HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խոշոր ընկերությունները խեղճացնում են փոքրերին

«Սզնի» ՍՊԸ-ն 1993 թ.-ից գործունեություն է ծավալում դեղերի շուկայում: Ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանն ասում է, որ բիզնեսի համար Հայաստանը դժոխքից էլ վատ է, քանի որ օլիգարխները պետական մարմինների աջակցությամբ ոչնչացնում են փոքր ու միջին բիզնեսը: Գ.Սահակյանի ասելով, եթե կարճ ժամանակահատվածում խնդրին լուծում չտրվի, ապա ստիպված է լինելու ունեցվածքը վաճառել եւ 4 զավակների հետ արտագաղթել Հայաստանից: Գառնիկ Սահակյանի բոլոր ջանքերն ապարդյուն են անցել առողջապահության համակագի կոռումպացվածության պատճառով, քանի որ 2010 թ. համար «ՀՀ Գնումների մասին» օրենքի 25 հոդվածի պահանջներին համապատասխան բաց մրցույթների հայտարարությամբ, բացի «ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ից եւ «Վանաձորի թիվ 2 հիվանդանոց» ՊՓԲԸ-ից, ոչ մի այլ հիվանդանոց մրցույթ չանցկացրեց: Արդյունքում հիվանդանոցները 8 անգամ թանկ գնով ձեռք բերեցին 1գ ցեֆտրիաքսոն դեղը, քան առաջարկում էր «Սզնի» ՍՊԸ-ն: Սահակյանը, բացի բուժհիմնարկների տնօրեններից, թույլ վերահսկողություն իրականացնելու համար մեղադրում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ բոլոր մարզպետներին: Գ. Սահակյանի դժգոհության պատճառը հիմնականում այն է, որ պետպատվերի շրջանակներում բաց մրցույթներ կազմակերպող պատվիրատու հիվանդանոցային համալիրները գնվելիք դեղերի եւ բժշկական օգտագործման պարագաների ողջ ցանկի համար տեխնիկական պայմանների շարքում հաճախ պահանջում են մատակարարման պահին 2/3-րդից մինչեւ 50% պիտանելիության ժամկետ` 1-3 տարի եւ 3 տարուց ավելի պիտանելիության ժամկետ ունեցող դեղերի ու բժշկական օգտագործման պարագաների համար: «Սզնին» ցանկացել է մասնակցել «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից «ՊԳԳ-ՊԱՊՁԲ-10/16» ծածկագրով անցկացվելիք դեղերի գնման մրցույթին, որը նախատեսված է բուժհիմնարկների 2011 թ. կարիքները բավարարելու համար, մինչդեռ խոչընդոտներ են ստեղծվել` հիշատակելով վերը նշված 2/3-ից մինչեւ 50% պիտանելիության ժամկետը, որն, ի դեպ, մինչ օրս որեւէ իրավական ակտով կամ օրենքով ամրագրված չէ: ՀՀ պետբյուջեն բուժհիմնարկներին ֆինանսավորում է ընթացիկ տարվա ծախսերի համար եւ դեղերի մատակարարումն էլ կատարվում է ոչ թե միանգամից, այլ` ըստ ամիսների կազմված ժամանակացույցի: «Անհասկանալի է դառնում 3 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղի համար մատակարարման պահին 2 տարի պիտանիության ժամկետ ունենալու ԱՆ ներկայացրած պահանջը, առավել եւս, որ ՀՀ գրեթե բոլոր բուժհիմնարկներում տարիներ շարունակ դեղերի դեֆիցիտ է, չնայած հիվանդները հիվանդանոցների դրամարկղ բավական մեծ գումարներ են վճարում նաեւ բուժման նպատակով անհրաժեշտ դեղերի համար, սակայն հաճախ հարկադրված են լինում ստացիոնար բուժման ընթացքում անհրաժեշտ դեղերը լրացուցիչ ծախսեր անելով գնել դեղատներից»,- ասում է Գ. Սահակյանը: «Սզնիի» տնօրենի կարծիքով` 3 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերի համար 2 տարի մնացորդային պիտանիության ժամկետի նորմատիվ պահանջ կարող են առաջադրել աշխարհում զարգացած տնտեսություն ունեցող եւ զարգացած տեղական դեղագործական արտադրություն ունեցող երկրները: Ըստ նրա` Եվրամիության երկրներն իրենց բոլոր հարեւանների հետ ունեն մաքսային ձեւակերպումներից ազատ բաց սահմաններ, զարգացած ենթակառույցներ: Մինչդեռ Հայաստանը շուրջ 22 տարի գտնվում է տնտեսական շրջափակման մեջ: Եթե դեղը ներմուծվում է ծովով ու ցամաքով, ապա այն Ամերիկա եւ Եվրասիա մայրցամաքների երկրներից մինչեւ ՀՀ մաքսային սահման հասնելը, լաբորատոր փորձաքննություն անցնելը, մաքսազերծելը միջինը տեւում է 4 ամիս: Գ. Սահակյանի հավաստմամբ, ինքնաթիռով էլ ոչ բոլոր դեղաձեւերն է հնարավոր ներկրել (օրինակ` հեղուկ դեղաձեւերը), ինչպես նաեւ նպատակահարմար չէ մեծ խմբաքանակներ ներկրել, քանի որ ապրանքի ինքնարժեքը բարձրանում է առնվազն 25-50%-ով, իսկ փոքր խմբաքանակներ պատվիրելու դեպքում ներկրող ընկերությունը զրկվում է նաեւ առնվազն 20% զեղչից: Ինքնաթիռով ներկրելու ժամանակ հատկապես հեղուկ դեղերի դեպքում ջերմաստիճանային ռեժիմի խախտում է տեղի ունենում: Այդ դեղը կորցնում է բուժիչ հատկանիշները եւ վերածվում է թույնի: «Այդ մարդիկ այս ամենը հաշվի չեն առնում: Նույն սպառողը ստիպված է լինելու 50 տոկոս ավել վճարել դեղերի համար: Պետբյուջեի գումարներով մրցույթներում եւս թանկ գներով են առնելու: Իմ նման մոտ 70 ընկերներ են վնասներ կրում: Մենք զրկվում ենք մրցույթներին մասնակցելու իրավունքից: Խոշոր ընկերությունները դրանից չեն տուժում: Այս ամենի վրա պետական ողջ ապարատը աչք է փակում: Որովհետեւ բոլոր գլխավոր բժիշկները կամ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կամ ՀՀԿ անդամ են, կամ` ԲՀԿ: Ինչպես պատգամավորներին է մանդատը անձեռնմխելիություն տալիս, այնպես էլ այդ կուսակցություններին անդամագրվելը»,- ասում է «Սզնիի» տնօրենը: Գառնիկ Սահակյանը տրամաբանական է համարում առնվազն 2 տարի մնացորդային պիտանիության ժամկետի պահանջը տեղական արտադրության 3 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղերի համար, ոչ թե ներկրվող դեղերի: Ըստ նրա` 3 տարի պիտանիության ժամկետ ունեցող դեղի` տարեսկզբին ներկրած առաջին խմբաքանակ դեղը մրցութային տարին ավարտվելու պահին այլեւս չեն կարող հիվանդանոցին առաջարկել, քանի որ այն տարեվերջին ունենում է մոտ 50%` մեկուկես տարի պիտանիության ժամկետ, այլ ոչ 2 տարի: Հետեւաբար, մատակարար եւ գնորդ փոխհարաբերությունները կրկին տեղափոխվում են կոռուպցիոն դաշտ: «Ինչ վերաբերում է դեղերի կամ բժշկական օգտագործման պարագաների համար ավելորդ, անիմաստ բեռնափոխադրման լրացուցիչ ծախսերին, որի արդյունքում ապրանքի ինքնարժեքը բարձրանում է մինչեւ 50%, ապա այդ ամենի համար, վերջին հաշվով, վճարում է ՀՀ պետբյուջեն, ՀՀ քաղաքացին` գործազուրկն ու թոշակառուն, փոքր բյուջետային աշխատավարձ ստացող քաղծառայողը եւ այլն»,- ասում է Գ. Սահակյանը: «Սզնի» ՍՊԸ-ն մինչեւ 2012 թ. օգոստոսը պիտանելիության ժամկետով ցեֆտրիաքսոն 1գ դեղի բավարար պաշար ունի 2011 թ. ՀՀ-ում դեղերի բաց մրցույթներին մասնակցելու համար: Ընկերության տնօրենը մտավախություն ունի, որ ինչպես 2010 թ., այնպես էլ 2011 թ. բաց մրցույթներ չեն հայտարարվի, եւ իր ընկերությունը մեկընդմիշտ դուրս կմղվի դեղերի շուկայից: «Եթե հիվանդանոցները մատակարարման պահին 2/3-րդից մինչեւ 50% պիտանելիության ժամկետի պահանջ են դնում, ապա առողջապահության նախարարի կողմից տրամաբանորեն նման պահանջ պետք է դրվի նաեւ դեղատնային ցանցում իրացվող դեղերի վրա, քանի որ թե հիվանդանոցային, թե ամբուլատոր պայմաններում նույն քաղաքացիներն են օգտագործում: Քանի որ պետգնումների նոր կանոնակարգով առողջապահության նախարարությունը եւ բուժհիմնարկների տնօրենները պարտավոր են ցանկացած դեղի գնման համար պաշտոնապես ծանուցել ֆինանսների նախարարությունում գրանցված դեղագործական ընկերություններին, բնականաբար, մրցակցության վրա ազդելու այլ լծակներ չունենալով` միակ հաղթաթուղթը դեղերի 2/3 մնացորդային պիտանիության ժամկետի նորմատիվ պահանջը պատվիրատուների կողմից շահարկելն է, որը կբերի դեղերի շուկայում փոքր բիզնեսի ողնաշարը ջարդելուն եւ շուկայի ամբողջական մոնոպոլիզացիայի ավարտին»,- ասում է Գառնիկ Սահակյանը: Նրա ասելով` ցեֆտրիաքսոն դեղը «Սզնին» առաջարկում է 150 դրամով, մինչդեռ որոշ հիվանդանոցներ նույն դեղը գնել են 1500-2000 դրամով: «Ինչո՞ւ 10 անգամ էժան դեղը չի կարող շուկա մտնել, բա սա արդարությու՞ն է, սա մրցու՞յթ է, պետությու՞ն է: Չի կարելի այդ կերպ սպանել մարդկանց: Բերվող պատճառաբանություններն անհեթեթ են»,- ավելացնում է Գառնիկ Սահակյանը: «Սզնի» ընկերության ղեկավարի բարձրացրած խնդրով զբաղվում է նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը: Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանին հասցեագրած նամակում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը 24.02.2011 թ. գրությունով հայտնել է, որ պատվիրատուն ինքն է որոշում իր կարիքների համար գնման ենթակա առարկայի` տվյալ դեպքում դեղերի եւ դեղանյութերի բնութագրերը, եւ իրավասու է, առաջնորդվելով իր համար առաջնային եւ ընդունելի տարբեր չափանիշներով, գնման առարկայի, որակի եւ անվտանգության համար սահմանել ավելի խիստ պայմաններ: Նախարարը կարծում է, որ պատվիրատուի սահմանած պահանջներն իրավաչափ են, իսկ «Սզնի» ՍՊԸ-ի առարկություններն` անհիմն: Իսկ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասել է, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն` լիազոր մարմին է հանդիսանում ֆինանսների նախարարությունը, իսկ առողջապահության նախարարությունն այդ գործընթացում որեւէ կերպ ներգրավված չէ եւ մրցութային հանձնաժողովի մերժման որոշումը բողոքարկելու որեւէ իրավասություն չունի: Հ.Գ. Պետական գնումների մրցույթների անցկացման եւ արձանագրված հակամրցակցային կանոնների խախտման դեպքերին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter