծնվում ու մեծանում ես Արցախում, ավելի դժվար ես նկատում այն լավը, որը շրջապատում է քեզ այնտեղ: Օրինակ` դրսից եկած մարդն ավելի լավ է հասկանում Արցախի բնության արժեքը, քան արցախցիները, քանի որ անընդհատ այդ բնության մեջ են: «Շուտ-շուտ պապական գյուղ եմ գնում` Խնձրիստան: Հիմնականում արդեն էդտեղից սկսած` դեպի Մարտակերտ, բնությունն ավելի գեղեցիկ է դառնում: Մարտակերտով էլ անցնում ես դեպի Քարվաճառ: Հյուսիսային Արցախն ավելի սիրուն է, քան Հարավայինը: Արդեն Խնձրիստանից սկսած` կարելի է ասել, որ Հյուսիսայինն է սկսվում»,- ասում է նա:

Արտակը հետաքրքրվում է կոնֆլիկտներով եւ մասնավորապես Արցախի հակամարտությամբ: Այդ պատճառով մագիստրոսական կրթությունը շարունակում է կոնֆլիկտաբանության բաժնում: Ապագայում էլ պատրաստվում է զբաղվել քաղաքական կոնֆլիկտների խնդիրներով: Նրա համոզմամբ` հայկական կողմը Արցախի խնդիրը պետք է դիտարկի ոչ թե 1991 թ.-ից սկսած, այլ 20-ականներից, քանի որ այդ ժամանակ Կոմունիստական կուսակցությունը, լինելով կուսակցական մարմին, միջպետական որոշում է կայացրել: Արտակը հարցի լուծումը տեսնում է հետեւյալ կերպ. Արցախը ոչ թե անկախանում է, այլ վերամիավորվում ՀՀ-ին:

«Ինչքան հասկանում եմ (եւ շատ-շատերն էլ դա ընդունում են նաեւ քաղաքական մակարդակով), ուղղակի ռազմավարություն է, որ Արցախը սկզբից անկախանա, նոր ինքը իրենով որոշի իր ճակատագիրը: Արցախում էլ արդեն կան որոշակի տարրեր, որոնք մտածում են, որ «վերջ, մենք նոր, անկախ պետություն ենք»: Այսինքն` ինքնախաբեությամբ են զբաղվում: Վերջին հաշվով, Արցախը միանալու է Հայաստանի Հանրապետությանը»,- ասում է Արտակը: Նրան դուր չի գալիս, երբ ազատագրված հայկական տարածքները սակարկման ենթակա են դիտարկվում: Արտակի հայրը ազատամարտիկ է: Մասնակցել է Մարտակերտի մարտերին ու զոհվել Լաչինի ազատագրման ժամանակ: Իսկ մայրը մահացել է 2005-ին: Արտակն ասում է, որ իր ներքին ուժի հիմնական աղբյուրը օգտակար լինելու ցանկությունն է: Նա համալսարանում հաճախ է օգնում դասընկերներին:

«Եթե կարիքը կա, ու տվյալ պարագայում ես կարողանում եմ, միշտ օգնում եմ»,- ասում է նա: Այժմ Արտակի նպատակը որակյալ կրթություն ստանալն է: Իսկ հետագայում Արտակն իրեն լիովին տեսնում է քաղաքականության մեջ` որպես քաղաքագետ կամ ակտիվ քաղաքական գործիչ: «Կուզենայի, որ ընդհանուր հասարակության գիտակցությունը, վերաբերմունքը պետության նկատմամբ փոխվեր, որ քաղաքացին չասեր. «Երկիրը երկիր չի»: Այսինքն` քաղաքացին հասկանար, որ ինքը պիտի փոխի երկիրը ու իր շրջապատի մտածելակերպը: Մարդը պիտի հասկանա, որ իրենից պիտի սկսվի փոփոխությունը, ոչ թե ինքը բողոքի ինչ-որ սխալներից»,- ասում է Արտակ Բեգլարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter