HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գիշերները լույսը վառ կքնեին, որ կռիսները երեխեքին չուտեին»,- ասում է Լարիսա տատը

Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի 3 երեխաներին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպան Լուսինե Գինոսյանը տեղափոխել էր մանկատուն` պատճառաբանությամբ, թե ընտանիքը զուրկ է սոցիալական պայմաններից: Երեխաներից երկուսին տեղավորել էին Գյումրիի «Հույս» մանկատանը, իսկ փոքրին` Հարությունին, «Թռչունյաց տուն» մանկատուն-կրթարանում: Երեխաների հայրը հիմա պահանջում է հետ վերադարձնել զավակներին` պատճառաբանելով, որ մարզպետարանի աշխատակիցներն իրավունք չունեին երեխաներին մանկատուն տեղափոխել առանց իր համաձայնության, թեպետ մարզպետարանի համապատասխան բաժնում առկա են թե իր, թե կնոջ ձեռքով գրված դիմում-խնդրանքները: «Երեխեքին էնքան կեղտոտ կպահեր, որ դեմքերի գույնն անհնար էր տարբերել: Ահավոր փնթի, կեղտոտ, անտարբեր մեր է Աննան ու ճիշտ էրին, որ տարան որբատուն: Ես իրա մեծ տեգրոջ կինն եմ, քանի-քանի անգամներ բերել էդ երեխեքին լողացրել, հագցրել ճամփել եմ, մյուս օրն էլի նույն կեղտոտ վիճակն է եղել: Երեխեքը վայրենու պես կմեծնային, մարդկանց հետ շփվել չունեին,- պատմում է Չինար Հարությունյանը,- մեծ տղեն` Ռոմիկը, թոռիս թայն է: Թոռս 4-րդ դասարան կերթա, իսկ Ռոմիկը տառաճանաչ չէ: 10 տարեկան երեխեն գրել-կարդալ չիդեր»: 8 երեխաներից ամենափոքրն է 1971 թ. ծնված Սեյրան Հարությունյանը: Հարազատների հավաստմամբ` ամենաաշխատասերը, ամենաբարին ու ամենաանբախտը: Աննայի հետ ամուսնացել է միջնորդի միջոցով: «Մեկմ ծանոթներից ցույց տվեց էդ աղջկան, Սեյրանը հավնավ, մենք էլ ուզեցինք: Տեսքը հո տեղն է` բոյով, սպիտակամորթ, նայվող աղջիկ է: Բայց դե չիդեինք, որ խելքը քիչմ տեղը չէ: Ըդոնց տեղաշոր չի դիմանա: Փոխանակ մաքրե, լվանա, կհանե կթափե: Հետն որ կխոսաս, նորմալ կպատասխանե, բայց ուտելուց էն կողմ կյանքը չի պատկերացնե: Երեխեքի կամ իրա, մարդու շորերը լվալ չունի: Հենց կկեղտոտի, կմտցնե պեչկը կվառե: Մեշոկներով իրանց շոր կուտային գեղացիք, ինչ-որ կազմակերպությունից կբերեին` մե շաբաթմ կտեւեր, էլի չպլաղ, անլվա ման գուկային»,- պատմում է տիկին Չինարը: Աննայի օժիտը 3 սենյականոց բնակարան էր Անի թաղամասում: Ամուսնությունից հետո երիտասարդ զույգերն ապրել են այդտեղ, սակայն որոշ ժամանակ անց, տան իրերը վաճառելուց հետո, վաճառել էին նաեւ բնակարանը: «1500 թե 1800 դոլար էին ծախել, շատ էժան, 10 տարի առաջ 3 սենյականոց տունը Անի թաղամասի էդ կենտրոնական մասում գոնե պիտի 10 հազար դոլար էղներ ամենաքիչը: Ծախին իբր, որ գային ըստեղ տուն առնեին, մնային գյուղում, որովհետեւ Սեյրանը գյուղի կյանքն ավելի կսիրեր: Եկան, տուն էլ չկրցան առնեին, թե էդ փողն էլ ինչ էրին` մարդ չհասկցավ, մե խոսքով, վերջի երեք տարին մեր հին գոմի մեջը կապրեին, ուրտեղ որ հմի մենք խոտն ու աթարն ենք լցրել: Իրանք տուն ունեին, ծախին, փողը կերան, մնացին անտուն, ուզեին-չուզեին` պիտի հարմարվեին»,- նեղսրտում է տիկին Չինարը: Ղարիբջանյանցի Լարիսա Խուրշուդյանն ապրում է հարեւանությամբ: Ասում է, որ ինքն էլ է ժամանակին օգնել Սեյրանի ընտանիքին: «Բայց երկու օր հետո հանել-թափել էին դուրս: Հեչ չէինք հասկնա, թե ուրտեղ կքնեին: Գիտե՞ս ինչքան անկողին է էդ աղջիկը թափել: Կպատմեին, թե տատը ինչ օժիտ է թողած եղել Աննային, բայց սաղ ծախել է կոպեկներով: Էն ժամանակ օր շենք կապրեին, կըսեին` կիջներ անկողնու սպիտակեղենը էժան կծախեր, կմտներ խանութ, երշիկ ու խտացրած կաթ կառներ: Ըդոնք տաք ճաշի երես տեսած չկան: Սեյրանը գերեզմանափոր կաշխատեր: Օրական հետը ուտելու բան կբերեր, ըդորով կապրեին: Կզարմանանք մենակ, թե ինչխ էդ իրեք երեխեն մեծցան էդ գոմի մեջը, ըդիկ խոլերի բուն էր: Գիշերները լույսը վառ կքնեին, որ կռիսները երեխեքին չուտեին»,- ասում է Լարիսա տատը: Լարիսա տատը ցույց է տալիս այն շինությունը, որտեղ վերջին 3 տարին բնակվել է Սեյրան Հարությունյանի ընտանիքը: Դռան վրա եղած բավական ընդարձակ ճեղքից լուսանկարում եմ ներսը: Անասունի համար նախատեսված խոտն է դարսած եւ գյուղացու ձմռան վառելիքը` աթար: Շինությունը սկսել էր ծառայել իր իրական նպատակին: Սեյրանին գյուղում անցյալ տարվա դեկտեմբերից չեն տեսել: Գիտեն միայն, որ հիմա Ամասիայի տարածաշրջանի Կապս գյուղում է, ինչ-որ մեկի մոտ ընդունվել է աշխատանքի որպես անասնապահ: Նոր տարվա տոներից հետո «Թռչունյան տնից» գյուղ ներկայացուցիչ էր եկել, փնտրել Սեյրանին, ղարիբջանյանցիներին հայտնել, որ վերջինս խնդրել ու 15 օրով փոքր տղային` Հարությունին տուն տանելու թույլտվություն է ստացել, սակայն երեխային այդպես էլ չի վերադարձրել հաստատություն: «Թե հետո ինչխ էին գտել Սեյրանին, չիմացանք,- ասում է Սիլվա տատը,- բայց ինչքան գիտեմ, երեխեն էլի մանկատանն է, գտել, հետ են տարել»: Սեյրանի մեծ եղբոր կինը` Չինարը, զարմացած է, թե ինչու են այդպես լրատվամիջոցներով քննադատում, որ երեխաներին ծնողներից վերցրել տարել են մանկատուն: «Ի՞նչ անեին, թողնեին, որ երեխեքը կործանվեի՞ն: Եթե ընձի կհարցնեք, Էդ երեխեքն ուղղակի փրկվան, որ տիկին Գինոսյանը տեղափոխեց իրանց մանկատուն»: Նորօրյա մաուգլիները Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպան Լուսինե Գինոսյանը պատմեց, որ 2 տարի առաջ` 2009 թ. մարտին, հեռախոսազանգ է ստացել Ախուրիկ գյուղի բուժկետից: Տեղեկացրել են, որ այդ պահին արյան վարակումով իրենց մոտ է գտնվում Աննա անունով մի երիտասարդ կին Ղարիբջանյան գյուղից, ով տան պայմաններում հղիության արհեստական ընդհատում էր արել: Քանի որ Աննայի 3 անչափահաս երեխաները մնացել էին առանց հսկողության, բուժաշխատողները որոշել էին դիմել երեխաների իրավունքների պաշտպանին: «Զանգը ստանալուց 10 րոպե հետո ես էդ գյուղում էի, գնացի գտա էդ տուն կոչվածը, որ գոմ էր իրականում: Երեխեքը նստած էին հողե հատակին` կեղտոտ, անլվա, շների ու հավերի հետ,- հիշում է Լ. Գինոսյանը,- վառարան էր վառվում, բայց լուսամուտ, նորմալ դուռ չկար, որ տաքությունը մնար: Երեխաները բացարձակ չէին խոսում: Հավի ծերտով ապականված անկողին, առնետների բներ սենյակի անկյուններում, ու առնետներն էլ ազատ ել ու մուտ էին անում էդ տարածքում: Ահավոր գարշահոտ էր սենյակում, սպասքի որեւէ հետք չկար, մսի կտորներ կային պատուհանի գոգին, գոմաղբը լցված էր սենյակի մեջտեղում»: Լ. Գինոսյանն Ախուրիկի բուժկետում հանդիպել է նաեւ Աննային, զրուցել հետը: Տիկին Գինոսյանի հավաստմամբ, Աննան լուրջ բժշկական հետազոտման ու բուժման կարիք ունի: «Մենք փորձեցինք այդ ընտանիքին օգնել, թեպետ ասեմ, որ իրավունք ունեինք հենց նույն օրը վերցնելու երեխաներին ծնողներից, նրանց էլ զրկել ծնողական իրավունքից: Դրա փոխարեն 6 ամիս շարունակ աջակցել ենք: Երեխաները ծննդյան վկայական չունեն, Սեյրանը հայրություն չէր ճանաչել: Ընտանիքը այդ պատճառով նպաստառու չէր, մեծ տղան դպրոց չէր հաճախում, 9-ամյա Ռոմանի խոսակցականը 2-3 տարեկան երեխու զարգացման մակարդակի էր կամ ավելի վատ»,- պատմում է Լ. Գինոսյանը: Նախ կարգավորել են երեխաների ծննդյան վկայականների հարցը, հետո խոստում կորզել ընտանիքի հորից` Ս. Հարությունյանից, որ Ռոմանին կուղարկի դպրոց: Երբ 2009-ի սեպտեմբերին պարզվել է, որ Սեյրանը չի կատարել խոստումը, նույն ամսի 29-ին ծնողների համաձայնությամբ երեք երեխային էլ տեղավորել են Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան «Հույս» մանկատանը: 2010 թ. մայիսին, Նանսենի անվ. մանկատունը վերակազմավորվել է գիշերային խնամքի հաստատության, երեխաներից փոքրին` 2006 թ. ծնված Հարություն Հարությունյանին տեղափոխել են «Թռչունյան տուն» գիշերային խնամքի հաստատություն, քանի որ արդեն գիշերօթիկի կարգավիճակ ստացած մանկատունն իրավունք ուներ երեխաներ ընդունել սկսած 6 տարեկանից: Ինչո՞ւ է երեխաների հայրը որոշ ժամանակ լռելուց հետո սկսել պահանջել իր երեխաներին, հայտարարել, որ առանց իր համաձայնության են տարել երեխաներին: Լ. Գինոսյանը ներկայացրեց Աննայի եւ Սեյրանի գրած ձեռագիր դիմումները, որով վերջիններս խնդրում էին երեխաներին տեղավորել մանկատանը, քանի որ նրանց պահելու պայմաններ չունեն: Ղարիբջանյան գյուղում Հարությունյաններին հանդիպել չհաջողվեց, քանի որ տեղափոխվել էին Կապս գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող մի ամայի վայր, որտեղ աշխատում ու ապրում էին մի ֆերմերի անասնագոմում: Մեր ունեցած տեղեկատվությունը հաստատեց նաեւ Լ. Գինոսյանը, ով հասցրել էր լինել Ս. Հարությունյանի նոր «բնակարանում»: «Մի օր եկավ, թե` տիկին Գինոսյան, ես արդեն լավ գործ ունեմ, մնալու տեղ էլ ունեմ, տվեք երեխեքիս տանեմ: Ասի` Սեյրան, ես նախ պիտի գամ տեսնեմ էդ տեղը, համոզվեմ, որ ամեն ինչ նորմալ է, նոր երեխաներիդ կտանես,- պատմում է Լ. Գինոսյանը,- գնացինք, գտանք: Ղարիբջանյանի իրա ապրած տեղը սրա դիմաց փառք էր: Սեյրանն ասում է` երեխեքիս տվեք ինձ, որտեղ ես, էնտեղ էլ իրանք, ապրան` ապրան, մեռան` մեռան: Իրենք յուրովի իրենց երեխաներին սիրում են, բայց չի կարելի էդ պայմաններում երեխա մեծացնել»: 10-ամյա Ռոմանին ու 6-ամյա Սուսաննային հանդիպեցի գիշերօթիկ հաստատությունում: Հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը պատմեց, որ մոտ 3 ամիս, եկած օրվանից, հատկապես Ռոմանը ինտեգրվելու խնդիր է ունեցել: «Ռոմանը չէր խոսում, իսկ հիմա 2-ն էլ արդեն արտասանում են: Երկուսն էլ դպրոց են հաճախում, արդեն տառաճանաչ են,- ասում է Ա. Կարապետյանը,- սովորել են օգտվել պետքարանից, սեղանի մոտ իրենց պահելու ձեւ ունեն արդեն»: Ա. Կարապետյանի փոխանցմամբ` երեխաները ծնողներին սիրում են, սակայն արդեն դժկամությամբ են համակերպվում այն մտքի հետ, որ հայրն իրենց մի քանի օրով տանելու է: Հաստատությունում գոյություն ունեն տեսակցության օրեր, եւ Սեյրանը մշտապես օգտվում է դրանից: Ամանորին երեխաներին 10 օրով տարել է, սակայն հետ է բերել նախկին վիճակով` կեղտոտ, ոջլոտ, ստիպված են եղել Սուսաննայի մազերը կտրել: «Ես Սեյրանին հարցրել եմ, թե ինչու է ինքն այս աղմուկը բարձրացրել, չէ՞ որ մեր շնորհիվ հիմա երեխաների նպաստն էլ է ստանում, ասում է` լավ եմ արել, թող մարզպետն իմանա, որ տուն չունեմ, ինձ տուն տա, ես էլ երեխեքիս տանեմ պահեմ: Բայց որքան գիտեմ` իրենք անօթեւան չեն, տուն ունեցել են, վաճառել են, այսինքն` իրականում պետությունից որեւէ պահանջ չպիտի ունենան, ուղղակի իր արարքով էն տպավորությունն է ստեղծել, որ անօրինական ձեւով երեխաներին խլել են իրենից: Իրականում այս ձեւով երեխաների կյանքն է փրկվել, նրանց հետագա գոյությունն է ապահովվել»,- նշում է Ա. Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter