HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Թե ինչու 20-ամյա տղան սպանեց հարազատ հորը

Փետրվարի 20-ի մամուլը հեղեղված էր լուրերով, որ 21-ամյա որդին կացնով սպանել է հարազատ հորը: Տուն վերադառնալով` տիկին Անահիտը որդուն` Տիգրանին գտավ միջանցքում` պատի տակ ընկած: Նա ձեռքով սենյակն էր ցույց տալիս: Մայրը որդու ձեռքերին արյուն նկատեց: «Գնացի մտա սենյակ, ահավոր մի բան տեսա… հասկացա… Ընկածին չեմ մոտեցել, կացինը հատակին էր, ձեռք չեմ տվել»,- պատմում է տիկին Անահիտը: Մոր ասելով` որդու վիճակը այդ պահին ծանր էր. «Չէր խոսում: Միայն ձեռքով շարժումներ էր անում: Հասկացա, որ նոպայի մեջ է…»: Տիկին Անահիտը անմիջապես բարձրացավ հարևանի տուն` շտապօգնություն զանգելու: Շտապօգնության հերթապահներից բացի դեպքի վայր ժամանեցին հոգեբուժարանի աշխատակիցներ ու ոստիկաններ: Երբ ներարկումից հետո Տիգրանը փոքր-ինչ հանգստացավ, ոստիկանները նրան մոր հետ տեղափոխեցին ոստիկանության Վանաձորի բաժին` Տիգրանից մատնահետքեր վերցնելու: Հետո մի քանի ժամ էլ մայր ու որդի դատարանում սպասեցին դատավորին, որպեսզի վերջինս որոշում կայացնի, թե ուր է տեղափոխվելու Տիգրանը: Դատավորն այդպես էլ չեկավ, իսկ իրավապահները Տիգրանին տեղափոխեցին Լոռու մարզի նյարդահոգեբանական դիսպանսեր` չնայած դեպքի հաջորդ օրը քննիչ Արթուր Պողոսյանը հավատացնում էր, թե անձը դատարանի որոշմամբ է տեղավորվել դիսպանսերում: Անձամբ դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը առարկություն ուներ Տիգրանի` դիսպանսերում մնալու վերաբերյալ: Սկզբում նա «Հետքին» հայտնել էր, թե Տիգրան Գյուլբենկյանը որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ դիսպանսերում, ուստի` «անելիք չունի» այնտեղ: Ավելի ուշ փոխանցել էր, որ Տիգրանը փոքր տարիքում գրանցվել է որպես նևրասթենիկ հիվանդ, բայց ստացիոնար բուժումների չի հաճախել. ուստի` նա շարունակում էր պնդել, թե Տիգրանը ժամանակավորապես է «ի պահ տրվել» դիսպանսերում մինչև տեղափոխվելը: Տիգրանի մայրը, սակայն, համոզված է, որ իրականում որդին ավելի լուրջ հոգեկան խնդիրներ ունի, քան նևրասթենիան է, և որ դեպքի պահին Տիգրանը անգիտակից վիճակում է եղել: Առավել ևս, որ, նրա ասելով, հոգեկան հիվանդությունը «նրանց ժառանգականության մեջ է»: «Մեր 7 պորտը գնում ա»,- ասում է տիկին Անահիտը: Նրա խոսքով` իր բարեկամների մեջ շատ են գրանցված և չգրանցված հոգեկան հիվանդները. նրա մայրն էլ հոգեկան հիվանդությունից է մահացել: Պնդում է, որ հիվանդությունը Տիգրանի մոտ էլ է արտահայտվել: Իր ասելով` հիվանդության առաջին բռնկումը որդու մոտ նկատել է 5 տարեկանում. մայրը ջղայնացել է Տիգրանի վրա, նա էլ, մոր կոկորդը ձեռքերով սեղմելով, սկսել է խեղդել նրան: Իսկ հանգստանալուց հետո լաց է եղել: «Հետո նկատում էի` պահի տակ ջղայնանում ա, ինչ-որ ձեռքն էր ընկնում, շպրտում էր գետնին, պահի տակ նույնիսկ ինձ էր ուզում ինչ-որ վնաս տար` ձեռքս էր ճանկռում, քաշքշում էր, խփում էր»,- ասում է մայրը: Լոռու մարզի նյարդահոգեբանական դիսպանսերի տնօրեն, հոգեբույժ Գայանե Քալանթարյանը հաստատում է, որ Տիգրան և Անահիտ Գյուլբենկյանները դիսպանսերում գրանցված են նևրասթենիա հիվանդությամբ: Բայց, հոգեբույժի փոխանցմամբ, նրանք 2-ն էլ հոգեպես առողջ են: Ավելին, ըստ նրա, դեպքի օրը Տիգրանը հանգիստ, հավասարակշիռ վիճակում է եղել: «Դիսպանսեր ընդունվելու պահին փոքր-ինչ ընկճված է եղել, բայց նրա մոտ փսիխոտիկ երևույթներ, հոգեկան հիվանդության նշաններ այդ և հաջորդ 3 օրերի ընթացքում չեն եղել»,-ասում է Գայանե Քալանթարյանը: Հոգեբույժի խոսքով` եթե նույնիսկ գերների մեջ կա հոգեկան հիվանդություն, դա չի նշանակում, որ այն անպայման պետք է փոխանցվի. «Եթե այդպես լիներ, մեր երկրում ոչ մի առողջ մարդ չէր լինի»,- ասում է Գ.Քալանթարյանը: Վերջինս համոզված էր, որ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունն ստացվելուց հետո Տիգրանը չէր մնալու դիսպանսերում: Բայց բժշկուհու սպասելիքները ավելի շուտ իրականացան: Դեպքից 3 օր անց Տիգրան Գյուբենկյանը տեղափոխվեց Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա` ստացիոնար փորձաքննության` հոգեկան վիճակը ստուգելու և անմեղսունակության վարկածը քննելու համար: Տիգրան Գյուլբենկյանը տան միակ երեխան է: Միջնակարգ կրթություն է ստացել: 2 դպրոց է փոխել` միջին առաջադիմությամբ: Տիգրանի ուսուցիչները նրան բնութագրում են որպես ինքնամփոփ, չշփվող և խիստ զգայուն երեխայի: Դպրոցում նրա մասին իմացել են, որ նա սոցիալապես անապահով ընտանիքից է և «ճնշվում է իր սոցիալական խեղճությունից»: Բայց հոգեկան շեղումներ ուսուցիչները նրա մոտ չեն նկատել: Իսկ ինչպիսին էր Տիգրանի կյանքը տան պատերի ներսում: Աչքը բացելով` նա հարբեցող հայր է տեսել և թշվառություն: Տիգրանի հայրը` Սերյոժա Ղուբաթյանը, 40 տարվա հայտնի հարբեցող էր: Հարբեցողության պաճառով նրանից նույնիսկ հարազատ քույրն ու եղբայրն են երես թեքել: Վերջերս որպես հարբեցողի` նրան նույնիսկ փորձել էին հաշվառել նյարդահոգեբանական դիսպանսերում, բայց Սերյոժան հրաժարվել էր բուժվել և տուն էր վերադարձել: Սերյոժան Տիգրանի կենսաբանական հայրն էր, բայց այդպես էլ մինչև վերջ չէր ճանաչել իր որդու հայրությունը: Մայրը Տիգրանին իր ազգանունն էր տվել և միտքը եկած առաջին անունը` որպես հայրանուն: Տիգրանի ծննդյան պահին ծնողները միասին ապրելիս չեն եղել: Հետո, երբ բնակարան ստանալու հարց է առաջ քաշվել, կրկին միացել են: Եվ այդ օրվանից Տիգրանն ու մայրը 21 տարի ստիպված ապրել են հարբեցողի հետ միևնույն հարկի տակ: Սերյոժան երբեք չի աշխատել: Մի երկու տեղ պահակ է ընդունվել, բայց հարբեցողության պատճառով նրան ամեն տեղից վռնդել են: Ընտանիքի հոգսը միշտ տիկին Անահիտի վրա է եղել: Նա էլ «ցամաք հացի խնդիր է լուծել»: Ասում է, որ եթե հնարավորություն ունենար տնից հեռանալու, վաղուց հեռացած կլիներ: Քանի անգամ ինքն ու որդին փորձել են վաճառել բնակարանն ու հեռանալ, բայց Սերյոժան խանգարել է, գնորդներին հետ ուղարկել: Մոր ասելով` Տիգրանը միշտ ամաչել է հարբեցող հոր համար, որ նա, փողոցներն ընկած, խմելու փող է հավաքել: «Ինձ մուրացկանի տղա են ասում»,- միշտ գանգատվել է մորը: «Աչքը բացած օրվանից հորը չէր կարում տաներ»,- ասում տիկին Անահիտը և շարունակում պատմել ամուսնուց. «Սերյոժան իր մորը ծեծում էր, հալածում էր իր մորը: Թոշակառու, ծեր կին էր. նրա փողերը խլում էր, որ գնար խմեր: Քանի անգամ էդ կնոջը մահից եմ փրկել: Քանի անգամ Տիգրանն է եկել մեջտեղ, թե տատիկիս մի խփի: Մոր մահից հետո էլ բևեռվել էր Տիգրանի վրա, ասում էր` կամ քո դիակը, կամ իմ»: Ինչպես տիկին Անահիտն է պատմում, ամուսինը ամենատարբեր բռնություններ է գործադրել իր և որդու նկատմամբ, ընդհուպ մինչև սեռական ոտնձգություն: Դեպքի օրը Սերյոժան իր հարբեցող ընկերոջ հետ սովորականի պես խմել է տան պատշգամբում: Ընկերոջ գնալուց հետո Տիգրանը հորը տարել է սենյակ, որ պառկեցնի նրան: Հայրը չի ենթարկվել, ապա անկողնու տակից հանել է կացինն ու հարձակվել Տիգրանի վրա: «Եթե տանը լինեի, շատ-շատ անգամների նման էդ օրն էլ կանցներ կգնար, ու դեպքը չէր պատահի, ու հիմա իմ Տիգրանը իմ կողքին կլիներ»,- համոզված է տիկին Անահիտը: Ապա ավելացնում է. «Ինքը մտածված ուզեցել ա, որ ինձ ու իմ էրեխուն վերջացնի, դա իրա մտքում էղելա: Էդ անգամ էլ հենց ինքնա կացինը հանել, որ խփի: Հարձակվել ա, նա էլ պետք ա պաշտպանվեր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter