HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Քաղաքապետը սեփական բիզնես ծրագիր է մշակել

Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 2009 թվականին: Տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում համատեղ ռազմավարության հիման վրա ստեղծված «ԵվրոԿովկաս» տարածաշրջանային միավորը ընդգրկում է հայ-վրացական ամբողջ սահմանը և ունի 2 կառույց Հայաստանում և Վրաստանում:

Հայաստանյան ենթամիավորը կոչվում է «Եվրոռեգիոն Հայաստան»: Այն միավորում է Հայաստանի 3 հյուսիսային մարզերը` Լոռի, Շիրակ և Տավուշ: «ԵվրոԿովկասը» նպատակ ունի համատեղ ծրագրերի և զարգացման գործողությունների միջոցով երկու երկրների միջև ստեղծել սոցիալ-տնտեսական, կրթական-մշակութային, էկոլոգիական համագործակցություն, ինչպես նաև խթանել փոքր ու միջին բիզնեսի և տուրիզմի զարգացմանը: «ԵվրոԿովկասը» ղեկավարվում է անդրսահմանային համագործակցության խորհրդի կողմից, որն ունի 5-ական ներկայացուցիչ Հայաստանից և Վրաստանից: Հայկական կողմից համանախագահների ինստիտուտի կազմում է նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Նա մարտի 11-ին պայմանագիր ստորագրեց անդրսահմանային համագործակցության շրջանակում Վանաձոր համայնքում իրականացվելիք առաջին ծրագրի վերաբերյալ: Վանաձոր համայնքից բացի պիլոտային ծրագրեր են նախատեսված նաև Լոռու և Տավուշի մարզի ևս 4 համայնքներում` Դիլիջան, Իջևան, Ալավերդի և Տաշիր:

Համագործակցության շրջանակում սրանք հայկական և վրացական համայնքներում ներդրվող առաջին պիլոտային ծրագրերն են, որոնք կյանքի են կոչվում Նիդեռլանդների կառավարության և նիդեռլանդական 2 կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Ինչպես նշեց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, դրանք փոքր ծրագրեր են, մեծ ֆինանսներ չեն նախատեսում, յուրաքանչյուր համայնքի համար` 5 հազար եվրո: Բայց կան նաև համաֆինանսավորվող ծրագրեր:

Օրինակ` տուրիզմի ծրագիրը ֆինանսավորվում է նաև ֆրանսիական գործընկերների կողմից. տուրիզմի ծրագրով մեկ համայնքին հատկացվելիք գումարը համաֆինանսավորմամբ կկազմի 30 հազար եվրո: Ծրագրերը ամենատարբեր ուղղվածության են: Օրինակ Վանաձոր-Տաշիր տարածաշրջանում ներդրվող ծրագիրը, Էմին Երիցյանի փոխանցմամբ, վերաբերում է փոքր և միջին բիզնեսի և տեղական արտադրության զարգացմանը: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի` երեկվա ստորագրած պայմանագիրն էլ տեղական արտադրության և բիզնեսի զարգացմանն է վերաբերում: Բայց, ինչպես պարզվեց, նա ծրագրերը նպատակաուղղելու է միայն բիզնեսին և առաջնորդվելու է իր սեփական մշակած բիզնես ծրագրով:

Նրա ասելով` քանի որ ներդրվող ծրագրերը փոքր ֆինանսական հնարավորություններ ունեն, դրա համար նպատակահարմար չէ այդ գումարները ծախսել քաղաքային համայնքներում: Ինչպես Դարբինյանն է համոզված, 5, 10 հազար եվրոյանոց ծրագրերով Վանաձորում հնարավոր չէ արտադրություն կազմակերպել: «Ասենք 10 հազար եվրո տրամադրում ենք քիմգործարանին, որը նրա համար ոչինչ չի նշանակելու, ավելի լավ չի՞ չտանք»,-ասում է քաղաքապետը:

Բացի դրանից, նրա ասելով, Վանաձորում բոլոր արտադրությունները մասնավոր են: Իսկ մասնավոր արտադրություններին գումար հատկացնելը քաղաքապետը նույնպես անիմաստ է համարում: «Մասնավորի մեջ չենք կարող գումար դնել ու պարտադրել, որ ինչ-որ աշխատանք անի»,- կարծում է նա: Քաղաքապետը համոզված է, որ այդ գումարները պետք է բիզնես նպատակներով իրացվեն գյուղական համայնքներում:

«Մանր և միջին բիզնեսի ծրագրերը, կարծում եմ, պետք է տարվի գյուղ: Էդ գումարներով գյուղացիների համար պետք է անասուններ առնենք և տանք իրենց: Ասենք` 10 հազար եվրոյի անասուն առնենք` կովեր, ոչխարներ, հավեր: Մի ընտանիքին` 20 հավ, մի ընտանիքին` 5 ոչխար, մեկին` 1 կով կտանք և կպահանջենք, որ 2 տարի հետո, եթե կով ենք տվել, հորթ տա, եթե ոչխար ենք տվել, 1,5 տարեկան գառ տա, եթե հավ ենք տվել, հավը աճացնի, 10 հատ էլ իրա հարևաններին տա»,-իր ծրագիրն է պարզաբանում քաղաքապետը:

Նրա ասելով` դարձյալ ոչ մեծ հատկացումների պատճառով ծրագրերը չեն կարող մեծ թվով գյուղեր ընդգրկել: Նրա ասելով` ծրագիրը նախապես կարող է աշխատել ասենք մի 10 գյուղում: Ընտրվելու են միջին զարգացվածության գյուղական համայնքներ: «10 ընտանիքի եթե ընդառաջում ենք, 2-3 տարի հետո ընտանիքը առաջընթաց կունենա, միջինից կբարձրանա դեպի լավը»,-բացատրում է նա:

Քաղաքապետի կարծիքով` ծրագրի մեջ նախ պետք է քաղաքամերձ գյուղերն ընդգրկվեն, օրինակ` Խնձորուտ, Արջուտ, Լեռնապատ: Ընդ որում` ֆինանսական հատկացում նա ոչ թե առանձին ընտանիքների, այլ ամբողջ գյուղի համար է նախատեսում. «Եթե մի գյուղում 10 ընտանիքի` ամենքին 1000 եվրո տանք, չի երևա, եթե յուրաքնաչյուր ընտանիքի 1000 եվրո տանք, արդեն կերևա»:

Հողագործության համար էլ Դարբինյանը իմաստ չի տեսնում` գումարներ ծախսելու: Նրա ասելով` նախ մեծ գումարներ են պահանջվում, բացի այդ, կառավարությունը ծրագրեր իրականացնում է հողի աշխատավորի համար: Իսկ իր քաղաքում Վանաձորի քաղաքապետն առայժմ միայն տուրիզմի ծրագիրն է նպատակահարմար տեսնում: «Լոռու մարզում դրսի մարդկանց բավականին ցույց տալու բան ունենք` Հաղպատ, Սանահին, Օձուն, Ստեփանավան,- ասում է քաղաքապետը:- Վանաձորն էլ ասենք իրա հյուրանոցով, իրա ռեստորանային համակարգով: Պետք է ծրագիր կազմենք` ուր պետք է տարվի, ինչ պետք է արվի էդ մարդկանց հետ` հյուրանոցում տեղավորելու, նրանց զբաղեցնելու և այլն և այլն» (Իսկ տուրիստներին «տանելու», «հյուրանոցում տեղավորելու», նրանց «զբաղեցնելու» համար քաղաքապետ Դարբինյանը Վանաձորում սեփական հնարավորություններն շատ ունի` սեփական կամ տոհմակիցների անուններով ձևակերպված հյուրանոցային և ռեստորանային համալիրներ, ժամանցի վայրեր, խանութներ, տաքսի ծառայություն-հեղ.): Ներդրվող ծրագրերից քաղաքապետ Դարբինյանը նոր աշխատատեղեր չի ակնկալում: «Յուրաքանչյուր ծրագրով 5-10 աշխատատեղ էլ բացվի, արդեն բավականին առաջընթաց կլինի»,-հուսադրում է նա:

Նաև նշում է, որ դրանք ժամանակավոր աշխատատեղեր են: Քաղաքապետի գլխավոր մտահոգությունը «ժամանակավոր» ծրագրերի «ժամանակավոր» ֆինանսավորումն է. «Պետք է հասնենք էն բանին, որ ֆինանսավորումը 1 անգամ չլընի ու ավարտվի: Պետք է աշխատենք, որպեսզի էդ ֆինանսավորումները անընդհատ ըլնեն»,- ասում է Վանաձորի քաղաքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter