Քաղաքապետը նույնիսկ համասեփականտե՞ր չէ «էլիտար» շենքում
Վանաձորի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների հատման հյուսիսարևելյան մասում գտնվող երկրաշարժից ավերված «Ֆոտոէտյուդի» շենքի տարածքը, որ վանաձորցիներին հայտնի է «էլիտար փոս» անունով, նախատեսված է էլիտար բազմաբնակարան շենք կառուցելու համար: Շինարարությունն իբր թե սկսվել է 2007-ից, բայց մինչև 2010 թվականը միայն հողային աշխատանքներ են արվել` հազիվ «փոսն» է փորվել:
2010-ի վերջերին շինարարությունը կարծես թե վերսկսվեց, բայց հիմա էլ եղանակային պայմանների պատճառով կանգ առավ: Հիշեցնենք, որ «Հետքը» պարզել էր, որ վերսկսված շինարարության համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը բացակայում են:
Շենքի կառուցումն ավարտելուց հետո նախատեսվում է բնակարանները վաճառքի հանել: Բնակարանների գները, սեփականատեր Արթուր Վարդանյանի փոխանցմամբ, դեռ որոշված չեն, բայց շենքի կառուցումն ավարտելուց հետո դրանք պարզ կդառնան:
Նրա կանխատեսումով` բնակարանները պետք է որ վաճառվեն. «Դե կարող ա` 1 տարում չգնվի, 3-4 տարում գնվի, բայց վաճառքը արվելու ա»,-համոզված է նա:
Նոր էլիտար շենքում նախկին ֆոտոէտյուդի շենքի 12 ընտանիքներին բնակարանով ապահովելու պայմանը, Արթուր Վարդանյանի ասելով, ինքը նախապես է իմացել` չնայած որ հաստատ չի հիշում` տարածքի աճուրդի ժամանա՞կ է տեղեկացվել այդ մասին, թե՞ աճուրդից առաջ: «Չեմ հիշում, կարող ա հայտարարության մեջ էլ ըլներ: Երևի ըլներ, քանի տարի ա անցել»,-ասում է նա:
Այդ պայմանի կատարումով նրա «բիզնեսը», ինչ խոսք, կտուժի, բայց, իր ասելով, ինքն այլընտրանք չի ունեցել. «Վնաս կրելու ենք, այսինքն` օգուտն ավելի քիչ կլինի, ինչ որ նախատեսված էր: Բայց դե ինչ արած, պայմանն էդ էր` կամ պետք ա համաձայնվեի կամ հրաժարվեի»:
Հիշեցնենք, որ նախկին «ֆոտոէտյուդի» շենքի տարածքը Արթուր Վարդանյանի տնօրինությանն էր անցել պայմանով, որ, 3 տարվա ընթացքում շենքը կառուցելով` նախկին «ֆոտոէտյուդի» շենքի 20 ընտանիքներ պետք է ապահովվեին էլիտար բնակարաններով: Հակառակ դեպքում համայնքը պետք է փոխհատուցեր բնակիչներին նրանց բնակարանների շուկայական արժեքի չափով:
Պայմանագիրը բնակիչների հետ կնքել էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Հիշեցնենք նաև, որ պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով «ֆոտոէտյուդի» բնակիչներից մեկը դատական հայց էր ներկայացրել քաղաքապետ Դարբինյանի դեմ: «Հետքն» արդեն անդրադարձել է այս փաստերին:
«Էլիտար փոսի» սեփականատեր, «էլիտար» շենքի կառուցապատող-շինարար, «Վիմպերգ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Վարդանյանն այդպես էլ ոչ մի կերպ չի կարողանում հիշել, թե որքա՞ն է ինքը վճարել «էլիտար փոսի» համար (այն վաճառվել է 10 մլն 56 հազար 800 դրամով- հեղ.), քանի՞ տարով էր ձեռք բերել շինարարության թույլտվությունը (այն տրվել էր 2007-ին` 2 տարի ժամկետով), քանի՞ անձ էր մասնակցում հողամասի օտարման աճուրդին (աճուրդի մասնակիցների թիվը 4-ն էր):
Նշված հարցերին «էլիտար» շենքից անտեղյակ Արթուր Վարդանյանը հետևյալ պատասխաններն է տալիս. «12-13 մլն եմ տվել տարածքի համար, հիմի կոնկրետ թվերը չեմ հիշում: Թույլտվությունը 3 տարով ա եղել: Շինարարությունը ձգձգվել ա: Դիմում եմ գրել, երկարաձգել են: Երբ էր, չեմ կարա հիշեմ թենց: Աճուրդի մասնակիցների թիվը սենց չեմ հիշի, բայց կային` կարող ա` 4 ըլներ, 5 ըլներ»:
Նա, բնականաբար, չի հիշում նաև աճուրդում հողամասի մեկնարկային և վաճառքի գները. «Կար, տարբերություն կար` մի քանի միլիոնի»:
Իսկ տարբերությունը, իրականում 1 մլն 933 հազար 960 դրամ է եղել:
Սեփականատիրոջ փոխանցմամբ` շենքի շինարարության համար արդեն 30-40 մլն դրամ է ծախսվել: Իսկ գումարները, նրա ասելով, վարկով են ձեռք բերվում:
Եվ զարամանալի է, որ վարկով աշխատող կազմակերպությունը հրաժարվել է առանց տոկոսի տրամադրվող ֆինանսական աջակցությունից. խոսքը 2011 թվականի համայնքային բյուջեով «էլիտար» շենքի շինարարության համար նախատեսված 100 մլն դրամի մասին է, որը, ըստ պայմանի, պետք է համայնքին վերադարձվեր շինարարության ավարտից հետո 2 տարվա ընթացքում:
Քաղաքապետ Դարբինյանին չի զարմացնում, որ կառուցապատող-շինարարը հրաժարվում է նշված գումարից. «Երևի ֆինանսական աղբյուրներ են գտել, կամ շահույթի նոր աղբյուր է բացվել»,-ասում է քաղաքապետը:
Արթուր Վարդանյանն էլ իր որոշումը պատճառաբանում է նրանով, որ «ինքն առայժմ այդ փողի կարիքը չունի»: Իսկ սկզբում համաձայնել է այդ գումարին, որովհետև, իր ասելով, «այն ժամանակ իր վարկային գումարներն այդքան մեծ չեն եղել»:
Ասում է նաև, որ ֆինանսապես աջակցելու նախաձեռնությունը համայնքինն է եղել. «Դե դա իրանք են նախաձեռնել, դա ես չեմ կամեցել»:
Քաղաքապետն էլ ասում է, թե կազմակերպությունն է դիմել համայնքի օգնությանը:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը սկզբում տեղյակ չէր այդ համաձայնագրից` չնայած գրավոր փաստաթղթի մեջ առկա է նրա ստորագրությունը: Հիմա նա այլ բան է ասում. նրա ասելով` իր և համայնքի ղեկավարության միջև նշված գումարի վերաբերյալ սկզբում բանավոր համաձայնություն է ձեռք բերվել, ապա ամրագրվել է փաստաթղթով:
«Համաձայնագիրը գրվել ա երևի նոյեբերի վերջերին կամ դեկտեմբերի սկզբներին, չեմ հիշում սենց կոնկրետ, գրավոր համաձայնագիր ա էղել»,-արդեն հաստատում է Արթուր Վարդանյանը:
Իրականում համաձայնագիրը կնքվել է 2010 թվականի նոյեմբերի 5-ին:
Վանաձորում բոլորը գիտեն, որ «էլիտար» շենքը քաղաքապետ Սամվել Դարբինյանինն է: Նա իհարկե ժխտում է դա, առավել ևս, որ սեփականության իրավունքը իր անունով չէ: Ուստի` որպես սեփականատեր` քաղաքապետը մատնանշում է «Վիմպերգ» կազմակերպությունը` ի դեմս տնօրեն Արթուր Վարդանյանի:
Իրեն էլ նույնիսկ համասեփականատեր չի ճանաչում. «Գիտեք ինչ,-ասում է քաղաքապետ Դարբինյանը,-էս քաղաքում ինչ կառուցվեց, իմ անունը շոշափվեց, որ ես համասեփականատեր եմ էնտեղ: Նույնը կողքի սրճարանին էր վերաբերում, նույնը դրա կողքի բանկին: Էդ նույն ձևի սա էլ կշոշափվի, կանցնի կգնա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել